««Նաիրիտ»-ի հարցով դիմեք Էներգետիկայի նախարարին. Տիգրան Սարգսյան
ԳԱԼԱ-ի թղթակիցն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձել է ճշտել վերջինիս դիրքորոշումը «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցների կարգավիճակի, աշխատավարձերը չվճարելու և գործարանի հետագա վերագործարկման խնդիրների վերաբերյալ:
Նախ վարչապետը նշել է, թե շտապում է, և վերջինիս անվտանգության աշխատակիցները, ԳԱԼԱ-ի թղթակցին մի կողմ հրելով, ճանապարհ է բացել «Կենսաթոշակային բարեփոխումներ. Հեռանկարներ և իրականություն» թեմայով համաժողովից հեռացող վարչապետի համար:
Այնուհետ, մի քանի քայլ անելուց հետո, Տիգրան Սարգսյանը շրջվել է և հորդորել է լրագրողին՝ ««Նաիրիտ»-ի հարցով դիմեք Էներգետիկայի նախարարին»:
Հիշեցնենք, որ երեկ նախագահական նստավայրի առջև գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով վճարել 11 ամսվա աշխատանքի գումարը և վերագործարկել «Նաիրիտը»:
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նույն օրը հանդիպում էր ունեցել նաև էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, ով աշխատավարձերը վճարելու խոստումներ էր տվել: Մինչդեռ, նախագահական նստավայրի առջև հավաքված գործարանի աշխատակիցներն այլևս չեն հավատում պաշտոնյաների խոստումներին և իրենց դժգոհությունը ներկայացնում. «Ամեն ամիս խաբում են` էս ամսի 15-ին, մյուս ամսի 15-ին, ցույց ենք անում, բերում են մի ամսվա տալիս են, հետո նորից ամիսներով չեն տալիս»: