Բաժիններ՝

Ռիսկերի մասին խոսելու ռիսկերը

«Ազգային միաբանության» առաջնորդ, երբեմնի ընդդիմադիր, իսկ այժմ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր խոսել է հաջորդ տարվա բյուջեի մասին և ասել՝ 2013 թ. բյուջեն երաշխիք է, որ այլևս չենք ունենա կտրուկ անկումներ, ինչպես 2009 թ., երբ ՀՆԱ-ն նվազեց 14.1%-ով։

Լավատեսության պատճառն այն է, որ, ըստ Գեղամյանի, բյուջեն իրատեսական է և կկատարվի՝ անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: ԱՄ առաջնորդը հատուկ ընդգծել է, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ կառավարությունը ներկայացրել է մի բյուջե, որում առկա է հնարավոր ռիսկերի վերլուծությունը:

Սա իրոք զարմանալի տրամաբանություն է։ Ստացվում է, որ ճգնաժամից խուսափելու ամենաարդյունավետ ճանապարհն այդ ռիսկերի մասին համապատասխան գրառում կատարելն է բյուջեում։ Եթե այդպես լիներ, ապա պարտքային ճգնաժամի մեջ հայտնված եվրոպական երկրներն իրենց խնդիրները լուծելու համար պետք է պարզապես 2013 թվականի իրենց բյուջեներում նկարագրեն զարգացման վատագույն սցենարները և հանգիստ սպասեն «անանկում» հաջորդ տարվան։

Եթե ավելի լուրջ, ապա ռիսկերի վերլուծությունն ամենևին չի ապահովագրում անկումից։ Այն պարզապես թույլ է տալիս պատրաստ լինել հնարավոր անկմանը և անակնկալի չգալ։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ առաջինն է բյուջեում ներկայացված հնարավոր ռիսկերի վերլուծություն, ապա դա այնքան էլ այդպես չէ։ Օրինակ՝ 2012թ. բյուջետային ուղերձի 3.8.2 մասը կոչվում է «Կանխատեսումներում առկա ռիսկերը»։ Այդտեղ ներկայացված են թե՛ արտաքին միջավայրի ռիսկերը (եվրոյի գոտու ճգնաժամ, մետաղների գների անկում), թե՛ ներքին (շինարարության ոլորտի աճ, ներդրումային պասիվություն, և այլն)։ Արդարության համար նշենք, սակայն, որ այս տարի, բացի նկարագրական մասից, տրվել էր նաև այդ ռիսկերի թվային գնահատականը բյուջեի կատարման առումով։ Այն կազմել էր 74 միլիարդ դրամ (168.am-ում այդ թեմային արդեն անդրադարձել ենք

Եվս մի հետաքրքիր դիտարկում։ Օրինակ, 2012թ. բյուջեի ռիսկերի մասւում նշված է. «Եթե մետաղների գները 2012թ.-ի ընթացքում միջին հաշվով ավելի ցածր մակարդակ գրանցեն, քան կանխատեսվում է (կապված թե Ասիական երկրների սպասվածից ավելի քիչ տնտեսական աճով, թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունների սպասվածից ավելի թույլ պահանջարկի ձևավորումով), ապա վերջինս կհանգեցնի Հայաստանի մետաղների արտահանման թուլացման` հետևաբար և ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղման»:

Իրականությունը ցույց տվեց, որ այդ ռիսկն իրականություն դարձավ՝ մետաղների գներն անկում ապրեցին, ինչը բացասաբար ազդեց մեր արտահանման վրա։ Մինչդեռ վերը նշված տրամաբանությամբ՝ նման բան չպետք է լիներ. Չէ՞ որ բյուջեում այդ ռիսկը կանխատեսված էր։

Իհարկե,  կասկած չունենք, որ Արտաշես Գեղամյանը, լինելով փորձառու գործիչ և մասնագետ, գիտի այս ամենը։ Ավելին, նա գիտի նաև բյուջում չնշված ռիսկերի մասին, և դեռ այն ժամանակվանից, երբ քլնգում էր իշխանություններին։ Պարզապես ՀՀԿ մանդատը նրան ստիպում է բյուջեի, տնտեսության և ռիսկերի մասին խոսել այն տեսանկյունից, ինչ տեսանկյունից որ խոսում է։ Քանի որ պատգամավորական մանդատի դեպքում ևս առկա են ռիսկեր (ինչպես տնտեսության դեպքում), որոնց վերլուծությունը մեր պատգամավորներն ի սկզբանե են կատարում և ամենայն խորությամբ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս