Ջրծաղիկի համաճարակ չկա
Ներկայումս գրանցվում են ջրծաղիկի առանձին դեպքեր, սակայն համաճարակի բռնկում չկա: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հրազդանի թիվ 6 դպրոցում ևս «համաճարակ» չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը:
Ձմռան-գարնան ամիսներին հանրապետությունում նկատվում է ջրծաղիկի սեզոնային բարձրացում, քանի որ այն օդակաթիլային վարակ է, սակայն, ըստ առողջապահության նախարարության, հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող, բարձր վարակելիությամբ հիվանդություն է և տարածված է ամենուր:
Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի:Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձևեր»,- նշում են առողջապահության նախարարությունից: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում։
Միայն շատ փոքր տոկոս դեպքերում իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը: