Ծառուկյանը դո՞ւխ կունենա առաջադրվել
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա պահպանել իր՝ վերջին շրջանում դրսևորած ագրեսիվ և կառուցողական նոտան, ապա հնարավոր է՝ հավակնի երկրորդ կամ երրորդ տեղի համար:
«Իսկ ինտրիգի կենտրոնում կմնա ԲՀԿ-ն: Ով պոկեր է խաղացել` կիմանա դրա արժեքը, ցանկացած պահին ջոկերը կարող է դառնալ ցանկացած խաղաքարտ: ԲՀԿ-ն կարող է վերադառնալ կոալիցիա, կարող է առանձին թեկնածուով հանդես գալ, կարող է աջակցել որևիցե թեկնածուին, այսինքն՝ ցանկացած երեք տարբերակների հավանականությունը պահպանվում է: Մնում է տեսնել, թե նրանց տարեկան ժողովն ի՞նչ որոշում կկայացնի և ո՞վ կներկայացվի որպես նախագահի թեկնածու, որովհետև նրանցից է կախված այդ մասնատումը: Եթե մասնակցեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, ապա վարկանիշային տարբերակները կարող են լինել տարբեր: Բոլոր դեպքերում ԲՀԿ-ից է կախված լինելու ՝ ընտրությունները կլինեն միափո՞ւլ, թե՞ երկփուլ»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Հարցին, թե իր նշած երեք տարբերակներից ո՞րն է առավել հավանական, վերջինս պատասխանեց. «ԲՀԿ-ՀՀԿ կամուրջ կա` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջոցով, որովհետև նա երկու կողմերի հետ ունի և՛ անձնական, և՛ կուսակցական, և՛ գուցե բիզնես կապեր: Կարող է լինել քաղաքական առևտուր, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում»: Սոցիոլոգի խոսքով՝ ինքը չի պատկերացնում, որ Գ. Ծառուկյանն իր երեսուն տոկոս ձայներով կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ Լ. Տեր-Պետրոսյանն աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Հիմա հարցն այն է, գողական լեզվով ասած՝ Ծառուկյանը դուխ կունենա՞ իրեն առաջադրել, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ նստած-հելած տղեքրը, օրինակ« Յանուկովիչը, երկու անգամ նստել է, բայց նախագահ է, ու բավական հաջող նախագահ է երկրի համար: Այսինքն՝ անցյալը պետք է բացասական դեր չխաղա ներկայի վրա»: