Արարատ գյուղի մանկապարտեզը վերաբացվել է. պատգամավորները օդափոխիչներ են նվիրել Արարատ գյուղի մանկապարտեզին

Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզը վերսկսել է իր աշխատանքները: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասաց գյուղապետ Կարեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ գյուղի մանկապարտեզի աշխատանքները դադարեցվել էին մանկապարտեզի սաների մոտ գրանցված սննդային թունավորման պատճառով: Լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել էր մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

«Կարգավորեցինք վիճակը, շինարարական մասնակի աշխատանքներ արվեցին, ուղղեցինք ինչ-որ կար»,- ասաց գյուղապետ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մանկապարտեզն իր աշխատանքները վերսկսել է նոյեմբերի 22-ին: Մեր հարցին՝ արդյոք լուծվե՞լ է մանկապարտեզի ջեռուցման խնդիրը, գյուղապետը պատասխանեց, որ մանկապաարտեզի ջեռուցումն ապահովված է.

«Մեր մանկապարտեզում երեք խումբ կա. ամեն խմբում տեղադրվել են օդափոխիչներ, ջեռուցումն ապահովված է: Երբ խնդիրը ներկայացրեցինք, մեր պատգամավորները մանկապարտեզին երեք օդափոխիչ նվիրատվութուն արեցին»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Մանկապարտեզի խնդիրների վերաբերյալ 168.am-ը փորձեց զրուցել նաև մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանի հետ: Վերջինս նշեց, որ չգիտի՝ ինչ պատասխանել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա:

Հ.Գ. Մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը դժգոհում էր, որ մենք պարբերաբար անդրադառնում ենք իր ղեկավարած մանկապարտեզի խնդիրներին: «Մի փոքր դեպք է տեղի ունեցել, իսկ դուք անընդհատ դրա մասին գրում եք»,- ասում էր նա:

Փաստորեն՝ մանկապարտեզի թվով 13 երեխաների թունավորման դեպքն ու մանկապարտեզի հակահիգենիկ վիճակը տիկին վարիչը համարում է «փոքր դեպք»:

Տեսանյութեր

Լրահոս