Назад, Հայաստան

Վերջին մեկ-երկու ամիսներին քաղաքական ուժերի ու փորձագիտական հանրության շրջանում համեմատաբար պասիվացել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թեմայի քննարկումը: Այս տարվա ամռանն ու աշնան սկզբում այդ հարցը դարձել էր Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության թեմայի շուրջ «գրոհից» տպավորություն էր ստեղծվում, որ ռուսական իշխանություններն ու այդ հարցով շահագրգիռ հայաստանյան շրջանակները ստուգում էին Հայաստանի քաղաքական ուժերի ու հանրության արձագանքը: Եվ այն, որ դրանից հետո այդ թեմայի շուրջ կրքերը մարեցին, ամենևին չի նշանակում, որ Ռուսական իշխանությունները` տեսնելով Հայաստանում Եվրասիական միության նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը, հրաժարվեցին այդ գաղափարից: Ճիշտ հակառակը, ըստ ամենայնի, որոշվել է, որ այդ հարցի ակտիվացման հաջորդ փուլը պետք է լիներ Հայաստանում նախագահական ընտրություններից ոչ շատ առաջ, ինչը և տեղի է ունենում արդեն այս օրերին: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վաղը Երևանում կայանալիք միջոցառումը, որով, ըստ էության, տրվում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի երկրորդ` գուցե վերջին փուլը:

Նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի են ունենալու Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցելու են Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Այս ցանկում, չնչին բացառություններով, ներառված են քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրը սեփական երկրում համարվում է Եվրասիական միության ջատագովը: Ի դեպ, ուշագրավ է, որ այս միջոցառման մասին տեղեկացնող պաշտոնական հաղորդագրությունը տարածել է ՀՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այսինքն` ՀՀԿ-ն, որ դեռևս խուսափել է պաշտոնական դիրքորոշում հայտնել այս հարցի վերաբերյալ (բացառությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն աննպատակահարմար համարող հայտարարության), «Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ»  անվանումը կրող միջոցառումն անց է կացնում իր «բարձր հովանու ներքո»: Հասկանալի է, որ որևէ նշանակություն չունի, թե ինչ հարցեր են քննարկվելու, ինչ ելույթներ են հնչելու այդ միջոցառման ժամանակ: Կարևորը բուն փաստն է, որ ՀՀԿ-ն` որպես Հայաստանում իշխող կուսակցություն, «իր վրա է վերցրել» Եվրասիական միությանը նվիրված միջոցառումը: Ուշագրավ է, որ այդ միջոցառումը տեղի է ունենալու այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթով գտնվելու է Եվրոպայում:
Այս քայլով ՀՀԿ-ն, իմա` նախագահ Սերժ Սարգսյանը,  ցանկանում է ցույց տալ, որ «հոգով» կողմ է Եվրասիական միության ստեղծման գաղափարին, Հայաստանին դրա անդամակցությանը, և պաշտոնապես դեռևս չի շտապում հայտարարել այդ ոգևորությունը` ընդամենը նախագահական ընտրություններից առաջ Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով: Թե որքանով այդ «խորհրդակցական վերաբերմունքը» կբավարարի Ռուսաստանի իշխանություններին ու անձամբ Վլադիմիր Պուտինին, դժվար է ասել: Դա պարզ կլինի, թերևս, մեկ շաբաթ հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իր եվրոպական տուրնեից հետո`բարի ավանդույթի համաձայն, Հայաստան կվերադառնա Մոսկվայով: Վաղը Երևանում մեկնարկող միջոցառումների ժամանակ ՀՀԿ-ականները պետք է ջանք չխնայեն՝ ցույց տալ իրենց նվիրվածությունը Եվրասիական միության գաղափարին, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա Պուտինին համոզել՝ ավելի հստակ ու պաշտոնական պատասխան չպահանջել դեկտեմբերին: Բանն այն է, որ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում տեղի են ունենալու «այս թեմայով» միանգամից մի քանի միջոցառումներ` ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Մաքսային միության գագաթաժողովները: Այդ մասին դեռևս սեպտեմբերին հայտարարել էին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Ակնհայտ է, որ բոլոր այդ միջոցառումների լեյտմոտիվը լինելու է ապագա համագործակցությունը, այսինքն` Եվրասիական միությունը: Իսկ դրանից ուղիղ երկու ամիս անց` փետրվարի 19-ին, Հայաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Այսինքն` Ս. Սարգսյանը կարող է ստիպված լինել դեկտեմբերին Մոսկվայում ստանձնել որոշակի պարտավորություններ` փետրվարյան ընտրություններում հաղթանակ կամ առնվազն անցնցում հաղթանակ ապահովելու համար:

Մյուս կողմից՝ այս սպառնալիքը Սերժ Սարգսյանի համար որոշակի շահեկան վիճակ է ստեղծում արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: Այսինքն` Փարիզում Ս. Սարգսյանը կարող է իր մտահոգություններն արտահայտել առ այն, որ դեկտեմբերին Մոսկվայում իրեն կարող են «փակուղու» առաջ կանգնեցնել, և, որպեսզի ինքը ստիպված չլինի Եվրասիական միությանն անդամակցելու պարտավորություն ստանձնել, Արևմուտքը պետք է երաշխավորի իր անցնցում վերընտրությունը փետրվարին:

Տեսանյութեր

Լրահոս