«Ես չեմ փոխել ո՛չ իմ անունը, ո՛չ ազգանունը, ո՛չ քիթը»

Ասում է ֆրանսաբնակ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը

Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը վերջերս Հայաստան էր այցելել: 168.am-ը, բաց չթողնելով առիթը՝ զրուցել է օպերային երգչի հետ:

– Մուրադ, այս անգամ ի՞նչն է Ձեզ Հայաստան բերել:

– Ամեն անգամ Հայաստան գալու ամենակարևոր առիթը նոր էներգիաներով լիցքավորվելն է: Չնայած որ Մուրադ Ամիրխանյանը Հայաստանից մեկնել է և Ֆրանսիայում է բնակվում, միևնույն է՝  նա այստեղ է ապրում:

– Իսկ այս անգամ որևէ գործնական նպատակո՞վ եք եկել:

– Այո: Կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի (Adolph Hasse) «Վանեսիոն և Լարինդան» կատակերգական օպերան եմ ցանկանում այստեղ անպայման կատարել: Հիմա այդ աշխատանքների մեջ եմ, պատրաստվում եմ, որ ապրիլի 13-ին բոլորին հրավիրեմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվելիք կատակերգական օպերային, որը կտևի ընդամենը մեկ ժամ: Երբ ասում ենք՝ օպերա, մեզ թվում է, թե այն ավելի քիչ հանդիսատեսի համար է նախատեսված: Ես ցանկանում եմ հեղափոխություն կատարել և բոլորի ուշադրությունը սևեռել 18-րդ դարի այս ժանրի վրա:

– Այս օպերան այլ երկրներում ներկայացվելո՞ւ է:

– Անցյալ տարի Ֆրանսիայում առաջին անգամ այս օպերան ես եմ կատարել, և քանի որ այն մեծ հաջողություններ ունեցավ, որոշեցի այն ներկայացնել միջազգային այլ փառատոներում ևս: Ցանկացա նաև իմ ուրախությունը կիսել իմ երկրի հետ և շուտով այն կներկայացնեմ հայաստանյան հանդիսատեսին:

– Ո՞վ է ֆինանսավորումը կատարել, և ովքե՞ր են Ձեզ հետ միասին Հայաստան գալու:

– Ֆինանսավորումը կատարվել է «Էյր-Ֆրանս» ավիաուղիների կողմից: Ինձ հետ Հայաստան են գալու  ֆրանսուհի Ան-Շառլոտ Մոնվիլը և բեմադրիչ Բրունո Ստրեֆը:

– Արդեն 12 տարի է, Ֆրանսիայում եք բնակվում: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս Փարիզում հայտնվեցիք:

– Ես ուզում էի ավելի ուշ այս մասին խոսել, բայց քանի որ հարցը հնչեց, այն չեմ շրջանցի: Փարիզ մեկնելը պատահական չէր: 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ երկու ամսով մեկնեցի Ֆրանսիա՝ մոռանալու երկրաշարժից հետո ստացած վերքերս, Ֆրանսիան մորմոքեց վերքերս և ինձ ձեռք մեկնեց: Հետո վերադարձա Հայաստան, ընդունվեցի Կոնսերվատորիա, երգեցի մեր հայտնի օրկեստրների հետ, որից հետո որոշեցի կրկին մեկնել Եվրոպա: Ֆրանսիան կանչում էր ինձ, և ես էլ նրան որդեգրեցի՝ որպես իմ երկրորդ հայրենիք:

– Կարելի՞ է ասել, որ օպերային երգչի Ձեր կարիերան սկսվեց հենց Ֆրանսիայում:

– Իմ կարիերան սկսվել էր Հայաստանում, ես մեծ բեմը ճանաչել եմ այստեղ: Ֆրանսիայում ես ամեն ինչ սկսեցի զրոյից, ընդունվեցի բարձրագույն հաստատություններ: Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ ես թերթեցի էջը և Հայաստանում ձեռք բերած հիմքի վրա հիմքեր գցելով՝ կառուցեցի իմ բարձրահարկ շենքը:

– Դուք բազմաթիվ համերգներ եք ունեցել և՛ Հայաստանում, և՛ մի շարք այլ երկրներում: Դրսի և ներսի հանդիսատեսի միջև կա՞ն տարբերություններ:

– Հայաստանյան հանդիսատեսն ավելի խիստ է, դա ինձ դուր է գալիս, քանի որ ես էլ եմ իմ նկատմամբ բավականին խստապահանջ: Ես կատարելություն սիրող անձնավորություն եմ, կարծում եմ, որ պետք է պրոֆեսիոնալ լինել: Եթե չկարողանաս էլ, ապա պետք է փորձել: Մենք՝ հայերս, կամաց-կամաց սա հասկանում ենք,: Որքան էլ ասում են, որ մարդիկ թողնում և հեռանում են Հայաստանից, միևնույն է, ես այստեղ բավական մեծ պոտենցիալ եմ տեսնում: Թող գնան, միևնույն է, հետ են գալու: Մենք  մեր արյունով արդեն հայ ենք, և հնարավոր չէ, որ գնանք ու մոռանանք: Կուզենայի՝ փոխվեին մի քանի բաներ, որպեսզի այն մարդիկ, ովքեր ցանկանում են այստեղ ինչ-որ բանի հասնել, կարողանան իրենց նպատակներն իրագործել:

– Ի՞նչ եք կարծում՝ եթե մնայիք այստեղ, նույն հաջողությունները կունենայի՞ք:

– Ես այստեղ ունեցել եմ հաջողություններ, բայց կարծում եմ, որ արվեստագետը պետք է դուրս գնա: Նույնիսկ խորհրդային տարիներին, որքան էլ դժվար է եղել՝ արվեստագետը դուրս է գնացել:

– Այսօր դուք Ձեր կյանքն այստեղ պատկերացնո՞ւմ եք:

– Ես չեմ փոխել ո՛չ իմ անունը, ո՛չ ազգանունը, ո՛չ քիթը, չնայած ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ անունս չեմ փոխում… Ինձ այստեղ պատկերացնում եմ որևէ երաժշտական դպրոցի, ուսումնարանի տնօրենի ղեկավարի դերում, որպեսզի կարողանամ իմ փորձն ու իղձը փոխանցել նոր սերնդին: Իմ արվեստի, երգի համար սահմաններ գոյություն չունեն: Հնարավոր է, որ օրերից մի օր գամ այստեղ, բայց չեմ կարող վստահեցնել, որ միշտ կմնամ այստեղ: Ես ուզում եմ տարբեր երկրներով պտտվել: Երբ արդեն ինչ-որ դուռ բացելու բանալին ունես և այն բացել ես արդեն՝ ցանկանում ես այլ դռներ էլ բացել՝ գիտակցելով, որ այն ի վերուստ քեզ տրված է: Եթե պիտանի մարդ ես դառնում, առաջին հերթին ազգիդ համար ես պիտանի լինում:

– Դուք պարբերաբար գնում-գալիս եք Երևան, փոփոխություններ նկատո՞ւմ եք, Երևանը գեղեցկանո՞ւմ է:

– Երևանը գեղեցկացավ, շենքերը, Հյուսիսային պողոտան կառուցեցին, բայց այսօր գեղեցկանալու գործընթացը կարծես թե կանգնած է, միգուցե ձմե՞ռն է պատճառը: Կցանկանամ՝ Երևանն ավելի աճի, մեր երկրի վիճակն ավելի բարելավվի, աշխատավարձերը բարձրանան, մարդկանց հավատքը մեծանա: Կուզենամ՝ մարդիկ ավելի շատ եկեղեցի գնան և չմտածեն, թե ո՞վ է եկեղեցին կառավարում, այլ մտածեն, որ եկեղեցին Աստծո տաճարն է:

– Կյանքը Ֆրանսիայո՞ւմ է դժվար, թե՞ Հայաստանում:

– Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան Ֆրանսիայում: Ես այստեղ գումար ավելի շատ եմ ծախսում, քան Փարիզում:

– Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցություններ սպասվո՞ւմ են:

– Մեծ ցանկություն ունեմ Էլեն Սեգարայի հետ կատարել Շառլ Ազնավուրի կողմից գրված «Հավերժ սեր» երգը: Նշեմ, որ դեկտեմբերի 2-ին սպասվում է բարեգործական մեծ համերգ, երգելու եմ Նեպալի երեխաների համար: Հունվարի 16-ին «Գավո» համերգային դահլիճում շատ լավ համերգ է լինելու, որի ժամանակ Շուբերտի, Մոցարտի, Բելինիի կողքին՝ կներկայացնեմ նաև Բաբաջանյանի, Կոմիտասի, Աբրահամյանի ստեղծագործությունները, կնվագակցի ֆրանսահայ ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանը: Այս համերգն իրականացվելու է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան և «Փյունիկ» ֆոնդի կողմից:

Ապրիլի 23-ի երեկոյան ցանկանում եմ լինել Ծիծեռնակաբերդում և երգել «Տեր ողորմյա» աղոթքը: Մոտ ժամանակներում կթողարկվի նաև իմ երկրորդ ձայնասկավառակը, որտեղ ներկայացնելու եմ աշխարհի ամենահայտնի «Ավե Մարիա»-ները: Այս երգերի կողքին ընդգրկել եմ Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» ստեղծագործությունը, որը մեր երկրում հայտնի չէ: Ես այն հայթայթել եմ և ընդգրկել այս ձայնասկավառակում: Չքնաղ գործ է: Ես ամեն պահի մտածում եմ, թե արտերկրում ինչպես կարող եմ հայ երգերը յուրօրինակ կերպով ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս