Որտե՞ղ է Լևոն Տեր-Պետրոսյանը
Այս հարցը որքան հռետորական է, թերևս, նույնքան էլ ուղղակի: Խոսքը, բնականաբար, ներկայիս քաղաքական զարգացումներում Լևոն Տեր-Պետրոսյանի «տեղի» մասին է, քանի որ ֆիզիկապես, բոլորին է հայտնի, նա իր առանձնատանն է. ինչպես 1998 թվականի իշխանափոխությանը հաջորդած տասը տարիներին ու 2008 թվականի մարտի 1-ին, այնպես էլ՝ այսօր:
Սակայն ներաքաղաքական կյանքում, քաղաքական ու հանրային իրադարձությունների վրա ազդեցության տեսանկյունից՝ Լ. Տեր-Պետրոսյանի ներկայությունն ամեն օր ավելի է նվազում, եթե, իհարկե, արդեն չի հավասարվել զրոյի: Խնդրի նման դրվածքը կարևոր է այն առումով, որ ներկայիս քաղաքական դաշտի, համակարգի գլխավոր կերտողներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Խոսքն այն ծեծված պոպուլիստական, իշխանական դատողությունների մասին չէ, որ «բոլոր վատ բաների հիմքը դրվել է Լևոնի օրոք»:
Խոսքը շատ որոշակի` 2007 թվականին նրա քաղաքականություն վերադարձով և 2008 թվականի ընտրություններով ու Մարտի 1-ով «կերտված» իրականության, քաղաքական համակարգի մասին է, որի կողմերից մեկն իշխանությունն է (տվյալ դեպքում, քիչ կարևոր է՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կամ միասնությամբ), մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս դեպքում էլ «կողմ» ասելով՝ չպետք է նկատի ունենալ «պատասխանատու» իմաստը, որը հաճախ, գուցե՝ նաև արդարացված, քննարկվում է Մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում: Խոսքը պետական, քաղաքական, հասարակական ու, թերևս, նաև բարոյական հարթություններում պատասխանատվության մասին է:
Սակայն դատելով իրադարձությունների ընթացքից, Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պատասխանատվության խնդիրն այնքան էլ չի հուզում, և նա «սահուն քայլերով հեռանում է»: Լևոն Տեր-Պետրոսյանի` որպես քաղաքական գործչի ներկայությունը չի զգացվում որևէ հարթությունում, որևէ ձևաչափում, բացառությամբ այն պարագայի, որ նա է դրել ԲՀԿ-ի հետ համագործակցության «քաղաքագիտական հիմքերը»: Այսօր Հայ ազգային կոնգրեսը վերածվել է անհասկանալի մի կառույցի, որի ղեկավար անդամներից յուրաքանչյուրը մյուսներից տարբերվող դիրքորոշում ունի, որի առանցքային դեմքերը հրապարակավ հակասում են մեկը մյուսին, պակաս հրապարակավ դավաճանության, ծախվածության մեջ կասկածում են մեկը մյուսին:
Այնպես, ինչպես 2007 թվականին ներկայիս ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը համախմբվեցին Լ. Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, այդպես էլ այսօր, առանց նրա անձի, դրանք պառակտվում ու մասնատվում են:
Այսինքն` Տեր-Պետրոսյանը` ի սկզբանե ամեն ինչ կառուցելով բացառապես իր անձի շուրջ, արել է այնպես, որ առանց իր անձի՝ ամեն ինչ կազմաքանդվի: Իրավիճակի նրբություններից մեկն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում կազմաքանդվել է ոչ միայն ՀԱԿ-ը, այլև, լայն իմաստով՝ ընդդիմությունն ամբողջությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքն է այն, որ այսօր՝ ընտրություններից երկու ամիս առաջ, Հայաստանն ընտրությունների է գնում, ըստ էության, առանց ընդդիմադիր թեկնածուի:
Քանի որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ու իր շուրջը համախմբված ուժերին հռչակելով միակ ու անփոխարինելի ընդդիմություն՝ ցանկացած այլակարծություն որակելով՝ որպես ծախվածություն, ստեղծեց մի իրավիճակ, որ իր «ստվերից դուրս» որևէ ընդդիմադիր շարժում չկարողացավ կայանալ: Ու դրա վերջնարդյունքը դարձավ այն, որ, որպես «ընդդիմադիր թեկնածու», այսօր քննարկվում է Գագիկ Ծառուկյանի անունը: Մարդու, ով այն իշխանության մասն էր (է), որի դեմ պայքարում էր 2007 թվականի այս օրերին ծնված համաժողովրդական շարժումը:
Նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման շուրջ քննարկումներում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ ԲՀԿ նախագահին որպես «ընդդիմադիր թեկնածու»՝ կերտել է կամ կերտում է իշխանությունը: Իրականում, սակայն, Ծառուկյանին կերտել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Կերտել է ոչ միայն՝ որպես «ընդդիմադիր թեկնածու», այլ՝ որպես մեկը, ում այսօր` քաղաքականությունից դե ֆակտո հեռանալիս, հանձնում է կամ արդեն իսկ հանձնել է ընդդիմադիր դաշտը: