«Հայաստանում շաքարախտով հիվանդները ստանում են լավագույն ինսուլինները»
Հայաստանում տարեցտարի լավանում է շաքարախտով հիվանդների`դեղերով ապահովվածության վիճակը: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, «Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի» նախագահ Էլզա Հայրապետյանը:
«Եթե ընդամենը յոթ-ութ տարի առաջ շատ ծանր էին ինսուլինի հետ կապված խնդիրները, էլ չեմ խոսում, որ հաբերն ընդհանրապես շատ դժվար էր ապահովելը, այժմ մենք հասել ենք նրան, որ մեր հիվանդներն առաջին տիպի շաքարախտի դեպքում ապահովված են ինսուլինի տարբեր դեղամիջոցներով»,- նշեց էնդոկրինոլոգը:
Ըստ նրա`շատ կարևոր է, որ Հայաստանում շաքարախտով հիվանդները ստանում են լավագույն ինսուլինները: Նրա հաղորդմամբ`դրանք գնվում են աշխարհի լավագույն ընկերություններից և բավական թանկ են:
Դրանք, Էլզա Հայրապետյանի հաղորդմամբ, գնվում են ԱՄՆ և եվրոպական լավագույն ընկերություններից. «Եթե մի քանի տարի առաջ չնչին էր այդ դեղամիջոցների քանակը, ապա այս տարի մենք արդեն կարողանում ենք ավելի շատ ապահովել հիվանդներին: Ես վստահություն եմ հայտնում, որ եթե այսպես գնա, կգան այն տարիները, երբ մեր շաքարախտով հիվանդները շաքարն իջեցնող դեղամիջոցներով լիարժեք ապահովված կլինեն»:
Նրա խոսքով` այսօր Հայաստանում չկան շաքարախտի դեմ տեղական արտադրության դեղամիջոցներ:
Էլզա Հայրապետյանի հաղորդմամբ`Հայաստանում շաքարախտով հիվանդները անվճար սպասարկվում են տեղամասային պոլիկլինիկաներում, իսկ հիվանդանոցներում անվճար սպասարկվում են հատուկ սոցիալական խմբերի մեջ մտնող մարդիկ: Պետական պատվերի շրջանակներում, անկախ սոցիալական խմբից, ըստ բժշկի, բուժվում են նաև կոմատոզ վիճակում ընդունված հիվանդները մինչև նրանց`կոմայից դուրս գալը: