«Ֆլորայի ձայնը բուժիչ հատկություններ ունի» (լուսանկարներ)
Ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը (Levon Bachdasarian) արդեն մոտ 7 տարի աշխատում է Metris B.V. հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար: Լ. Բաղդասարյանի շնորհիվ տարիներ առաջ` 2005թ., Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել է Metris IT Solutions ընկերությունը, որը հիմնականում կատարում է հոլանդական Metris B.V. ընկերության պատվերները, օրինակ` անցում IBM-OS2, Visual AGE C++ ծրագրից` MS Windows Visual C++ ծրագրի:
Ընկերությունը նաև իրականացնում է ծրագրերի ձևափոխում և մշակում, ազդանշանների վերլուծություն, հոծ ազդանշանների մշակում, ազդանշանների կոդավորում և ապակոդավորում, պատահական ազդանշանների ճանաչում, ազդանշանների թվային մշակում, ավտոմատ փուլային դասակարգման համակարգի ստեղծում:
Հոլանդական Metris B.V. ընկերության մասնագիտական ուղղվածությունը ծրագրերի նախագծումը և աութսորսինգն է, բժշկական մասնագիտացված համակարգերի մշակումը, ինչպես նաև` մեծ ճշգրտություն ունեցող ծրագրերի նախագծումը, որոնց մեջ օգտագործվում են ազդանշանների մշակումը և ուսումնասիրումը, շարժական ու անշարժ առարկաների ճանաչումը: Metris B.V. ընկերության արտադրանքը LABORAS և SONOTRACK ծրագրերն են, որոնք օգտագործվում են դեղագործության, հոգեբուժության, տոքսիկոլոգիայի և հոգեբանության ասպարեզներում:
Լևոն Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հայտնի երգիչներից մեկի համար (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում.- Ա.Գ.) ավտոմատ համակարգ էր մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր երգչի ձայնը, և երբ զգալի շեղում էր նկատվում` անմիջապես միանում էր ձայնագրությունը։ Ի դեպ, աշխարհահռչակ որոշ երգիչներ իրենց համերգային գործունեության ընթացքում օգտվում են այդ ավտոմատ համակարգերից: Ըստ գիտնականի` համակարգն ուներ ձայնի` թվով մոտ 400 չափանիշներ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր 3%-ը։
168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը պատմում էր, որ համակարգի մշակումից հետո որոշում է նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Նա ստուգում է Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Թաթայի և այլ երգիչների ձայները:
Պարզվում է, որ միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումներն են բավարարում բոլոր չափանիշներին։ «Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան»,- պատմում էր Լևոն Բաղդասարյանը։ Ի դեպ, այս մասին նա տարիներ անց երևանյան հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթանում է Ֆլորա Մարտիրոսյանի հետ և պատմում է այս հետազոտությունների մասին: Ֆլորան զարմացել էր այդ համակարգի գոյությունից:
Որոշ ժամանակ անց Լևոն Բաղդասարյանն իր ավտոմեքենայով ինչ-որ տեղ գնալու ճանապարհին Metris BV ընկերության գլխավոր տնօրեն, հոլանդացի Ռոնալդ Բուլթույսի հետ լսում է Ֆլորա Մարտիրոսյանի սկավառակը։
Հայազգի գիտնականը` մտածելով, որ հայկական երաժշտությունը կարող է ձանձրացնել օտարերկրացուն` առաջարկում է փոխել սկավառակը: Հոլանդացին, սակայն, ցանկություն է հայտնում լսելու: «Հարցրեցի` ի՞նչ է հասկանում, զգում այդ երգերից։ Հնչում էին «Իմ հասակը», «Դլե Յամանը»։ Եվ հոլանդացին, ով որևէ բառ անգամ չգիտեր հայերեն, պատասխանեց` առաջին երգում նա իր կյանքն է պատմում, իսկ երկրորդը կապված է ձեր ցեղասպանության հետ։ Ես ապշեցի, թե ինչպես է նա զգում դա Ֆլորայի կատարումներից, ձայնից»,- պատմում է Լևոն Բաղդասարյանը։
Լևոն Բաղդասարյանի և Ֆլորա Մարտիրոսյանի զրույցների, քննարկումների ընթացքում գաղափար է առաջանում ձայնի ազդեցության համատեղ հետազոտություններ կատարել։ Այժմ Հոլանդիայում` Metris BV գիտահետազոտական կենտրոնում նախակլինիկական հետազոտություններ են կատարվում` թե ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մարդկայնին ձայնը օրգանիզմի վրա: Առայժմ հետազոտությունները կատարվում են միայն կենդանիների վրա։
«Հետագայում նախատեսվում է փորձարկումները կատարել նաև մարդկանց վրա, և մենք պատրաստվում էինք օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի յուրահատուկ ձայնը։ Ես համոզված եմ, որ Ֆլորայի ձայնը բուժիչ հատկություններ ունի: Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ և կայունությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Բաղդասարյանը։ Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանի մասին դոկումենտալ ֆիլմի նյութեր էին հավաքվում և այս մասին Լևոն Բաղդասարյանը դեռևս անցյալ տարի պատմել է նաև տեսանյութում` Ֆլորայի հետ հանդիպումներից մեկի ընթացքում:
Լևոն Բաղդասարյանը ծրագրում է իրականացնել Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված միջազգային առողջապահական կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում 2015թ.: Միջազգային «Stress and Behavior» ամենամյա կոնֆերանսը, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, համաձայնեցվել է 2015թ. տեղափոխել Երևան: Կոնֆերանսի հիմնական թեման է լինելու ցեղասպանության ազդեցությունը գենետիկայի, ինչպես նաև` շրջապատող միջավայրի, երկրագնդի վրա: Ինչպես նաև` ցեղասպանությունների հասցրած առողջական վնասներն ու շարունակական բնույթը:
Ինչպես հայտնի է` ցեղասպանություններն առաջացնում են պոստրոմատիկ սթրեսներ, բժշկական տերմինով` Post-Traumatic Stress Disorder (PTSD): Գիտնականների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PTSD դիագնոզն ազդեցություն է ունենում մոլեկուլյար գենետիկայի վրա և տեղափոխվում ցեղասպանություն տեսած-ապրածների հաջորդ սերնդի վրա: Այնուհետև հաջորդ սերունդն էլ, իր հերթին, գեների միջոցով այն փոխանցում է իրեն հաջորդող սերնդին:
Շարունակությունը շատ երկար է տևում, և այդ սթրեսը բացարձակ չի անհետանում նույնիսկ 7-րդ սերնդից հետո: Այս առթիվ հետազոտությունները դեռ շարունակվում են Յուտայի համալսարանի գենետիկայի բաժնում (University of Utah, USA, Canada), Հոլանդիայի Universiteit van Utrecht և այլ համալսարաններում: Հետազոտության մեջ օգտագործվում է Metris BV-ի Laboras սարքը`«Feer conditioning Protocol»-ի հետազոտման համար:
Գիտաժողովը նվիրված է լինելու ցեղասպանությունների, պատերազմների և այլ աղետների գենետիկ ազդեցությունների ուսումնասիրություններին։
Գիտաժողովի ժամանակ նախատեսվում է նաև ներկայացնել ձայնային ազդեցության մասին Լևոն Բաղդասարյանի և հոլանդական կենտրոնի կողմից արված հետազոտությունների արդյունքները։ Ավելին, նույնիսկ Լևոն Բաղդասարյանը պայմանավորվել էր Ֆլորա Մարտիրոսյանի հետ` հնարավորության դեպքում Երևանում այդ օրերին համերգ կազմակերպելու մասին: «Ուզում եմ` համերգը շատ լավ անենք, որ տարբերվի մյուս համերգներից, միասին կմտածենք` ոնց անենք… Լևոն ջան, ահագին բան ունենք անելու»,- նոյեմբերի 2-ին գրել էր Ֆլորա Մարտիրոսյանը Լևոն Բաղդասարյանին։
Ֆլորայի անսպասելի մահը ցնցեց շատերին: «Ես և Metris BV գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոնալդ Բուլթույսը խորին ցավակցություն ենք հայտնում հանճարեղ երգչուհու վաղաժամ մահվան կապակցությամբ»,- մահվան լուրը լսելուն պես գրեց Լևոն Բաղդասարյանը։