Միլիարդատիրոջ զբոսանավը վաճառում են մոտ 14 միլիոն դոլարով (լուսանկարներ)
«Charade» զբոսանավի վրա իր մեղրամիսն է անցկացրել Բիլ Գեյթսը: Զբոսանավն այն ժամանակ պատկանում էր նրա դպրոցական ընկերոջը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկին՝ Փոլ Ալենին: Այսօր 47 մետր երկարության «Charade» զբոսանավը Merle Wood & Associates ընկերության կողմից վաճառվում է մոտ 14 միլիոն դոլարով: Այն կառուցվել է 1990 թվականին՝ «Feadship De Vries»-ի կողմից՝ հատուկ Ալենի համար:
Վերջինիս այդ փաստը բոլորովին չի հուզում, քանի որ այժմ նա նոր ճոխ խաղալիքներ ունի՝ «Octopus» զբոսանավը և 92 մետր երկարության հսկա «Tatoosh» նավը: Ասում են, որ Ալենը «Charade»-ն ցանկանում էր վաճառել դեռևս 2003 թվականից, այն պահից, երբ նա ձեռք բերեց «Octopus»-ը: De Voogt Naval Architects-ի կողմից նախագծված այս զբոսանավը նախատեսված է 12 ուղևորների և թիմի 11 անդամների համար: «Charade»-ն ամբողջովին էլեկտրական կառավարմամբ է գործում: Երկու շարժիչները 905 ձիաուժ են՝ ժամում 28 կմ արագությամբ: Ի դեպ, «Feadship» ընկերությանը 80 մետր երկարության զբոսանավ էր պատվիրել նաև Սթիվ Ջոբսը: Ցավոք, նա չկարողացավ զբոսնել «Վեներայով»: