Արագացված դասընթացների կենտրոնները փոխարինո՞ւմ են բուհերին
Վերջին տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում սկսել են բացվել արագացված դասընթացներ առաջարկող ուսումնական բազմաթիվ կենտրոններ, որոնք ուսանողներին, շատ սեղմ ժամկետներում, սովորեցնում են զանազան մասնագիտական առարկաներ, արհեստներ: Սա հնարավորություն է տալիս մասնագիտություն չունեցող մարդկանց շատ արագ մասնագիտություն ձեռք բերել կամ նորն ընտրել:
Ոմանք աշխատանք չգտնելու պատճառով են սովորում ուսումնական նմանատիպ կենտրոններում՝ որևէ նոր մասնագիտությամբ աշխատանք գտնելու հույսով: Այդպիսով ստացվում է՝ ուսումնարաններն ու համալսարաններն ինչ-որ իմաստով հետին պլան են մղվում, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելն առավել ժամանակատար և ծախսատար է:
Եթե ուսանողը կարող է նվազագույնը չորս տարի, օրինակ, լեզվաբանական համալսարանում որևէ լեզու սովորել և տարեկան վճարել միջինը 400-450.000 դրամ տարեկան ուսման վարձ, ապա արագացված դասընթացները 1 տարում կամ 6 ամսում ուսուցանում են այն, ինչ համալսարանները սովորեցնում են 4 տարում: Տարբերությունը միայն, մասնագիտական առարկաներից բացի, ընդհանուր գիտելիքների պաշարն ավելացնելու նպատակով ուսուցանվող առարկաներն են, որոնք արագացված կուրսերի ընթացքում չեն ուսուցանվում:
168.am-ն փոքր ուսումնասիրություն է կատարել վերջին 5 տարիների ընթացքում միայն Երևան քաղաքում բացված արագացված ուսումնական կենտրոնների վերաբերյալ: Ըստ այդմ, Երևանում այսօր գործում են ավելի քան 1 տասնյակից ավելի ուսումնական կենտրոններ, որոնք տարեկան տալիս են միջինը 100 շրջանավարտ:
Մենք զրուցեցինք արագացված դասընթացներ կազմակերպող ուսումնական կենտրոններից՝ «Կրթարան Սոնա» ուսումնական կենտրոնի տնօրենի՝ Սոնա Հովհաննիսյանի հետ: Հարցին, թե ի՞նչ առարկաներ է կենտրոնը դասավանդում, և որքա՞ն է ուսումնական ծրագրի տևողությունը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ունենք անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, իտալերենի, գերմաներենի, ռուսերենի, թուրքերենի, վրացերենի, պարսկերենի, չեխերենի, հոլանդերենի, հունարենի և այլ լեզուների կուրսեր: Ծրագիրը մեկ տարվա է: 6 մակարդակ ունի, յուրաքանչյուր մակարդակ տևում է 1,5 ամիս: Այսինքն, եթե մարդ սկսում է տառերից, ապա մեկ տարի հետո, լիարժեք, անթերի կտիրապետի լեզվին: Իհարկե, կարելի է դա էլ խտացնել՝ հաճախելով ամեն օր: Այդ դեպքում ուսումնական ծրագիրը կտևի 6 ամիս»:
Բայց արդյո՞ք այդ արագությամբ մարդը կկարողանա տիրապետել որևէ լեզվի, այն էլ՝ լիարժեք մակարդակով: Կրթարանի տնօրինուհին մեր այս հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ այն մարդիկ, ովքեր աշխատասեր են, անպայման կհասցնեն նախատեսված ժամկետում լավ տիրապետել լեզվին՝ ուսումնառության հետ մեկտեղ՝ կարդալով նաև հավելյալ գրականություն:
«Մեր և համալսարանների կրթական խնդիրները տարբեր են: Համալսարանական կրթությունը ենթադրում է լեզուների և լեզուների հետ հարակից լայն գիտական շրջանակների իմացություն: Մերը բուն լեզվական դասընթացներ են, և մեր խնդիրն է՝ ուսուցանել լեզվի՝ հատկապես պրակտիկ կողմը, որը հնարավոր է սեղմ ժամկետում սովորեցնել: Իսկ համալսարաններում ավելի լայն լեզվաբանական գիտելիքներ են տալիս: Նույնիսկ մենք ունենք ուսանողներ, որոնք ավարտելով լեզվաբանական համալսարանը՝ կիրառական ասպեկտներին տիրապետելու համար վերապատրաստվում են մեզ մոտ»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչ մակարդակի և կրթության մասնագետներ են դասավանդում կրթարանում, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց, որ մասնագետներին ընտրում է ինքն անձամբ, և իր կրթօջախում դասախոսել կարող են այն մասնագետները, ովքեր լեզվաբան-մանկավարժ են և լիարժեք տիրապետում են լեզվին: «Շատ տարբեր մասնագետներ ունենք:
Կան Երևանի լավագույն բուհերում դասավանդող դասախոսներ, կան մարդիկ, որոնք վերապատրաստվել են արտերկրում, կան մասնագետներ, որոնք միայն ավարտել են տեղի բուհը և աշխատում են մեզ մոտ»,- ասաց տնօրինուհին: Նշենք նաև, որ նման ուսումնական կենտրոններում սովորելն առավել մատչելի է: «Հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալական պայմանները, խմբակային կուրսերն արժեն ամսական 15.000-20.000 դրամ, իսկ անհատական կուրսերը՝ 25.000-35.000 դրամ»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: