Բաժիններ՝

Ջրի որակը և առողջությունը

«Աստուծոյ Հոգին շրջում է ջրերի վերայ։ Եվ Աստուած ասեց, Լոյս լինի.
եւ լոյս եղավ»։

Հայտնի է, որ մարդու օրգանիզմում առավել քանակությամբ պարունակվող նյութը ջուրն է։ Տարիքի հետ ջրի քանակությունը նվազում է։ Օրգանիզմի ջրազրկումը հղի է վտանգներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հնարավորության սահմաններում կասեցվի ծերացման ընթացքը։ Առաջին հերթին պետք է հետևել ջրի մաքրությանը։ «Առողջություն» խորագրի նախորդ համարում գրել ենք ջրի մաքրման որոշ եղանակների մասին, այսօր շարունակելու ենք այդ թեման։

Ջուրը մաքրում է մարդու մարմինը ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։ Հայտնի է, որ ջուրը գտնվում է օրգանիզմի բջիջներում` մոտ 65 տոկոսը, և հյուսվածքներում, բացի այդ, ջուրն անընդհատ գտնվում է շրջանառության մեջ։ Տարբեր ճանապարհներով օրգանիզմը օրվա ընթացքում կորցնում է մոտ 2-3 լիտր ջուր։

Ժամանակակից հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուր կարելի է խմել թե սնվելուց առաջ և թե հետո, կամ` սնվելու ժամանակ, վերջին դեպքում` ոչ մեծ, 50-100 մլ չափաքանակներով։

Կարդացեք նաև

Ի՞նչ եղանակներով ենք լրացնում ջրի անհրաժեշտ քանակը. մրգի և բանջարեղենի (ընդհանուր քաշի ավելի քան 80 տոկոսը), կաթի (88), կաթնաշոռի (70), պանիրի (50), հացի (40) միջոցով։ Եթե մարդը չի ուտում ապուրներ, ապա նա պետք է խմի օրն առնվազն 1,5 լիտր ջուր։

Հեքիաթներից գիտենք «կենդանի» և «մեռած» ջրերի մասին։ Գիտականորեն դա թթվային, չեզոք կամ ալկալիական որակվող ջրերն են։

Բարձր թթվայնություն և ալկալիականություն ունեցող ջրերն ունեն զգալիորեն տարբերվող հատկություններ. դրանք որակվում են` որպես «մեռած» և «կենդանի»։ Նման ջրերը ստանում են ջրի հիդրոլիզի միջոցով։ Նույն հեքիաթներից մենք գիտենք, որ երկու տեսակի ջրերն էլ կարևոր են։ Առաջինն ունի ուժեղ մանրէասպան, ախտահանիչ հատկություն։ Օգտակար է, որ թթվայնություն ունեցող ջրով ողողեք բերանը սնվելուց հետո. 200 մլ ջրով` 8-10 րոպե։ Այդ գործողությունը կանխարգելում է կարիեսի առաջացումը և լնդերի արյունահոսությունը, պաշտպանում է վարակային ինֆեկցիաներից։

«Մեռած» ջուրը կիրառվում է սնկային հիվանդությունների բուժման համար։

  • Խմեք 30-50 մլ` օրը 2-3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ կամ 2 ժամ հետո։ Խորհուրդ է տրվում հիպերտոնիայի, անքնության դեպքում։ Պահպանման ժամկետը 7-10 օր է։

Ալկալային «կենդանի» ջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակաօքսիդանտ, հակաալերգեն, վերքերը բուժող հատկություն։ Այս որակի ջուրը նաև էներգիայի մատակարար է։

  • Խմեք 70-100 մլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ կամ հետո։ Լավացնում է ախորժակը, մարսողությունը, նյութերի փոխանակությունը, բարձրացնում է արյան ճնշումը, փափկեցնում է մաշկը և հարթեցնում կնճիռները, մաքրում մազերի թեփը։

«Կենդանի» ջրի պահպանման առավելագույն ժամկետը 7 օր է։ Ակտիվացված ջրերը պետք է պահպանել փակ ապակյա տարայում, սենյակային պայմաններում, էլեկտրամագնիսական դաշտերից հեռու, դրանք զգայուն են ջերմային ազդեցությունների հանդեպ։

Եթե բուժումը կատարվում է երկու ջրերով, ապա, օրինակ, «մեռած» ջուրը պետք է խմել «կենդանի» ջրից 1,5-2 ժամ հետո և` հակառակը։ Վերքերը մշակեք սկզբից` «մեռած», իսկ 10 րոպե հետո` «կենդանի» ջրերով։

Նախորդ անգամ խոսել ենք գիտակցական հիշողության մասին։ Այս կապակցությամբ ուզում ենք նկարագրել հանճարեղ մարդու, մասնագիտությամբ ոչ բժիշկ Բորիս Բոլոտովի բազմաթիվ հայտնագործություններից մեկը։ Ահա թե ինչպես է նա պատասխանել հետևյալ հարցին. «Ինչո՞վ կարելի է օգնել ձեռքի մատների փտախտի դեպքում»։

«Եղել է մի դեպք, որի մասին գրեցին Ուկրաինայի թերթերից մեկում։ Հիվանդի ոտքի ցրտահարված մատները հաջողվեց վերականգնել 14 ամսում. առանց վիրահատական միջամտության։ Հավանգի մեջ լավ տրորած հալվեին ավելացվեց 1 կգ կերակրի աղ, 30 գ ծովի աղ (Na2SO4), 30գ-MgSO4, 30գ-FeSO4, 2գ-CuSO4։

Գործնականում դա աղերի և սուլֆատների լուծույթ էր բույսի հյութի մեջ (95։100)։ Լուծույթով ծածկում էինք վերքերը և վիրակապում։ Երկու շաբաթ հետո վիրակապը թրջում էին մարգանեցի (մանգանեզի) լուծույթով և հանում։ Առողջ բջիջների նման լուծույթն անխոս վնասակար է սողացող կենդանիների բջիջների համար, որոնք, ի դեպ, կազմում են ցանկացած կենդանի օրգանիզմի «դաշտային» (ալիքային) կմախքի հիմքը. նման լուծույթը հանդիսանում է սնուցող միջավայր։

Նման բջիջները գոյություն ունեն մեր օրգանիզմում` որպես կենդանի արարածների միլիոնավոր տարիների էվոլյուցիոն զարգացման ընթացքում կուտակված ժառանգություն. սողացող կենդանիներից (ռեպտիլիաներ)` մինչև կաթնասուններ։ Հավանաբար այդ բջիջները մահանում են ամենավերջում և, վերականգնելով դրանք, նույնիսկ, եթե այլևս չի մնացել որևէ կենդանի բան, մենք կարող ենք վերականգնել ողջ օրգանիզմը, չէ՞ որ մնացած բջիջները շերտադարսվում են այդ կմախքի վրա։ Այժմ այս մեթոդը կիրառվում է տրոֆիկ խոցերի, այրվածքի, ցրտահարման դեպքում։ Այս խառնուրդն ամբողջապես շրջափակում է քաղցկեղի բջիջների առաջացումը և նույնկերպ վերականգնում ռեգեներացման գործընթացը։

Բացի հալվեից, նման հատկություն ունի նաև ծիծեռնախոտը»։
Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ հալվեի հյութի հիմնական բաղադրիչը ջուրն է, և օգտագործվում է մարգանեցի ջրային լուծույթը։ Բացի այդ, եթե, օրինակ, ջուրը զբաղեցնում է մարդու ճարպային հյուսվածքների ընդամենը 12 տոկոսը, ապա ոսկրերում պարունակվում է մոտ 20 տոկոս ջուր, իսկ ուղեղում` 75 տոկոս։ Ջուրն ունի հիշողություն, և ջրազրկման դեպքում նկատվում է քնկոտություն, գլխացավ, առոգանության կորուստ, շարժողական ֆունկցիայի խանգարում։

Կա «մեռած» և «կենդանի» ջրերի ևս մեկ եղանակ. դա արվում է ծառերի էներգետիկ դաշտի օգնությամբ։ Կեչու (կամ կաղամախու) 20 սմ տրամագծով և 10 սմ երկարությամբ գլանաձև հատվածի կենտրոնում բացում են 7 սմ տրամագծով անցք, իսկ կողերից 7 տեղում սղոցում են 3,5 սմ խորությամբ նեղ փոսիկներ, որոնք պետք է հավասարահեռ լինեն մեկը մյուսից։ Նման սարքը մի քանի կարգով ուժեղացնում է բնափայտի կենսաէներգետիկ դաշտը։

Սարքի հեղինակն է ռուս գիտնական Բ.Պ. Դոդոնովը։ Ջրով լցված շիշը տեղադրվում է սարքի մեջ, վրայից ծածկում են պոլիէթիլենային թաղանթով. մշակման ժամանակը մոտ 40 րոպե է։ Կաղամախու գլանի միջոցով ստանում են` «մեռած», իսկ կեչու գլանի օգնությամբ` «կենդանի» ջրերը, որոնք օգտագործվում են վերոգրյալ ձևով։

Հասկանալի է, որ, եթե բնության մեջ գոյություն ունեն թթվային և ալկալային միջավայրեր, ապա դա բնորոշ պետք է լինի նաև մարդու օրգանիզմին։ Հայտնի է նաև, որ մարդու ստամոքսի միջավայրը թթվային է, իսկ հաստ աղիում միջավայրը ալկալիական է. այդ երկու միջավայրերի միջև կա պիլորուս կոչվող փականը։ Ոչ ճիշտ սնվելու կամ սթրեսի հետևանքով կարող է խախտվել ալկալիաթթվային հավասարակշռությունը, ինչը կբերի արյան բաղադրության փոփոխման։

Աչքի շաղկապող թաղանթը (կոնյուկտիվա) բնության կողմից նախատեսված մի հայելի է, որի գույնով հնարավոր է որոշել արյան ալկալաթթվային հավասարակշռության չափը։ Եթե արյան բաղադրությունը նորմայի մեջ է, ապա շաղկապենու գույնը վառ վարդագույն է, բարձր թթվայնության դեպքում` գունատ, իսկ ալկալիների բարձր տոկոսի դեպքում մուգ վարդագույն։

«168 Ժամի», թիվ 106-ում նկարագրել ենք սառեցրած-հալած և արծաթով ակտիվացված ջրերի հատկությունները. առաջինն ունի ավելի բարձր ալկալիականություն, քան սովորական ջուրը, երկրորդի մեջ համեմատաբար բարձր է թթվայնությունը։
Ի դեպ` կենցաղային պայմաններում ջրի սառեցման գործնականում առավել հեշտ եղանակը հետևյալն է.

  • Լցրեք ջուրը կաթսայի մեջ, դրեք սառնախցիկի մեջ, որոշ ժամանակ հետո առաջացած սառցե բյուրեղները հեռացրեք, երբ մնացած ջուրը սկսի սառչել, առանձնացրեք վրայի` ոչ թափանցիկ հեղուկը։

Սառեցրած-հալեցրած ջուրն իր կառուցվածքով մոտ է մարդու օրգանիզմում պարունակվող ջրին և հեշտությամբ է յուրացվում, պահպանման ժամկետը 10-12 ժամ է։
Հայտնի է, որ խնձորը հնագույն ժամանակներից համարվել է երիտասարդացնող պտուղ։ Մեր հայրենիքի ձորերում ծնված այս հրաշալի, առողջաբեր բույսի գերհասունացած պտուղներից ոչ պակաս օգտակար հատկություններ ունեցող քացախ են պատրաստում։ Թթվային «կենդանի» ջուր ստանալու համար հարկավոր է 1 թ/գ քացախը լուծել 200 մլ ջրում։ Այս լուծույթն օգտակար է գլխացավի, բարձր ճնշման դեպքում, ունի նիհարեցնող ազդեցություն։

  •   «Բուժարար ալվան ծաղիկը» («168 Ժամ», թիվ 76, 2012թ.) հոդվածում նշել ենք, որ թրախոտ ճահճայինն ունի այն առավելությունը, որ հարմար է լայն շրջանակի մարդկանց համար և հիվանդության նախնական փուլում օգնում է բավականին արագ և երկար է պահպանում ազդեցությունը։ Թրախոտը բացառիկ է նրանով, որ ինքնուրույն կարող է բուժել հոդային հիվանդությունները, ունի հակաուռուցքային, հակաալերգիկ հատկություն։

Բ.Բոլոտովն առաջարկել է հետևյալ դեղատոմսը.

  • 100 մլ ծավալ զբաղեցնող` մանրացրած արմատը 2 օր թրմեք 500 մլ 6 տոկոսանոց խնձորի քացախի մեջ, քամեք։ Կանխարգելիչ նպատակով օգտագործելու համար. 1 թ/գ-ն լուծեք 200 մլ ջրի մեջ։

Փափուկ և կոշտ ջրերը տարբերվում են, դրանց մեջ լուծված ալկալիական մետաղների աղերի պարունակությամբ. փափուկ է համարվում այն ջուրը, որի 1 լ-ը պարունակում է մինչև 3 մգ աղեր, կոշտ ջրի մեջ այդ չափորոշիչը 6-9 մգ է։

Կոշտ ջուրը նստվածք է թողնում լվացված սպիտակեղենի վրա, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ կտորի որակի և թե՛ մաշկի առողջական վիճակի վրա։ Նման դեպքում ջուրը կարելի է փափկեցնել սոդայի օգնությամբ։ Կենցաղում ջրի կոշտության չափը որոշելու համար տաք ջրի մեջ լուծում են օճառի խոշոր քերվածք, եթե հովանալուց հետո լուծույթը թափանցիկ է, ապա ջուրը փափուկ է։

Հասկանալի է, որ կոշտ ջրով լողանալու դեպքում փակվում են մաշկի ծակոտիները, առաջանում է թեփոտում, կոյակներ, ալերգիկ ցան։ Նման ջուր խմելիս օրգանիզմում առաջանում է չլուծվող կալցիումի և մագնիումի նստվածք, որը դառնում է միզաքարային հիվանդության պատճառ։

Ջրի լավագույն որակն ապահովելու համար աղերի բաղադրությունը պետք է լինի մոտ 1,5-4,5 մգ` 1 լիտրի մեջ։ Քլորացումը ջրի մանրէներից ախտահանելու առավել ընդունված եղանակն է, սակայն քլորը դժվար է դուրս գալիս օրգանիզմից, հարուցում է ասթմատիկ նոպաներ և զգալիորեն նպաստում սննդային ալերգիայի առաջացմանը։ Հայտնի է, որ աղիների միկրոֆլորայի վիճակից է կախված մարդու առողջությունը և երկարակեցությունը։ Քլորացված ջուրը վնասակար է արտաքին օգտագործման դեպքում, իսկ գոլորշին վնասում է թոքերը։ Իհարկե, այս բոլոր «վախերն» ի հայտ են գալիս քլորի հաճախակի ազդեցության դեպքում` մեկ-երկու բաժակ քլորացված ջուրն արյան (կամ մաշկի) որակը չեն վատացնի։

Խորհուրդ է տրվում նախքան խմելը ջուրը 4-5 անգամ թրմել բաց ապակե կամ արծնապատ կաթսայի մեջ. դա բավարար է, որ քլորը և այլ վնասակար գազերը գոլորշիանան, իսկ ծանր նյութերն իջնեն նստվածքի մեջ։ Օգտագործեք ջրի վերին շերտը` մոտ 3/4։

Ջրի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրել է. «Լավագույն տեսակը թափանցիկ ու թեթև տեսակն է։ Ջուրը պահպանում է մարմնի խոնավությունն ու հավասարակշռությունը, օգտակար է փորի և ներքին օրգանների համար։

Բժշկապետերն ասում են, որ լավագույնն աղբյուրի ջուրն է, սակայն օգտակար է այն աղբյուրի ջուրը, որը դուրս է գալիս տաք հողի միջից։ Օգտակար է նաև քարերի միջից դուրս եկող աղբյուրի ջուրը։ Տաք աղբյուրի ջուրը նպաստում է որովայնի խոռոչի ուռուցքների բուժմանը։ Այս ջուրը ներծծում է ուռուցքները, հանգստացնում է նյարդերը, տաքացնում է որովայնի խոռոչի օրգանները, բայց թուլացնում է ստամոքսը, աչքերի մթագնում է առաջացնում, փչացնում է արյունը, բայց հեռացնում է գազերը։ Անձրևաջուրը նպաստում է սննդի մարսման գործընթացին։ Ձյան և կարկուտի ջուրը վնասակար է։
Տաք ջուրը նպաստում է մարսողությանը, բայց ծարավը հագեցնել չի կարողգ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս