Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ մեկնել Բաքու
«Սիրով նորից կգնամ»,- այսօր մամուլի ասուլիսում ի պատասխան հարցին` չե՞ք փոշմանել Բաքու գնալու համար, և եթե կրկին հրավեր լինի՝ կգնա՞ք նորից, ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Իմ ոչ մի ելույթի ընթացքում Մադրիդյան սկզբունքների դրույթների ուղղակի կամ անուղղակի հղում չի եղել: Ես միշտ դեմ եմ եղել Մադրիդյան սկզբունքներին, և դուք գիտեք`որ իշխանության կողմից են ընդունվել այդ սկզբունքները և մինչ օրս ով է դրանք կիրառում: Ես մերժում եմ Մադրիդյան սկզբունքներն իր բոլոր կետերով, և ընդհանրությունն իմ խոսքի և Մադրիդյան սկզբունքների միջև այն է, որ օգտագործել եմ փախստական բառը, բայց ես ասել եմ` բոլոր ազգերի փախստականները կարող են վերադառնալ, երբ ունենք վերջնական համաձայնություն Արցախի ճանաչման և տարածքային ամբողջականության հիման վրա և ոչ թե մինչ այդ »,- ասաց «Ժառանգության» առաջնորդը`ի պատասխան դիտարկմանը, թե նրա ելույթում ամենախոցելի մասը վերաբերում էր Մադրիդյան սկզբունքների հիշատակմանը և մասնավորապես փախստականների հարցին, ինչով քննադատվեց իր ելույթը:
Ի դեպ, լրագրողներից մեկը նկատեց, որ ասուլիսների ժամանակ մշտապես տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներից մեկը տեսախցիկով նկարահանում է և հարցրեց` ինչո՞ւ նա չի նկարահանել իր ելույթը Բաքվում` տեսանյութը ժամանակին տարածելու և ադրբեջանական ապատեղեկատվությունից խուսափելու համար:
Ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես որոշեցի միայնակ մեկնել, որովհետև այն, ինչ սպասվում էր ինձ (սպառնալիքները, որոնց մասին դուք իմացաք), և այն, ինչ որ ես պատրաստվում էի ասել և անել Բաքվում, չէի ուզում, որ դրա հետևանքները տարածվեր ուրիշի վրա: Ես իմ վրա վերցրեցի»: