Բաժիններ՝

«Մարդը» ցուցահանդեսում սոցիալական խնդիրներն արծարծվում են նկարների միջոցով

Օրերս «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարդը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին Լիա Մխիթարյանի, Լիլիթ Ստեփանյանի և Տաթևիկ Մկրտչյանի աշխատանքները:

168.am-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Լիա Մխիթարյանն ասաց, որ վեց ամիսների ընթացքում ստեղծված 80 աշխատանքներից ընտրել են մոտ երեսունը: «Այս ցուցահանդեսին ներկայացրել ենք նկարազարդ պատմություններ, որոնք որոշակի սոցիալական խնդիրների մասին են պատմում: Ծրագրի իմաստն այն է, որ մենք փորձենք հանրային խնդիրները բարձրացնել արվեստի միջոցով»,- պատմում է Լիան:

Վերջինս ընդգծում է, որ իրենք չենք բարձրացրել այն խնդիրները, որոնք լրատվամիջոցներով անընդհատ արծարծվում են. «Ավելի շատ ներկայացված են առօրյա թեմաներ, որոնք մարդիկ ապրում են: Դրանք են՝ կարծրատիպերի կոտրումը, լավատեսության սերմանումը, զգայարաններին և զգացմունքներին վստահելը և այլն»:

Մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանում առաջին անգա՞մ է կազմակերպվում նման ֆորմատի ցուցահանդես, Լիան պատասխանեց. «Ես չեմ տեսել, որ Հայաստանում սոցիալական խնդիրների արծարծմանը նվիրված ցուցահանդես կազմակերպվի: Հնարավոր է, որ եղել է, և մենք չենք նկատել: Բայց նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը Հայաստանում այնքան էլ տարածված երևույթ չէ: Շատ լավ է, որ հիմա այն կա»:

Լիան ցանկանում է, որ նմանատիպ ցուցահանդեսների միջոցով զարգանա սոցիալական արվեստը. «Ծրագրի նպատակն է, արվեստը լրագրության հետ միահյուսելով, բարձրաձայնել սոցիալական հիմնախնդիրները: Իհարկե, հիանալի կլինի, որ մարդը ցուցադրված սոցիալական խնդիրները տեսնելով՝ իր ներսում ինչ-որ բան փոխի»:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև բեմանկարիչ, գրաֆիկ դիզայներ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքները, որոնք կրում էին «Don’t beat your children. Keep smiling», «High heels destroy your feet, don’t wear so much make-up», «Don’t spit, don’t yell», «Save nature, just love stray dogs» և այլ խորագրեր: Լիլիթը հիմնականում կենտրոնացել է մարդու հոգեվիճակի և նրա դրական և բացասական զգացողություններն արտահայտող խնդիրների վրա. «Բոլորին հատկապես դուր են եկել երթևեկության նշաններով արված նկարները, որոնք ստեղծված են հատուկ հայերի համար՝ այն առումով, որ արծարծված խնդիրները հիմնականում մեզ են բնորոշ:

Այդ խնդիրներից է, օրինակ, «Բարձրակրունկ կոշիկներ հագնելու» խնդիրը: Իհարկե, շատ գեղեցիկ է, բայց այն վնասում է առողջությանը: «Բարձրակրունկ կոշիկներ հագնելու և ոտքերը վնասելու» նշանը չեմ կարծում, որ երբևէ կդրվի մեր քաղաքում, բայց շատ կուզենայի, որ այն դրվեր: Նույն ձևով՝ «Արգելվում է երեխաներին հարվածել» նշանը: Փողոցում շատ եմ նկատում, որ ծնողները երեխաներին հարվածում են. դա շատ ցավալի է»:

Լիլիթն ավելացնում է, որ իրենք փորձել են սոցիալական խնդիրները ներկայացնել ոչ թե տեքստի, գրականության, այլ արվեստի միջոցով. «Չեմ կարծում, որ նկարները միանգամից կազդեն մարդկանց գիտակցության վրա, դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Եթե մարդկանց հիշողության մեջ նկարները մի փոքր էլ տպավորվեն, արդեն իսկ արդյունք կլինի ինձ համար: Նման ցուցահանդեսները պետք է շարունակական լինեն»:

Իսկ Տաթևիկ Մկրտչյանի ներկայացրած նկարները հիմնականում առնչվում են էմոցիոնալ խնդիրներին: «Օրինակ՝ նկարներից մեկը վերաբերում է նրան, որ կյանքի ռիթմի մեջ վազելուց պետք է մի պահ կանգնել և նայել, թե շուրջն ի՞նչ է կատարվում. հնարավոր է՝ կարևոր բաներ են կատարվում: Կամ՝ ներկայացրել եմ մի գործ, որը վերաբերում է այն բանին, որ պետք է վստահել զգայարաններին, որոնց երբեմն չենք վստահում: Մյուս աշխատանքս էլ վերաբերում է տեսակետներին: Յուրաքանչյուր մարդ իր տեսակետն ունի, և պետք չէ ժխտել միմյանց ասածները»,- պատմում է Տաթևիկը:

Ըստ նրա՝ ցուցահանդեսի ցանկացած ֆորմատ լավ միջոց է մարդկանց գիտակցության վրա ազդելու համար. «Եթե նրանց մեջ ցուցահանդեսներից ինչ-որ հետք մնա՝ արդեն լավ է»:

Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մինչև դեկտեմբերի 6-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս