Կառավարության հերթական «չէ»-ն՝ Բագրատյանին
ՀՀ Կառավարությունը հերթական անգամ բացասական եզրակացություն է տվել նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Բագրատյանի կողմից առաջարկված «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Հրանտ Բագրատյանն առաջարկում է հաջորդ տարվանից զգալիորեն ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ հետևյալ սխեմայով. ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի (3776 մլրդ դրամ) 1 տոկոսի չափով, 2014 թվականի համար՝ 2012 թվականի ՀՆԱ-ի 1.1 տոկոսի չափով, 2015 թվականի համար՝ 2013 թվականի ՀՆԱ-ի 1.2 տոկոսի չափով, 2016 թվականի համար՝ 2014 թվականի ՀՆԱ-ի 1.3 տոկոսի չափով և 2017 թվականի համար՝ 2015 թվականի ՀՆԱ-ի 1.4 տոկոսի չափով:
Նշենք, որ այսօր գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.24%-ը։
Սակայն ձևավորված «ավանդույթի» համաձայն, կառավարության եզրակացությունը կրկին բացասական է, ինչի մասին կարելի է տեղեկանալ՝ ծանոթանալով կառավարության վաղվա նիստի օրակարգին։
«Ներկայացված օրենքի նախագծով ֆինանսավորման չափեր սահմանելը իրատեսական չէ, քանի որ նախ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նման հատկացումներ նախատեսված չեն, և առավել կարևորը՝ պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է հնարավոր ֆինանսավորման կտրուկ ավելացումը»,- նշված է կառավարության եզրակացության մեջ: Այս և մի քանի այլ հիմնավորումներով՝ կառավարությունը դեմ է նախագին։
Փաստորեն, գործադիրը հերթական անգամ Բագրատյանին ասաց «չէ»։ Մնում է՝ այդ «չէ»-ն վաղը ֆորմալ հաստատվի կառավարության նիստում։