Մեր շրջակա միջավայրին հասցված վնասը շատ ավելի մեծ է
«Դրանք շատ մասնագիտական ուսումնասիրություններ են, որոնք պետք է համապատասխանեն ընդունված նորմաներին: Մենք նման ուսումնասիրություն չենք արել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը՝ անդրադառնալով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կողմից բնապահպանական պետական տեսչության ստուգման արդյունքում հայտնաբերված 3.64 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի մասին հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ 12.11-16.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670.0 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 3.64 մլն. դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«Մենք կարող ենք միայն ասել, որ մի քանի օր առաջ եղել ենք Կապանում և տեսել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» հետ կապված վթարը: Ես, օրինակ, չեմ կարող ասել՝ ինչ տուգանք պետք է լինի ապօրինի ծառահատումների հետ կապված, որովհետև ես չգիտեմ՝ քանի ծառ է հատվել: Մենք այդ բանը չենք ուսումնասիրել, բայց ուսումնասիրել ենք, նայում ենք պոչատարների հետ կապված վթարները, որ ամեն անգամ պոչատարների հետ կապված վթարները ընդհանրապես հաճախ են լինում: Այստեղ տուգանքի թիվը կազմում էր 2 մլն 880 հազար դրամ: Եթե համեմատենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նշանակված տուգանքի հետ, որի պոչատարի վնասման արդյունքում պոչերը լցվել էին Ողջի գետը, ապա վերջինիս նշանակված տուգանքն ավելի քիչ էր: Ուզում եմ ասել, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ին գոնե այդ գումարը մուծում է, շատ քչերն են մուծում»,- նշեց Ինգա Զառաֆյանը:
Ըստ նրա՝ պոչատար խողովակաշարերի վթարների արդյունքում ընկերություններին ամրագրված տուգանքի չափն ընդհանրապես չի համապատասխանում շրջակա միջավայրի աղտոտմանը. «Այսինքն՝ դու թափում ես պոչը, որը համարվում է ամենառիսկայի թափոններից մեկը, ու մուծում ես 3 մլն դրամ: Կարո՞ղ եք ասել՝ սա ի՞նչ գումար է: Մեր շրջակա միջավայրին հասցված վնասը շատ ավելի շատ է, բայց մենք չունենք նորմատիվները: Բնապահպանության նախարարությունը կառավարության հետ մշակել է այդ նորմատիվները, որոնք չեն աշխատում:
Այդ նորմատիվները չեն աշխատում, որովհետև դրանք այնքան չնչին գումարներ են մեծ կազմակերպությունների համար, որոնք մեծ շահույթ, նույնիսկ գերշահույթ ունեն: Օրինակ, մեկ կամ երկու ծառ կտրելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 50.000 դրամով, իսկ պոչերի դեպքում՝ մուծվում է, ենթադրենք 10 անգամ շատ: Սա անհամեմատելի բան է: Ինչքան էլ դու վերացնես պոչի հետևանքները, միևնույն է՝ լրիվ պոչից չես կարող ազատվել: Ստացվում է, որ ծառ կտրելու համար մենք ունենք 50.000 դրամ, իսկ հող ու ջրի աղտոտման համար մենք ունենք այդպիսի ծիծաղելի գումար»: