Բաժիններ՝

«Եթե Հայաստանում կերն արագիլներին հասանելի է լինում, մնում են այստեղ, եթե ոչ` չվում են Թուրքիա, Պարսկաստան». Մամիկոն Ղասաբյան

Արմավիր մարզի բնակիչներից մեկը վերջերս 168.am-ի խմբագրությանը տեղեկացրեց, որ իրենց մարզում արագիլների թվաքանակը պակասել է, և, որ պարբերաբար իրենք սատկած արագիլներ են հայտնաբերում: Այս առթիվ 168.am-ը զրուցեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանի հետ:

«Ես այնտեղ սատկած արագիլի չեմ հանդիպել: Իհարկե, պատահում են դեպքեր, երբ վիրավոր արագիլներ են հանդիպում: Դա պայմանավորված է նրանով, որ այժմ որսի սեզոն է, և հնարավոր է՝ որսորդները կրակած լինեն»,- պարզաբանեց Մամիկոն Ղասաբյանը:

Նրա խոսքով` այս սեզոնին արագալիները կամաց-կամաց չվում են. «Եթե Հայաստանում կերը նրանց հասանելի է լինում, մնում են այստեղ, եթե ոչ` չվում են Թուրքիա, Պարսկաստան»:

Պարոն Ղասաբյանը մանրամասնում է, որ 50-60 տարի առաջ արագիլներն ընդհանրապես մեզ մոտ չէին մնում, չվում էին այլ երկրներ: Բայց կամաց-կամաց, երբ  Արարատյան դաշտավայրում լճերը շատացան, արագիլները սկսեցին մնալ Հայաստանում. «Արագիլների տեղափոխումը շատ կարճ տարածություններում է կատարվում: Մեկ տեսնում ես՝ այստեղ են, հաջորդ օրն այլևս չկան, մեկ էլ` մի շաբաթ անց, կրկին հայտնվում են»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են արագիլներին համարակալում, Մամիկոն Ղասաբյանը պատասխանեց. «Համարակալվում են բները, նաև որոշ արագիլների ոտքերին օղակներ են ամրացվում` իմանալու, թե որտեղ են նրանք ձմեռել: Դա արվում է նախևառաջ նրա համար, որ մեր արագիլները տարբերակվեն: Եթե օղակների վրա թվանշան էլ է գրված լինում, ապա կարող ենք հաստատ ասել, թե որ գյուղի և որ բնի արագիլն է մեզ հանդիպել: Օղակները դրվում են նաև նրա համար, որպեսզի, եթե մեր օղակավոր արագիլները հայտնվեն այլ երկրում, տվյալ երկրից մեզ կարողանան նամակ գրել և տեղեկացնել, որ նրանք գտնվում են իրենց երկրում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս