ՀՀԿ-ականները դիմակազերծվում են կամ՝ ինչո՞ւ է Շարմազանովը հրաժարվում ցիտել Սերժ Սարգսյանին

Նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու ՀԱԿ-ի նախաձեռնության նկատմամբ ՀՀԿ-ականների արձագանքը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, բացի ընտրակեղծիքներից, ընտրություններում «հաղթելու» որևէ այլ տարբերակ չի պատկերացնում ու չունի:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարողացել է հավաքել արտահերթ նստաշրջան գումարելու համար պահանջվող 44-ից ավելի` 48 պատգամավորների ստորագրություններ։ ՀԱԿ-ը ցանկանում է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել՝ քննարկելու համար համանուն խմբակցության  կողմից մշակված՝ Ընտրական օրենսգրքում՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին», և Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների փաթեթը:

ՀԱԿ-ի, նաև արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորների կարծիքով, այդ փոփոխությունները հնարավորություն կտան կանխել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների ժամանակ կատարվելիք ընտրակեղծիքները:

Արդեն իսկ հնչել են գնահատականներ, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունն ավելի շատ ընտրություններից առաջ PR քայլ է, աղմուկ բարձրացնելու հնարավորություն, քանի որ ակնհայտ է` ՀԱԿ-ի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության»  բոլոր անդամների մասնակցությամբ անգամ այդ փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ հավաքելն ուղղակի անհնար է: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, բնականաբար, կտապալեն դա: Սակայն անկախ ՀԱԿ-ի ու այս նախաձեռնությանը միացած մնացած ուժերի դրդապատճառներից, արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերը չափազանց էական նշանակություն ունեն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքի տեսանկյունից, և որևէ դրդապատճառ չի կարող նսեմացնել դրանց կարևորությունը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ իշխանությունը կիրառեց բոլոր այն ապօրինությունները, որոնց դեմ պայքարելու համար ՀԱԿ-ը մշակել է վերը նշված օրինագծերը: Տարբեր գնահատականներով, ընտրությունների ժամանակ իշխանության կողմից «շրջանառվեցին» 500-700 հազար կեղծ անձնագրեր (դա կանխելուն են ուղղված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում կատարված փոփոխությունները), անձնագրերում դրվող թանաքները մի քանի ժամում ցնդեցին ողջ հանրապետության տարածքում (այդ և մի շարք այլ բացերը վերացնելու նպատակ են հետապնդում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները), համատարած ընտրակաշառք բաժանվեց (իհարկե, ընտրակաշառք բաժանում էր նաև ՀԱԿ-ի ավագ գործընկեր ԲՀԿ-ն, սակայն դա այլ քննարկման նյութ է), ինչի դեմ պայքարի խստացմանն էլ ուղղված են Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:

Երեկվանից իշխանության խոսնակներն, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը շոու է, ընդդիմությունը զբաղված է շահարկումներով, նման նիստի անհրաժեշտություն չկա, և այլն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, հայտարարում է, թե ՀՀԿ-ականները չեն մասնակցելու արտահերթ նիստին, որովհետև «անիմաստության դաշտից հեռու են մնալու», ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասում է, թե արտահերթ նիստին քվորում չի լինելու (այսինքն` մշտապես ՀՀԿ-ականներին ստիպողաբար բերման ենթակելու փոխարեն՝ այս անգամ ստիպելու են հանկարծ ԱԺ-ի կողմերը չերևալ)։

Եթե իշխանություններն այդքան վստահ են, որ իրենք ամենաարդար ընտրություններն են կազմակերպելու, ինչպես եվրոպական ամբիոններից խոստանում է նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ են իրար խառնվել: Եթե այդքան վստահ են, որ Ընտրական օրենսգիրքն ու մնացած օրենքները, իրենց քաղաքական կամքն էլ՝ վրադիր, ապահովելու են Հայաստանի պատմության ամենաարդար ու ամենաազատ ընտրությունները, ինչո՞ւ են վախենում խորհրդարանում այդ հարցերի քննարկումից:

Եթե իրենց հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա ԱԺ-ում այդ հարցերի շուրջ քննարկումները հրաշալի առիթ են դրանք ևս մեկ անգամ հնչեցնելու, ընդդիմադիրների դիմակը պատռելու համար: Ինչո՞ւ, ուրեմն, տեքստեր չեն գրում բոցաշունչ ելույթներ ունեցող երիտհանրապետականների համար ու չեն ուղարկում խորհրդարանական մենամարտի:

Նույն Էդուարդ Շարմազանովը, որ նույնիսկ օզոնային շերտի աղտոտվածության մասին խոսելիս կկարողանա կապ գտնել նախագահի իմաստուն քաղաքականության հետ և կետադրական նշանների ճշտությամբ մեջբերել Սերժ Սարգսյանի ելույթները, ինչո՞ւ չի ուզում գնալ ու համեմատաբար ցածր (իր ներկայիս զբաղեցրած աթոռի համեմատ), բայցևայնպես՝ խորհրդարանական ամբիոնից անարգանքի սյունին գամել իրենց օրինապահությունն ու արդարամտությունը շահարկող ընդդիմադիրներին:

Իրականում ՀՀԿ-ականները վախենում են, որովհետև չեն կարող որևէ հիմնավոր փաստարկ ներկայացնել կեղծ անձնագրերի կիրառման մեղադրանքներին պատասխանելիս, վախենում են, որովհետև, բացի մի քանի ցուցադրական «ձերբակալություններից», ընտրակաշառքի բաժանման համար պատասխանատվության ենթարկվածների ցուցակ չեն կարող հրապարակել, վախենում են, որովհետև թանաքների ցնդման մասին իրենց հիմնավորումները ցնդում են անձնագրերում դրված կնիքներից ավելի արագ:

ՀՀԿ-ականների վարքագիծը համեմատաբար ողջունելի կլիներ, եթե նրանք անկեղծություն ունենային և խոստովանեին, որ դեմ են արտահերթ նիստին, քանի որ ավելի լուրջ գործով են զբաղված` պատրաստվում են ընտրություններին և «անիմաստությունների» ժամանակ չունեն: Ընտրություններին ընդամենը երեք ամիս է մնացել, և այդ ընթացքում պետք է հասցնել «թարմացնել անձնագրային բազան», անհրաժեշտության դեպքում` նորերը տպագրել, ստուգել կնիքների ցնդման արագությունը, հաշվառել ընտրակաշառք բաժանող թաղային և գյուղական հեղինակություններին:

Այդ դեպքում նրանց փաստարկներն արժանահավատ, այսինքն`  հավատ ներշնչող կլինեն: Բայց ՀՀԿ-ականները դա չեն ասում, քանի որ դրանց կարող են հավատալ ոչ միայն հայ հասարակությունը, այլև Սերժ Սարգսյանի խոստումներն արդեն մի քանի անգամ ունկնդրած եվրոպացիները: Իսկ նրանք որ հավատան, կարող են նաև փոխել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս