Ոչ թե աշխատասեր և շինարար, այլ ծույլ ու անբան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, հայ հանրությանը, կամ առնվազն նրա ճնշող մեծամասնությանը, մեղադրել է ծույլ, ալարկոտ և անբան լինելու մեջ: Երեկ տնտեսագիտական համալսարանում ունեցած իր ելույթում նա բացատրել է, թե ինչու կառավարությունը չի բարձրացնում թոշակները և նպաստները: Ըստ վարչապետի, երբ ամեն տարի կառավարությունը բարձրացնում է թոշակներն ու նպաստները՝ հասարակության մեջ առաջանում են սպասումներ, որ ամեն տարի հնարավոր են 10-15 տոկոսանոց բարձրացումներ, որի շնորհիվ էլ իրենք կհաղթահարեն աղքատության շեմը:
Վարչապետը նաև պարզել է, որ մարդիկ պատրաստ են հրաժարվել իրենց անասունից և հողակտորից, բայց ոչ երբեք նպաստից: Դրա համար վարչապետը որոշել է հավելյալ գումարն ուղղել ոչ թե թոշակների և նպաստների բարձրացմանը, այլ՝ կրթությանը: «Աղքատություն ծնող առաջին պատճառը կրթությունն է, մեր ուսումնասիրությունենրը ցույց տվեցին, որ աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը չափացանց ցածր է, այդ ընտանիքներում չկան անդամներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, կամ մասնագիտական կրթություն: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցների վերաբաշխումը մենք այս տարվա բյուջեում կատարել ենք ի օգուտ այս ռազմավարությանը»:
Այն, որ այս բացատրությունն առնվազն 50 տոկոսով անհեթեթություն է՝ կարելի է պարզել միանգամից, և դա վերաբերում է կենսաթոշակները չբարձրացնելու որոշմանը: Ի՞նչ կապ ունի կենսաթոշակառուն, որակյալ կամ անորակ կրթության հետ: Եթե վարչապետը մտադիր է 75-80 տարեկան թոշակառուների համար հատուկ կրթական դասընթացներ նախաձեռնել, որպեսզի նրանք նոր ստացած գիտելիքի շնորհիվ հաղթահարեն աղքատությունը, ապա ճիշտ կանի, եթե դրա մասին հայտարարի միանգամից, որպեսզի թոշակառուները հնարավորություն և ժամանակ ունեն պատրաստվելու նոր ուսումնական տարվան:
Ինչ վերաբերում է նպաստներին,. ապա իսկապես բազմաթիվ են դեպքերը, երբ մարդը ստիպված մորթում է իր տան միակ կովը, որպեսզի չզրկվի ընտանեկան նպաստից: Բայց դրա պատճառը ոչ թե այդ գյուղացու ծուլությունն ու անբանությունն է, ինչպես համոզված է աշխատանքի վետերան Տիգրան Սարգսյանը, այլ այդ մեկ կովի ցածր եկամտաբերությունը:
Անասնապահությունը Հայաստանում համարվում է չափազանց ցածր եկամտաբերություն ապահովող ոլորտ: Մեկ կովը չի կարող ընտանեկան նպաստին համարժեք՝ 25,000 դրամ ամսական եկամտաբերություն ապահովել: Եվ եթե կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ կովը, կամ նպաստը, ապա, բնականաբար, մարդն ընտրում է նպաստը՝ ազատվելով կովից:
Այն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հայ հանրությանը վերաբերում են արհամարհանքով, որպես ծույլերի և անբանների մի հավաքածու, որոնց պետք է դաս տալ, պարզ էր դեռևս մի քանի շաբաթ առաջ:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակից և գաղափարակից էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պատգամավորներին պատմեց, որ իրենք պարբերաբար լինելու են մարզերում և ուսումնասիրելու են մարդկանց տրամադրությունները, և հայտարարեց, որ պատգամավորների այն տեղեկությունները, որ մարդիկ աշխատանք և աշխատատեղ են ուզում՝ սխալ է, մարդիկ կառավարությունից նպաստ են ուզում:
Հիմա կառավարությունը որոշել է դաս տալ իր ծույլ և ալարկոտ քաղաքացիներին. եթե դուք նպաստ եք ուզում, որպեսզի գոյատևեք, մենք ձեզ կզրկենք այդ նպաստից, քանի որ մեզ պետք չեն նպաստառու քաղաքացիներ, ովքեր բեռ են դառնում կառավարության համար: Ովքեր չեն կարողանում գոյատևել, և հաղթել գոյության պայքարում, նրանք դատապարտված են ոչնչացման: Ահա և կառավարության նոր և արմատական բարեփոխումների ռազմավարությունը, որի մասին այդքան տևական ժամանակ խոսում է Տիգրան Սարգսյանը: