Բաժիններ՝

Հայաստանում ներդրվեց GlobeNewswire ծառայությունը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան ներդրել է Հայաստանում GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքսը, GlobeNewswire-ը աշխարհում նորությունների տարածման խոշորագույն ցանցերից է, որը մասնագիտացված է կորպորատիվ մամլո հաղորդագրությունների, ֆինանսական և այլ տիպի տեղեկատվության՝ ԶԼՄ-ների, ինստիտուցիոնալ և անհատ ներդրողների տարածման գործում:

«Համակարգին միանալու շնորհիվ արևմտյան ֆինանսական վերլուծաբանները, ինստիտուցիոնալ և անհատ ներդրողները, ինչպես նաև առաջատար ֆինանսական լրատվամիջոցները, ինչպիսիք են Bloomberg-ը, Reuters-ը, Dow Jones-ը, հայկական կապիտալի շուկայի նորություններին կտեղեկանան մեկ պատուհանից», – ասել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նա հավելել է, որ այսօր օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական խոչընդոտներն են իրազեկվածության պակասը և հայկական դեպոզիտարիայում թղթակցային հաշիվ բացելու անհրաժեշտությամբ: «Առաջին խնդիրը լուծվում է այսօր, իսկ մյուսը՝ մոտակա ամիսների ընթացքում, երբ մենք կմիանանք Եվրոպայի միասնական քլիրինգային համակարգերին և օտարերկրյա ներդրողներին այլևս պետք չի լինի այստեղ հաշիվ բացել», – ասել է Կոնստանտին Սարոյանը:

Ներկայացնելով համակարգի մանրամասները, ֆոնդային բորսայի մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Եվգենիա Էվոյանը տեղեկացրեց, համակարգում ընդգրկված է 10 000-ից ավել լրատվամիջոց և տվյալների բազաներ,   1,5 մլն-ից ավել ֆինանսական վերլուծաբանների առևտրային տերմինալներ:

«Համակարգը թույլ է տալիս տարածել հաղորդագրությունները միանգամից 10 լեզվով, և թողարկողն ինքն է ընտրում տեղեկատվության տարածման իր համար նախընտրելի շուկաները: Արդյունքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված և առևտրին թույլատրված թողարկողներն իրենց կորպորատիվ նորությունները կարող են հեշտությամբ հասանելի դարձնել Եվրոպայի, ԱՄՆ-ի և աշխարհի 80 երկրի ԶԼՄ-ներին և պոտենցիալ ներդրողներին», – ասել է Եվգենիա Էվոյանը, հավելելով, որ Եվրոպայում հայկական թողարկողների լուրերը տարածվելու են անվճար, իսկ մյուս շուկաների համար GlobeNewswire-ի կողմից սահմանված են տարբեր սակագներ՝ կախված թողարկողի նախընտրած շուկաներից:

Եվգենիա Էվոյանն ասել է նաև, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդգրկելու է համակարգում նաև հայկական լրատվամիջոցները՝ ընձեռելով նրանց միջազգային նորությունների ստացման առավել արդյունավետ հնարավորություն:

GlobeNewswire ընկերությունը 2006-ից NASDAQ OMX-ի մաս է կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս