Ծառուկյանը վերահաստատեց` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ

Այսօր «Բարագավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Գյումրի: Նա իր հետ տարել է ԲՀԿ-ի մի քանի անդամների և Գյումրիի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացած մեքենաները, որոնք որոշ չարամիտներ գնահատում էին՝ որպես «ապառիկ ընտրակաշառք»: ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը դարձավ քաղաքապետ, Ծառուկյանը նվիրեց խոստացած մեքենաները:

Բայց դա Ծառուկյանի` Գյումրի կատարած այցի միակ ուշագրավ կողմը չէ: Առավելապես արտերկրյա այցերը նախընտրող Գագիկ Ծառուկյանն այսօր ոչ միայն մեկնել է հանրապետության երկրորդ քաղաք, այլև այնտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ ու մի շարք հայտարարություններ է արել: Ծառուկյանն, իհարկե, չի խոսել նախագահական ընտրություններում իր ու ԲՀԿ-ի դիրքորոշման մասին: Միակ տարբերությունն այդ թեմայով նրա նախորդ հայտարարությունների համեմատ՝ այն է, որ այս անգամ չի ասել՝ «այդ մասին` հաջորդ դասին», և լրագրողներին ընդամենը հորդորել է չշտապել:

Բայց մնացած հայտարարություններով ԲՀԿ նախագահը մի շարք հետաքրքիր մեսիջներ է հղել, որոնք կարող են ունենալ երկու նպատակ` կամ նա հող է պատրաստում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար, կամ «փափուկ բարձ» է դնում իշխանությունների «գլխի» տակ` առաջիկայում ինչ-որ կտրուկ քայլ կատարելու համար: Երկրորդ տարբերակն, իհարկե, քիչ հավանական է:

Գագիկ Ծառուկյանի առաջին մեսիջը կապված է հայտարարության վայրի` Գյումրիի հետ: Նախագահական ընտրությունների առաջ տևական ժամանակ որևէ խոսք չասելուց հետո, նա «երկրի մասին» ելույթ է ունենում մի քաղաքում, որի քաղաքապետ դարձավ իր կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, սակայն, ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարել՝ իր առաջարկությամբ: Բալասանյանին քաղաքապետ դարձրեց իշխանությունը` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նախ՝ չեզոքացվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որից հետո ՀՀԿ-ն ոչ միայն թեկնածու չառաջադրեց, այլ պաշտպանեց Բալասանյանին: Այսինքն` Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության «կենդանի խորհրդանիշն» է, ու նույնքան խորհրդանշական է, որ նախագահական ընտրություններից առաջ Գ. Ծառուկյանը սկսում է խոսել հենց Բալասանյանի կողքին կանգնած:

Ընդ որում, նա բարեմաղթանքի խոսքեր չի խնայել Բալասանյանի հասցեին` ցույց տալով, որ «Բալասանյանի մոդելը», այսինքն` իշխանության առաջարկությամբ ու աջակցությամբ ԲՀԿ-ականի հաղթանակն իր կողմից բարձր է գնահատվում:

Իր ելույթում ԲՀԿ նախագահն առանձնապես նոր մտքեր չի հայտնել` խոսել է արտագաղթի, աղքատ բնակչության, աշխատատեղերի ապահովման խնդիրների մասին: Սակայն նա առանց անուն հնչեցնելու՝ քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիրը կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա»,- ասել է Գ. Ծառուկյանը: Հարևանցիորեն հիշեցնենք, որ Գյումրին տեխնոպարկ դարձնելու տխրահռչակ ու անհեթեթ ծրագիրը (որով նախատեսվում էր նաև Գյումրիում նավահանգիստ կառուցել) ընդունվել է այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն անվրդով գոյակցում էր ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ: Այդ շրջանում մամուլը հեղեղված էր այդ ծրագրի մասին հեգնական հրապարակումներով, սակայն դժվար է հիշել, որ որևէ ԲՀԿ-ական արձագանքեր դրան: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հերթական անգամ կրկնել է, որ իրեն պաշտոն պետք չէ:

«Ժողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն… Մեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում: Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի կամ մենաշնորհ լինի, մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, և ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետև այսօր գնալով ժողովրդի վիճակն է՛լ վատանալու է»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Այսինքն` նա քննադատում է կառավարության գործունեությունը, անանուն քննադատում է վարչապետին` գրեթե ուղղակիորեն կրկնելով՝ վարչապետի պաշտոնի նկատմամբ հավակնությունը:

Բայց նա ասում է՝ «մենք պաշտոն չենք ուզում»: Այսինքն` նա Սերժ Սարգսյանին, կարելի է ասել, ակնարկում է` պաշտոնանկ արեք վարչապետին, բայց նրա փոխարեն նշանակեք ոչ թե ԲՀԿ-ականի, այլ, ասենք, Ռոբերտ Քոչարյանին:

Ծառուկյանի ելույթում, ի դեպ, կարմիր թելով անցնում է «ունևոր մարդու» թեզը: Նա դա շեշտում է իր մասին խոսելիս, դա որպես դրական հատկանիշ է ներկայացնում` Սամվել Բալասանյանին գովերգելիս: Սրա տակ թաքնված է հասարակության շրջանում մեծ տարածում ունեցող պոպուլիստական թեզը` «մյուսներն ուզում են իշխանության գալ ուտելու համար, բայց Ծառուկյանենք էնքան ունեն, որ երկիրը չեն թալանի»:

Այսինքն` Գագիկ Ծառուկյանն «ունևոր մարդ» լինելը ներկայացնում է՝ որպես քաղաքական պայքարի հիմնական արժեք: Ծառուկյանը, սակայն,  այս հարցում, թերևս, ամենաազնիվն է: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն այսօր առաջնորդվում են հենց այդ արժեքով` փողով, սակայն դա փորձում են քողարկել զանազան հայրենասիրական ձևակերպումների, գաղափարական պայքարի անվան տակ: Ծառուկյանը նման փորձ չի անում, մյուսների նման իմիտացիայով չի զբաղվում և իրերն անվանում է իրենց անուններով:

Սակայն այսօր Գյումրիում Գագիկ Ծառուկյանի արած ամենակարևոր արձանագրումն այն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Ծառուկյանը ԲՀԿ-ի մասին խոսել է այնպես, ինչպես խոսում են իշխանական կուսակցության մասին: Դիմելով Սամվել Բալասանյանին՝ նա ասել է. «Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք՝ «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Քո աշխատանքով ու սկզբունքով էնպես աշխատես, որ մարդը հավատա և ցանկանա քո կողքին լինել»:

Նրանով, ինչը, որպես արատավոր երևույթ՝ ներկայացրել է Գ. Ծառուկյանը, զբաղվում է իշխանությունը` աշխատանքի է ընդունում միայն յուրայիններին, ընդդիմադիրներին ազատում է աշխատանքից: Ծառուկյանը Բալասանյանին կոչ է անում այդպես չվարվել ընդդիմադիրների հետ: Նման կոչ չեն անում ընդդիմադիր, նույնիսկ «այլընտրանքային» ուժի ներկայացուցչին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս