
Սերժ Սարգայանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաև մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է:
Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում և սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի և հայ արվեստագետ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին»: