Ֆրեյդը ճիշտ էր. Մոռանում ենք այն, ինչ ցանկանում ենք
Հայաստանում կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխելու հարցն օրակարգային է ԱԺ գրեթե բոլոր կուսակցությունների համար` ՀՀԿ-ից բացի:
Այս կուսակցությունը, երկար ու ձիգ տարիներ, Հայաստանի ղեկը պահում է իր ձեռքում: Եվ, դատելով երեկ խորհրդարանում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթից` ՀՀԿ-ն կուսակցություններից ամենաազնիվն է, նվազագույն աշխատավարձի երաշխավորը. «Ո՞վ բյուջեն դեֆիցիտից բերեց ավելացման, ո՞վ լուծեց սոցիալական պրոբլեմները, ո՞վ կրճատեց աղքատությունը (…):
Միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»: Պարոն Շարմազանովն անդրադարձավ ՀՀԿ-ի, նկատենք, համեստ այլ արժանիքներին ևս. ՀՀԿ-ում ուղղակի վստահ են` ժողովրդի մեծամասնությունն իր հույսերը կապում է բացառապես այս կուսակցության հետ: Հռետորին նման եզրակացության հիմք է տվել ընտրություններին ԿԸՀ-ի ներկայացրած թիվը` մոտ 667.000 ձայն: Այդ թիվը բառերի լեզվով նշանակում է` ընտրողների ջախջախիչ մեծամասնություն:
Ավելի նյութականացնենք` 131 պատգամավորից նույն հապավումով անդամատոմսից ունեն 69-ը: Իսկ կուսակցությունն ինքն ունի ավելի քան 135.000 անդամ: Թիվը տպավորիչ է: Սակայն, ինչպես մյուս մեծ կամ ուռճացված կուսակցությունները, այս դեպքում էլ ՀՀԿ-ն շարքային անդամների կուսակցություն չէ: ՀՀԿ-ի իրական թիվը ԱԺ պատգամավորների և կառավարության ՀՀԿ-ական անդամների գումարն է: Շարքային ՀՀԿ-ականների համար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելը բարդ միջոցառում է, որը, որպես կանոն, պսակվում է անհաջողությամբ:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքում հետաքրքիր դեպք արձանագրվեց: Չիկագոյում նախագահի թեկնածու Օբամայի նախընտրական շտաբ է զանգահարում մի աղջնակ և խնդրում խոսափողը փոխանցելգ Օբամային: Ինչը շտաբի անդամներն անմիջապես անում են։ «Բարաք Օբաման է»,- լսում է աղջիկը խոսափողից: Հասկանալի է, ականջներին չի հավատում: Սակայն Օբաման համբերատար համոզում է, որ խոսողն ինքն է: Նախընտրական հնա՞րք է: Հնարավոր է: Սակայն գրագետ հնարք է, որը մեզ մոտ չտեսության բերումով չի կիրառվում:
ՀՀԿ-ն որքան էլ բազմադեմ է, սակայն, այդուհանդերձ, քարացած կառույց է, ուր կուսակցական էլիտայի համար ընդունելի է միայն նախագահի` Սերժ Սարգսյանի խոսքը: Որևէ մեկն իրավասություն չունի իր պաշտոնական դիրքի շրջանակներում կադրային փոփոխություններ իրականացնել: Դավադրության տեսությունն այստեղ աշխատում է անխափան: Կադրային փոփոխություն իրականացնել կարող է միմիայն երկրի ղեկավարը: Սակայն չի անում:
Եվ կառավարման նախագահական այս ձևի դեմ բողոքում են մյուս կուսակցությունները: Նրանց կարծիքով` հնարավոր է միավորվել մեկ վեհ նպատակի շուրջ` անվստահություն հայտնել իշխանություններին:
Սակայն երիցս ճիշտ է պարոն Շարմազանովը` նայեք ԱԺ ցուցակին` ՀՀԿ-ի և խորհրդարանական մյուս կուսակցությունների համամասնությունը հօգուտ ՀՀԿ-ի է: Եվ, ահա, սկսվել են միջկուսակցական բանակցությունները: Դրանք խորհրդավորության շղարշով ծածկված հանդիպումներ են` առայժմ չգաղտնազերծված նյութի շուրջ: Կառավարման նախագահական ձևը Հայաստանում չի աշխատում: Չի աշխատի նաև կառավարման խորհրդարանական ձևը, քանի որ գործող անձինք հայտնի կուսակցություններն են` հետաքրքրված միայն սեփական առողջությամբ և երջանկությամբ:
Իշխանափոխության բազում խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան, և նորակազմ ընդդիմությանն օգնության է գալիս սահմանադրության փոփոխությունը: Ընդդիմությունը գիտի` պետք է լինի «քաղաքակիրթ»: Ինչո՞ւ դուրս գալ փողոց, քայլել նրա բանուկ մասերով, հակաիշխանական բովանդակության պաստառներ պարզել և հակաիշխանական լոզունգներ բղավել:
Առավել ևս` օդերևութաբանների տեսությունը մտահոգիչ է. ցրտեր են սպասվում: Ի՞նչ փողոց, երբ կա ավելի լայնածավալ տարածք` համացանցը: Ինչո՞ւ կրել պաստառներ, երբ ձեռքիդ կա այփբադ, այֆոն կամ տեխնիկայի այլ միջոց: Քո յուրաքանչյուր ընդդիմադիր միտքը, շունչն անմիջապես տեղադրվում է Ֆեյսբուքում և հարյուրավոր «լայքերի» արժանանում: Բլոգներում, հարցազրույցներում կարելի է ներկայացնել հարազատ կուսակցության տեսակետը` գործից չկտրվելով, տաք սուրճի բաժակն ամուր գրկած:
Եվ մի կարևոր հանգամանք. սահմանադրական փոփոխությունները կատարվում են հանրաքվեի միջոցով: Ընտրողների համար միանգամայն մեկ է` կառավարման որ համակարգն է Հայաստանում` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Հետևաբար` արդար քվեարկության դեպքում սահմանադրական այս փոփոխությունը կողմնակիցներ չի ունենա: Մարդիկ` հոգնած և ձանձրացած, պարզապես քվեարկության չեն գնա: Առավել ևս` նման փորձ արդեն ունենք: 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, ըստ ընդդիմության տվյալների, քվեարկել էր ընտրողների 15,3 տոկոսը: Այսինքն` քվեարկելու իրավունք ունեցողների 84,7 տոկոսը բոյկոտել էր հանրաքվեն: Հիշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել էր 1,4 միլիոն ընտրող:
Ո՞վ է կասկածում, որ եթե իշխանությունները գնան գործարքի ընդդիմադիր դաշտի հետ և հանրաքվեի դնեն սահմանադրական փոփոխությունները, մասնակցությունը կլինի ավելի քիչ: Թեև կներկայացվեն ուռճացված տվյալներ` մոտավորապես մեկուկես միլիոնի կարգի: Այդ ժամանակ ընդդիմությունը կխոստովանի՞, որ հանրաքվեն կեղծված է:
Թեև նման իրավիճակների համար ունենք այլ նախադեպ` կարելի է վերհիշել պատմական որևէ նախադեպ, երբ հանուն բարձր գաղափարների կարելի է գնալ նման գործարքների: Հասկանալի է` հանուն Հայաստանի բարգավաճ ապագայիգ