«Սպասում եմ հաջորդ՝ նոր Մարտի 1-ին»
ԱԺ ՀԱԿ խմբակցության 6 պատգամավորների կողմից Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն այսօր, ինչպես հայտնի է՝ քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նշենք, որ ՀԱԿ այս նախաձեռնության տակ չէր ստորագրել միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ Գ. Ջհանգիրյանի՝ Հ. Բագրատյանը չի ստորագրել, որովհետև այդ պահին ներկա չի եղել:
Ինչևէ, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկմանը ներկա էին գտնվում նաև Մարտի 1-ի զոհերի ծնողները, որոնց հրավիրել էր նշյալ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Ամբողջ քննարկման ընթացքում զոհերի ծնողները լարված սպասումների մեջ էին: Քննարկումից հետո, թեև նրանք խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին, այնուամենայնիվ, 168.am-ին հաջողվեց խոսել ծնողներից մի քանիսի հետ:
Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը քննարկումից հետո հուզված էր: «Էնքան են զզվացրել, զզվում եմ խորհրդարանից էլ, փողից էլ (՞)»,- ասաց տիկին Ջեմման:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանձնաժողովից, նա այսպես պատասխանեց. «Ակնկալիք պիտի լինի, որ ունենանք: Տվել եմ ձեզ… Սպասում եմ հաջորդ, նոր Մարտի 1-ին, ավելի շատ կոտորեք: Էդքան ծննդաբերող չկա, ինչքան ջարդում են… առանց ծնողների ոչ մի հանձնաժողով»: