Բանկերը շարունակում են դոլարայնացնել իրենց վարկային պորտֆելները
Մինչ Հայաստանի ֆինանսական և տնտեսական բլոկի պատասխանատուները խոսում են դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, Հայաստանի առևտրային բանկերը մեծացնում են տարադրամով տրվող վարկերի տեսակարար կշիռը իրենց պորտֆելներում։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների 62.67%-ը եղել է տարադրամով (հիմնականում՝ ԱՄՆ դոլարով)։ Մինչդեռ նախորդ տարվա հոկտեմբերին տարադրամով տրված վարկերի տեսակարար կշիռն ավելի փոքր էր՝ 58.49%։
Նշենք նաև, որ նույն տվյալների համաձայն, վարկային ներդրումների ընդհանուր ծավալն այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 487 միլիարդ 650 միլիոն դրամ։ Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ այս ցուցանիշն աճել է 27%-ով։ Այդ թվում՝ դրամով կատարված վարկային ներդրումների ծավալն աճել է 14.3%-ով և կազմել 530.9 միլիարդ դրամ, իսկ տարադրամով տրամադրված վարկերի աճը եղել է 35.4%, ծավալը կազմել է 956.6 միլիարդ դրամին համարժեք արտարժույթ։
Իհարկե, արտարժույթով տրված վարկերի աճը մասամբ պայմանավորված է նաև փոխարժեքով, սակայն փոխարժեքի ազդեցությունը մեծ չէ։ Այսպես, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ամերիկյան դոլարը թանկացել է 6.6%-ով՝ 381 դրամից հասնելով 406 դրամի։ Եթե հանենք փոխարժեքի էֆեկտը, ապա տարադրամով տրված վարկերի զուտ աճը կկազմի 28.8%։ Այսինքն՝ տարադրամով տրամադրված վարկերի աճի տեմպը երկու անգամ գերազանցում է դրամայինին։