Խոշտանգող սկեսուրը բանտում կմնա մոտ 1 տարի
Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, Հայկանուշ Միքայելյանին մեղավոր ճանաչեց Քր. օր.-ի «Միջին ծանրության վնասվածնքեր հասցնելու» և «Խոշտանգում» հոդվածներով ու դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք՝ Հայկանուշ Միքայելյանի նախկին հարսները՝ Մարիամ Գևորգյանը և Մելինե Բայաթյանը, ոստիկանությանը պատմել էին, թե Սանկտ-Պետերբուրգում ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել Դավիթ Զիրոյանի և սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից: Սակայն հետագայում Մելինեն մեղադրող ցուցմունքների մեծ մասից հրաժարվեց:
Դավիթին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ»-ի համար: Բայց համաներման կիրառմամբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Նույն՝ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ երկրի նախագահի հայտարարած համաներման կիրառմամբ այսօր դատավորը որոշել է 1/3-ով կրճատել Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ սահմանված պատիժը: Ստացվում է, որ Միքայելյանն անազատության մեջ կմնա մոտ 1 տարի՝ հաշվի առնելով նաեւ վերջինիս՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Տուժող Մարիամ Գևորգյանի ներկայացրած՝ 17 միլիոն 350 հազար դրամի չափով քաղաքացիական հայցապահանջը դատավոր Բեկթաշյանը թողել է առանց քննության: Տուժողի հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այսօրվա վճիռը «շատ մեղմ» է և այն անպայման բողոքարկելու են. «Էրեխուն կես մարդ դարձրին ու էլի՞ համաներում: Ի՞նչ համաներում… »: