Բաժիններ՝

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

«Մեծարգո Պարոն Նախագահ

Ամենահավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ մայրաքաղաքի վերջին պետական հիվանդանոցը` Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը վաճառքի է հանվում։
Մենք` Բժշկական կենտրոնի աշխատակիցներս, խորապես համոզված ենք, որ միայն Դուք ի զորու կլինեք սեփականաշնորհումից փրկելու մեր քաղաքի միակ հանրային բուժկենտրոնը, բուժանձնակազմի լիակատար աջակցությամբ։ Ըստ մեր ունեցած տվյալների, գնորդը բավականին ազդեցիկ անձնավորություն է։

Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ բուժկենտրոնի ներկայիս տնօրեն Պարոն Հայկ Պետրոսյանն իր նշանակման առաջին իսկ օրը հայտարարեց, որ իրեն ուղարկել են մի նպատակով. «Ես պետք է ձեզ ուղղեմ, որովհետև դուք բոլորդ գողեր եք»։ Բառացի ենք մեջբերում նրա խոսքերը։

Այնուհետև «բացատրեց», որ հսկայական պարտքեր են մնացել նախկին գլխավոր բժիշկ Պարոն ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՑ, որոնք մարելու են բժիշկները`բոնուսների իջեցման միջոցով։
Չմոռանանք նշել, որ նույն ինքը` Պարոն Ստամբոլցյանը, հիվանդանոցը պարտքերի մեջ թողած, նվեր ստանալով բուժկենտրոնի մասնաշենքերից մեկը, այն օգտագործում է` որպես մասնավոր կլինիկա…

Այդուհանդերձ, նոր տնօրենն ինքն էլ արագորեն ձեռնամուխ եղավ ծախսատար ու ծավալուն աշխատանքների. փոխեց վարչական մասնաշենքի պատուհաններն ու հիվանդանոցի դարպասները, վերանորոգեց դահլիճը, ակնաբուժական կլինիկայի միջանցքը… և այլն։ Պարտքերը մարելու տարօրինակ քաղաքականություն… հարց է ծագում` ո՞ւմ և ի՞նչ գումարներով է դա արվում։

Բժիշկների բոնուսներն ապօրինի իջեցնելու վերաբերյալ բաժնի վարիչների օրինական վրդովմունքը պսակվեց վիրաբուժության բաժնի վարիչի հեռացմամբ` «իր դիմումի համաձայն»։

Օրենքի կոպիտ խախտման ևս մի օրինակ, բոլորին մերժվեցին հերթական արձակուրդները։ Աշխատողներին պարտադրված է տարեկան արձակուրդը վերցնել իրենց հաշվին։ Գործը հեշտացնելու համար նույնիսկ տպվել է հատուկ ձև, որտեղ լրացվում է միայն աշխատակցի անուն-ազգանունը։
Ստիպված էինք կամ լուռ հանդուրժել բոլոր տեսակի նվաստացումներն ու անօրինությունները և կամ գլխիկոր հեռանալ հարազատ հիվանդանոցից։

Նշանակումից մեկ շաբաթ անց Պարոն Պետրոսյանը կարգադրեց, որ բժիշկներն ու քույրերն ամեն օր ավլեն հիվանդանոցի բակը, չնայած հավաքարարի հաստիքի առկայությանը։ Պատկերացրեք վիրաբույժին ու բուժքրոջը, որոնք վիրահատարան են մտնում փոշոտ շորերով ու մազերով…

Միտումնավոր ստորացումների ու տեռորի այս մթնոլորտը շարունակվում է մինչև օրս։
Տնօրենի կողմից արված այն հայտարարությունը, թե բաժնի վարիչներն ընդամենը «տեխնիկական աշխատողներ են այլ ոչ` բուժական», մատնանշում է նրա ցածր պրոֆեսիոնալիզմը կամ, ավելի ճիշտ, դրա իսպառ բացակայությունը։

Ինչ վերաբերում է բուժական գծով տեղակալին` երբեք ոչ մի խնդիր չի լուծում, երբ ինչ-որ հարցով դիմում ենք իրեն, միայն ուսերն է թոթվում… Այդ «ծանրագույն» աշխատանքի դիմաց նա ստանում է ամսական 250 հազար դրամ, մինչդեռ որքան պետք է տքնի բժիշկը, որքան գումար պետք է մուտքագրի հիվանդանոցի հաշվին, որպեսզի ունենա դրան համարժեք աշխատավարձ։

Ասենք, որ մեզ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել բժիշկների աշխատավարձի գոյացման մեթոդը, այն ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, թվում է` որքան շատ ես աշխատում, այնքան քիչ ես վարձատրվում։

Ի դեպ, տնօրենը ևս մի պատիժ է հորինել, այն է` աշխատանքից ազատել նրանց, ովքեր հիվանդանոցից դուրս արտաժամյա բժշկությամբ կզբաղվեն։ Սա ուղղակի մարդու տարրական իրավունքների խախտում է։ Մի՞թե բժիշկները ճորտեր են։
Սակայն ամենացավալին այն է, որ ի հեճուկս համեստ եկամուտ ունեցող հիվանդների, բարձրացվեցին բուժծառայության գները, որից 10.000 դրամ էլ իբր հատկացվելու է բուժկենտրոնի ջեռուցմանը։ Դարձյալ հարց է ծագում. արդյո՞ք քաղաքապետարանը չի հոգում հիվանդանոցի կոմունալ ծախսերը։ Չէ՞ որ այն դեռևս պետական հաստատություն է։

Դեռևս… քանզի մեզ արդեն վաճառում են։
Հիմա ենք հասկանում Հայկ Պետրոսյանի անմարդկային, անհեթեթ ու անբացատրելի վարքագիծը, պարզապես ապագա գնորդին կամ գնորդներին պետք էր իրենց կատարածուի ձեռքերով ջլատել հիվանդանոցի կարող ուժերն ու կոտրել հավանական դիմադրությունը` նախապես մշակված սցենարով…

Հետո արդեն, սեփականատիրոջ իրավունքով, դժգոհներին, ու ոչ միայն նրանց, հանգիստ կկարողանան փողոց շպրտել։
Սեփականատիրո՛ջ իրավունքով, այն դեպքում, երբ աշխատակազմն անձնական միջոցներով է մասնակցել կենտրոնի նախորդ վերանորոգումներին ու նույնիսկ կահավորմանը… Կարծում էինք` հիվանդների համար, պարզվում է` հերթական գնորդի։
Հարգելի Պարոն Նախագահ, թախանձագին խնդրում ենք, որ բուժկենտրոնը մնա քաղաքապետարանի իրավասության տակ, որտեղ կշարունակեն բուժվել սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, քանի որ մեր կենտրոնը վաղուց հայտնի է որպես աղքատների հիվանդանոց։

Գոյություն ունի՞ երկրագնդի վրա գեթ մի մայրաքաղաք, որը չունենա առնվազն մի քանի պետական բազմապրոֆիլ հիվանդանոց։
Մի՞թե Երևանն է դառնալու աշխարհում միակ տխրահռչակը…
Մի՞թե կարող ենք զրկել մեր ժողովրդի մեկ երրորդին բուժում ստանալու իրենց սահմանադրական իրավունքից, քաջ գիտակցելով, որ էժան բուժօգնությունը շատ-շատերի վերջին հույսն է…

Եկեք միասնաբար պաշտպանենք մեծամասնության շահերը։
Բաց նամակը չենք ստորագրում անուն առ անուն, որովհետև վստահ ենք, որ Պետրոսյանն ու իր հովանավորները հաշվեհարդար կտեսնեն մեզ հետ, ինչն արդեն բազմիցս ապացուցել են:
Այն առաքում ենք Ձեզ, նաև մամուլին` հուսալով, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և բոլորիս բարի կամքով ու միացյալ ուժերով Երևանի ՄԻԱԿ Պետական Բժշկական Կենտրոնը կշարունակի մնալ հանրային ու հավատարմորեն ծառայել մեր բնակչությանը»։

Խորին հարգանքով` Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի աշխատակազմ
Երևան, 15 նոյեմբեր, 2012թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս