«Պետբյուջեից շների ստերջացմանն ուղղված գումարները ոմանց անձնական բիզնեսն են»

Ասում է «Դինգո» կամավորների թիմի համահիմնադիր Օվսաննա Հովսեփյանը

2008 թվականից Երևանում փողոցային կենդանիների խնամքով և որդեգրմամբ զբաղվող կամավորների խումբ է գործում` «Դինգոն»: Կազմակերպության նպատակն է՝ լուծել «թափառող կենդանիների հարցը»: Վերջին մեկ տարվա ընթացքում կամավորական թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանի շուրջ համախմբվեցին ավելի քան 800 կամավորներ, ովքեր ամեն օր զբաղվում են փողոցային կենդանիներին կացարան, սնունդ և անասնաբուժական օգնություն տրամադրելով:

««Դինգո» կամավորների թիմը քաղաքացիական նախաձեռնություն է, որի անդամները կենդանասեր կամավորներ են: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում կամավորները բուժել և տուն են գտել ավելի քան 600 կենդանիների համար: Քանի որ շներն այս պահին, մնացած կենդանիների համեմատ, «պետականորեն են հետապնդվում», նրանք ավելի վատ վիճակում են գտնվում: Նրանց նկատմամբ Երևան քաղաքը չափազանց դաժան է: Փողոցում վիրավորված շանը ոչ ոք «բանի տեղ» չի դնում, ու նրանք կարող են այդպես էլ օրերով պառկած մնալ փողոցում ու տանջամահ լինել: Մենք նրանց հնարավորության դեպքում հանձնում ենք որդեգրման, քանի որ դա լավագույնն է այս պահին, ինչ մենք կարող ենք անել կենդանիների համար»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Դինգո» կամավորների խմբի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

– Դիմե՞լ եք պատկան մարմիններին՝ աջակցություն ստանալու համար:

– Բազմիցս: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից անգամ ստացել ենք նման պատասխան` «Խփել ենք, խփում ենք ու պիտի խփենք»: Դիմել ենք բոլոր քաղաքապետերին՝ առանց բացառության: Առայժմ պատկերը նույնն է:

– Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի՞նչ է ասում:

– Ներկայիս քաղաքապետը փորձում է իրեն ավելի կենդանասեր ցույց տալ: Նրա խոսքերով՝ կատարվում է միայն ստերջացում և վերադարձ: Բայց գործնականորեն ամեն ինչ նույնն է, շներին կամ փողոցից հավաքում-տանում են իրենց մոտ սպանում, կամ էլ գնդակահարում են հենց փողոցում: Մի քանի օր առաջ էլ մեկը մեր խմբում գրել էր, որ Վաղարշյան փողոցի վրա գնդակահարում են շներին:

– Պետբյուջեից շների խնամքի համար գումար է հատկացվում: Չե՞ք դիմել հատկացվելիք գումարից մի որոշ մաս Ձեզ տրամադրելու համար:

– Պետբյուջեից ամեն տարի (արդեն 7-րդ տարին է) հատկացվում է 180 մլն դրամ: Ամեն շան ստերջացումն արժե 9-13.000 դրամ, իսկ սպանելն անվճար է, կամ ամենաշատը կարող է արժենալ, ասենք, 1000 դրամ: Հիմա ինքներդ հաշվեք՝ որքա՞ն գումար են աշխատում ամեն «ստերջացված» կենդանու համար, որն իրականում սպանվում է, բայց հաշվետվության մեջ ներկայացվում է՝ որպես ստերջացված:

– Ձեր խմբի մասին քչերը գիտեն, չե՞ք կարծում, որ պետք է Ձեր գործունեությունը, կատարված աշխատանքը գովազդել, որպեսզի ավելի շատ շներ փրկվեն:

– Իհարկե, շատ լավ կլիներ: Որքան շատանանք, այդքան կշահեն կենդանիները: Ուղղակի մեր կամավորներն այնքան քիչ են, իսկ կենդանիները, որոնց պետք է օգնել, այնքան շատ, որ մենք հազիվ ենք հասցնում զբաղվել նրանցով: Եթե գտնվեր կամավոր, ով կզբաղվեր կոնկրետ խմբի մասին տեղեկությունը տարածելով, գովազդներով, և այլն, ուղղակի հիանալի կլիներ:

– Դիմե՞լ եք որևէ մեկին՝ աջակցություն ստանալու համար:

– Պետական մարմինները թափառող կենդանիների համար արդեն իսկ հատկացնում են տարեկան այդքան գումար, և դա հենց պետական որոշ պաշտոնյաների նեղ անձնական բիզնեսն է: Այնպես որ, անիմաստ եմ համարում դիմել ֆինանսավորման համար: Մենք ֆինանսավորման համար ընդհանրապես երբևէ չենք դիմել որևէ տեղական կամ միջազգային կառույցի: Մենք մեր գործն անում ենք բացառապես միայն կամավոր բարեգործների նվիրատվությունների շնորհիվ:

– Ի՞նչ հաճախությամբ եք բարեգործական դրամահավաքներ կազմակերպում:

– Բարեգործական դրամահավաքներ կազմակերպում ենք ամսական 2-3 անգամ: Դրամահավաքներին մեզ հետ լինում են նաև որդեգրման ենթակա ձագուկներ, շատերի համար հենց այդպես ենք տերեր գտել:

– Մոտավորապես որքա՞ն գումար եք հավաքում շներին օգնելու համար:

– Կախված է անհրաժեշտությունից: Օրինակ, ասենք՝ շունն ունի վիրահատության կարիք, և գիտենք, որ արժենալու է որոշակի գումար, հենց այդպես էլ հայտարարում ենք, որ մեզ պետք է այդքան գումար: Սակայն միշտ ավելի քիչ է հավաքվում, քան անհրաժեշտ է, և մենք միշտ պարտք ենք մնում բժիշկներին, օրավարձով պահողներին: Կարճ ասած՝ մի կերպ ենք հասցնում:

– Որքա՞ն կկարողանաք այդպես աշխատել:

– Շատ դժվար է ասել, քանի որ կամավոր հիմունքներով նման պայմաններում աշխատելն իսկապես բարդ է: Բոլոր կամավորներն ունեն ընտանիքներ, աշխատում են, բայց այդքանի հետ մեկտեղ՝ հասցնում են իրենց կյանքից որոշակի ժամանակ գտնել նաև կենդանիներին փրկելու համար: Ավելի քան երկու տարի` կամավորների թիմը գոյություն ունի, իսկ հենց «Դինգոն» արդեն 1 տարի է գործում: Ինձ թվում է՝ մենք միշտ էլ կլինենք:

– Ավելանո՞ւմ են Ձեր շարքերը:

– Եթե հաշվի առնենք, որ ես մենակ եմ սկսել, իսկ հիմա խմբում 800-ից ավելի մարդ կա ընդգրկված (որոնց մեջ մոտ 20-ը՝ ակտիվ կամավորներ), ապա ակնհայտ է, որ մեր շարքերն ավելանում են: Մեր նպատակն է՝ գնալով շատանալ, նպաստել նման գիտակցության զարգացումը, հասարակական մոտեցումները փոխել և հարկ եղած ժամանակ օգնել ցանկացած կառույցի` այս հարցը քաղաքակիրթ, բարոյական ու նորմալ լուծելու հարցում:

– Ի՞նչ ես կարծում, Հայաստանում հնարավո՞ր է այս հարցին վերջնական լուծում տալ:

– Այն գումարներով, որոնք պետբյուջեից տրամադրվում են այս խնդրի կարգավորման համար, կարելի է 3 տարում լուծել այդ հարցը: Շատ ավելի քիչ գումարով և շատ ավելի կարճ ժամանակում, օրինակ, Սլովենիան և Իսրայելը վերջնականապես լուծել են թափառող կենդանիների խնդիրը: Հայաստանում չեն ցանկանում խնդիրը լուծել. եթե խնդիրը լուծվի, ապա այլևս առիթ չի լինի նման գումարներ պետբյուջեից դուրս գրելու: Այդ իսկ պատճառով՝ կլուծվի միայն այն ժամանակ, երբ այդ ամենի գլխին կանգնած լինի իսկապես կենդանասեր մարդ:

Տեսանյութեր

Լրահոս