Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ. Աշոտ Գիզիրյան
Օրեր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ասել էր, որ մեծ ջանքեր է գործադրում Գյումրին վերակառուցելու և ոտքի հանելու համար և պատրաստ է անգամ հող օտարել Գյումրիում՝ ցանկացած վայրում՝ մեկ հեկտարը՝ մեկ դրամով:
«…Ֆրանսիական կապիտալը կարող է մեծ ներդրումներ ունենալ բիզնեսի մասով, որովհետև մենք տալիս ենք հողի հարկի, գույքահարկի արտոնություն, որովհետև մեզ պետք է աշխատատեղեր ստեղծել մեր քաղաքում: Էստեղ մենք քաղաքապետարանով, ավագանիով որոշում կկայացնենք և սիմվոլիկ մեկ դրամով մեկ հեկտարը հող կտանք աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել էր Ս. Բալասանյանը՝ մեկնաբանելով, թե դա արվում է նրա համար, որպեսզի Գյումրիում կասեցվի արտագաղթը:
Այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից 168.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է համայնքի հողերը վաճառքի հանել`1 հա-ն՝ 1 դրամով:
«Եթե հայտարարել է, ուրեմն` հայտարարել է այն բանի համար, որպեսզի ներդրողներին շահագրգռի՝ ներդրումներ կատարեն Գյումրիում»,- ասաց Շիրակի մարզպետը: Վերջինս խորհուրդ տվեց Գյումրիի քաղաքապետին դիմել, քանի որ ինքը մանրամասներին չի տիրապետում:
– Բայց որպես մարզի ղեկավար` ինչպե՞ս եք վերաբերվում այս «նախաձեռնությանը»:
– Երբ նախաձեռնությունը լուրջ կլինի և կընդունվի, այդ ժամանակ իմ կարծիքը կարտահայտեմ: Ուղղակի սիմվոլիկ է ասվել:
– Պարոն Գիզիրյան, շուտով նախընտրական փուլն է մեկնարկելու, Դուք` որպես ՀՀԿ-ական մարզպետ, ինչպե՞ս եք գնահատում…
– Քո հարցն ուրիշ հարց էր: Զանգել ես 1 դրամով 1 հա վաճառելու մասին լեգենդ ես հորինել, բայց հետո ուրիշ հարց ես տալիս…
– Լեգենդ չէ, փաստ է:
– Փաստ չի, դեռ էդպիսի բան չկա: Փաստն էն ա, երբ արդեն կատարված է, արձանագրված է:
– Այնուամենայնիվ, որպես ՀՀԿ-ական մարզպետ` ի՞նչ եք նախաձեռնելու նախընտրական փուլում:
– Հարցին հարցով պատասխանեմ` ի՞նչ է նշանակում` ի՞նչ եք նախաձեռնելու:
– Եթե «Բարգավաճ Հայաստանն» առաջադրի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, ապա ինչպե՞ս կգնահատեք նրա հնարավորությունները Շիրակի մարզում:
– Ես միայն կգնահատեմ մեր գործող նախագահի և նրա հնարավորությունները, ով պետք է առաջադրվի:
– «Բարգավաճ Հայաստանն» առավելություններ ունի՞ Շիրակի մարզում:
– Նախագահական ընտրություններում՝ միանշանակ ոչ: Դա լրիվ ուրիշ հարց է, եթե Ազգային ժողովի ընտրություններում Գյումրիում հաջողության են հասել, ապա նախագահական ընտրությունների համեմատ տարբեր մոտեցումներ են:
– Ինչո՞ւ եք այդքան համոզված:
– Համոզված եմ, շուրջ 20 տարի աշխատել եմ այս մարզում և գիտեմ, որ պատահական մարդիկ հանրապետության նախագահ չեն դառնում:
– Այսինքն` Գ. Ծառուկյանը պատահակա՞ն մարդ է:
– Ես ասում եմ, որ հանրապետության նախագահ լինելու համար պետք է անցած քաղաքական ճանապարհ ունենալ:
– Իսկ հնարավո՞ր է` նախագահական ընտրություններում կրկնվի Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի նախադեպը, երբ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու մասին:
– Ես հո գուշակությամբ չե՞մ զբաղվում: Այդ հարցը պետք է տաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և իրենց քաղխորհրդին: Ոչինչ բացառված չէ քաղաքականության մեջ: