Բաժիններ՝

Գոմեշի մսի գործը՝ փորձաքար ՊՆ-ի համար

Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:

Ազատման փաստը լրատվամիջոցներն անմիջապես կապեցին գոմեշի մսի պատմության հետ, ինչը տարօրինակ չպիտի համարել: Ի վերջո, ՊՆ-ի գնումները կատարվել են հենց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով, և բոլոր փաստաթղթերի վրա առկա է հենց այդ կառույցի պետի՝ նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի (գեներալ-լեյտենանտ) ստորագրությունը: Բնականաբար, փաստաթղթերն էլ ձևակերպվել են նշված վարչության կողմից:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շտապեց լրատվամիջոցներին տեղեկացնել, որ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում Թունյանի հաստիքը կրճատվել է, և դա է նրա ազատման պատճառը: Գոմեշի մսի գործը քննող ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանն էլ նշեց, որ Թունյանը որևէ քրեական գործով իբրև վկա կամ կասկածյալ չի անցնում: Երբ Սարգսյանին հարցրինք, թե, այդուհանդերձ, Թունյանը հարցաքննվե՞լ է նախաքննական մարմնի կողմից, նա հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննում են շատերին, սակայն նպատակահարմար չեն գտնում այլ տեղեկություններ հայտնել:

Կարելի է ենթադրել, որ Թունյանին ոչ թե հարցաքննել են, ինչի դեպքում նրան անպայման պետք է որևէ կարգավիճակ տրվեր, այլ պարզապես բացատրություն են վերցրել, քանի որ այսպես թե այնպես նրա ղեկավարած վարչությունն անմիջական կապ է ունեցել նույն գոմեշի մսի գնման փաստաթղթերի ձևակերպման հետ: Պետք է կարծել, որ քննչական ծառայությունը նույնը պետք է աներ նաև ՆԱԴ պետ Միրզաբեկյանի հետ:

Կարդացեք նաև

Ըստ hetq.am-ի՝ Մ. Սարգսյանը նախկինում հայտնել էր նաև, որ քննարկվում է մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե հիմնավորվի, որ նրանց գործողություններում առկա է քրեական տարր: Առայժմ, ըստ ՊՆ-ի, միակ մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է: Մյուս կողմից՝ միայն վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ քրգործի հետ կապ ունեցող գլխավոր «հերոսներից» մեկը՝ գեներալ Արշալույս Փայտյանը, հարցաքննվել է իբրև վկա, այն էլ՝ վաղուց: Այլ վկաների մասին ՊՆ-ում լռում են:

Ի՞նչ տրամաչափի զինվորական ու գուցե նաև քաղաքացիական պաշտոնյաներ են հարցաքննվել, ովքե՞ր են նրանք, նրանց որեւէ կարգավիճակ տրվե՞լ է, թե՞ քննիչները բավարարվել են բացատրություններ լսելով, ինչու՞ աղմուկ-աղաղակով պաշտոնազրկված Փայտյանը մնում է սոսկ իբրև վկա, երբ նույնիսկ նախագահն էր խոսում 200.000 դոլար «պարտքի» մասին: Սրանք հարցեր են, որոնց մասին նախաքննական մարմինը լռում է՝ պահպանելով, կարծես, ոչ թե նախաքննական, այլ ռազմական գաղտնիքը: Պատահական չէ, որ նույն Փայտյանի վկայակոչման ու հարցաքննության մասին Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե փաստը հրապարակայնացրել են՝ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը բավարարելու համար:

Համոզված ենք, որ այդ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Փայտյանի, այլև ընդհանրապես գեներալիտետի ու բարձրաստիճան այլ զինվորականների հնարավոր ներգրավվածությամբ:

«Հետքի» տեղեկություններով՝ Օհանջանյանը կտրականապես հրաժարվում է հայտնել այս պատմության հետ կապ ունեցող որևէ պաշտոնյայի անուն: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ գործարարը չի ընդունում իր մեղքը:

Քրեական գործը հարուցվել է ամռանը, ու մինչև հիմա նախագահի ասած «խոշոր գլուխներից» որևէ մեկը չի բռնվել: Եվ հարց է դեռ՝ կբռնվե՞ն: Հիշենք, թե ինչ էր ասել նախարար Սեյրան Օհանյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան. «Ես քրեական պատասխանատվության համար պատասխանատու չեմ, իսկ մնացածը պաշտպանության նախարարի հրամանով պատժվել են. ծառայողական քննություն է անցկացվել, և համապատասխան տույժեր են ստացել, բայց պաշտոնից, բացի Փայտյանից, այլ ազատումներ չեն եղել»:

Դատելով ասվածից՝ կարելի է ենթադրել, որ եթե նախարարը բավարարվել է տույժերով, ապա նախաքննական մարմինն էլ կբավարարվի նույն մարդկանց ընդամենը իբրև վկա հարցաքննելով:

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ զինվորներին գոմեշի մսով են կերակրել, յուրացրել են պետբյուջեի միջոցները: Ունա՞կ են ՊՆ-նև դրա քննչական ծառայությունը պարզել, թե որտեղ է թաղված «շան գլուխը», թե՞ ամիսներ տևող քննության ավարտին կիմանանք, որ իբր «խոշոր գլուխը» տվյալ պարագայում ընդամենն ինչ-որ գործարար էր, իսկ իրականում՝ քավության նոխազ:

Վահե Սարուխանյան
hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս