Դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` Ֆլորա Մարտիրոսյանի մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողություն կկազմակերպվի նաեւ Լոս Անջելեսում, եւ սփյուռքի ամենամեծ համայնքը այդտեղ եւս սիրված արվեստագետին հրաժեշտ տալու հնարավորություն կունենա: «Արմենպրեսի» հաղորդմամբ` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հյուպատոսությունն առաջին իսկ օրից կապի մեջ է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների և մտերիմների հետ:
«Մենք նաև մշտական կապի մեջ ենք Երևանում ստեղծված պետական հանձնաժողովի հետ, որը զբաղվում է երգչուհու հուղարկավորության հարցերով: ՀՀ կառավարությունն է հոգալու նաև դին Երևան տեղափոխելու ծախսը: Արվելու է հնարավորը` ընտանիքի հոգսը թեթևացնելու համար:
Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը:
Դատաբժշկի գրասենյակից տեղեկացրել են, որ փորձաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է առնվազն երկու աշխատանքային օր: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը: