«ԲՀԿ-ին չի կարելի նույնիսկ գործակցող ընդդիմություն անվանել». Ժ.Սեֆիլյան
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ-ի առաջարկին, ասաց. «Հայաստանի քաղաքական (կառավարման) մշակույթն ու կառավարման համակարգը և, առաջին հերթին, օգտապաշտ առևտրականի էություն ու բնույթ ունեցող «վերնախավը» անհամատեղելի են ազգի, պետության և մարդու հետագա գոյության հետ, և ասվածից պետք է հետևություն անել, որ կառավարման այս կամ այն համակարգի ընտրությունը հարցի լուծում չէ»:
Նաև հավելեց. «Խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը վարչախումբն է ծնել, սակայն ասպարեզ է նետել պաշտոնական ընդդիմության միջոցով: Թեպետ հատկապես ԲՀԿ-ին չի կարելի նույնիսկ գործակցող ընդդիմություն անվանել, քանի որ այն իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի օրգանական մաս է կազմում: Այդ մասին են վկայում դրա առաջնորդի կողմից Նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին ուղեկցելու, երկրից մեկնելիս և վերադառնալիս բրեժնևյան ավանդույթներով դիմավորելու ու ճանապարհելու փաստերը, ինչպես նաև այդ կուսակցությունը ներկայացնող պատգամավորների քվեարկությունները:
Մասնավորապես` հատկանշական է վերջին դեպքը, երբ այդ կուսակցության ներկայացուցիչն, անհեթեթ պատրվակով նենգաբար ճողոպրելով, խուսափեց Վահե Ավետյանի սպանության գործով խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ հարցի քվեարկությանը մասնակցելուց և ձախողեց այդ ձեռնարկումը»:
Ժիրայր Սեֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: