Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում փոխել է «սկորոստները»
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով օրերս է վերադարձել Բաքվից, որտեղ մեկնել էր մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների 7-րդ համաժողովին, այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ այն բանաձևը, որն ընդունվել է համաժողովի անունից, և, իր խոսքերով, զորակցում է Իլհամ Ալիևի քաղաքականությանը, չի եղել կոնսեսուսով կամ քվեարկությամբ, չնայած առաջին օրը հայտարարվել էր, որ բանաձևը պետք է նախ ընթերցվի, հետո նոր ընդունվի, բայց հաջորդ օրն արդեն ընդունումը հանվել է օրակարգից մեկտեղվել է ընթեցման հետ:
«Այդտեղից ես հասկացա, որ միգուցե այլ մոտեցում է լինելու բանաձևի կապակցությամբ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սակայն երբ տեսա, որ չի տարածվել վերջնական բանաձևը, ես, ինչպես կարգն է, մոտեցա ֆիլիպինցի, կորեացի և ադրբեջանցի համանախագահներին և ասացի, որ պահանջում եմ խոստացված բանաձևի տեքստը, որը հասու պետք է լինի բոլորին: Արդեն ակնհայտ էր, որ ադրբեջանական ջղաձգությունների միջոցով ուրիշ բան էր պատրաստվում, և իրենք որոշել էին ուղղակի ընթերցման միջոցով հաստատելու պատրանք ստեղծել»,- շարունակեց պարոն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այն, ինչ տարածվել է ինտերնետում՝ ընդամենը մի փոքր հատված է իր ելույթից, որը տեղի ունեցավ ամփոփիչ նիստի ժամանակ:
«Փաստորեն այն, ինչ տեսանք, այդ ոչ քաղաքավարի պահվածքը, ոչ թե օտարերկրացիների պատվիրակների, այլ ադրբեջանցի պատվիրակների պահվածքն էր, որովհետև եթե ուշադիր դիտեք տեսանյութը, կտեսնեք, որ առջևում նստած հիմնական պատվիրակները հետևում էին լռակյաց և մի փոքր զարմացած, և ադրբեջանցիներն էին, որ ի պատասխան իմ ելույթների ուզում էին ինձ համար մի փոքր անհարմար վիճակ ստեղծել: Արդյունքում ընթերցվեց այդ բանաձևը, բայց ոչ երբեք ընդունվեց»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
«Երբ ժամանեցի Բաքու, այլ մոտեցում ունեի, թե ինչպես պետք է ներկայացնեմ իմ տեսակետը, բայց առաջին օրն արդեն պարզվեց, որ ադրբեջանցիները գնում են իրենց հայտնի ստանտարդ, ուղղափառ մեթոդաբանությամբ: Կազմակերպիչները խնդրել էին ինձ, որ երկկողմանի հարցեր չբարձրացնեմ, բայց ես հիշեցի Կամբոջայի իմ այցը, երբ ադրբեջանցիները շատ լավ էլ իրենց երկկողմանի հարցերը բարձրացնում էին:
Այս անգամ ես կազմակերպիչներին ասացի, որ իրենք պետք է կենտրոնանան Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների, այլ ոչ թե ինձ վրա, և իսկապես առաջին օրն այդ շարանը սկսվեց. սկսեցին նախապատրաստված տեսանյութեր ցուցադրել, 10 րոպե ներկայացրեցին Ադրբեջանի պատմությունը, թե ինչպես է Ասիա բառը «ազերի» բառից առաջացել և այլն:
Մեկնարկից արդեն պարզ էր, ուտիև ես մի փոքր արագությունները` «սկորոստները» փոխեցի, արդեն բանավոր ելույթ ունեցա և դրանից հետո ձեզ մատուցեցի իմ ելույթի ամբողջական տեքստը»,- ասաց Ր.Հովհաննիսյանը: