Գագիկ Մինասյան. Տարվա վերջին կունենանք 7.1% ՀՆԱ-ի աճ
«Բյուջեի քննարկման ժամանակ աշխատանքներն անցել են ծանր վեցօրյա ռեժիմով, քննարկումների ընթացքում բարձրացվել են բավականին էական հարցադրումներ, տրվել են համապատասխան պարզաբանումներ, ինչն էլ հույս է արթնացնում, որ լիագումար նիստում, որը կսկսվի հաջորդ երկուշաբթի, քննարկումների մակարդակը կլինի բավականին բարձր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ Մինասյանի, 2013թ. բյուջեի նախագիծը բարձր ՀՆԱ-ի աճ նախատեսող և մակրոտնտեսական ցուցանիշների բավականին բարձր կայունություն ապահովող բյուջեի նախագիծ է. «Մենք այս տարի ունենալու ենք շուրջ 7.1% ՀՆԱ-ի իրական աճ, եկող տարվա համար նախատեսվում է 6.2% ՀՆԱ-ի աճ, եթե դուք նայեք ԱՊՀ երկրները, չեմ կարծում, որ կգտնեք մի երկիր, որը առանց նավթ ու գազ արտահանելու՝ կունենա նմանատիպ բարձր շարունակական ՀՆԱ-ի աճի տեմպեր»,- նշեց Գ.Մինասյանը:
Վերջինիս համոզմամբ՝ կարևոր է նշել նաև այն ձեռքբերումները, որոնք գրանցել ենք մակրոտնտեսական կայունության բնագավառում: Խոսքը վերաբերում է գնաճի ցուցանիշին. «Նախորդ 10 ամիսների ընթացքում ունեցել ենք 3.4% գնաճ: Ակնհայտ է, որ տարին կավարտենք 4% (+/- 1.5%) գնաճի շրջանակներում: Եկող տարվա համար նույնպես նախատեսված է 4% (+/- 1.5%) գնաճ»,- նշեց բանախոսը:
Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ կարևոր է նաև արտահանման և ներմուծման ծավալներ աճի տեմպերը: «Այդ ցուցանիշները ևս բավականին խոսուն են: Եթե այս տարվա արտահանման աճի տեմպը շուրջ երկու անգամ է գերազանցելու ներմուծման աճի տեմպին, և դա շարունակական երևույթ է վերջին երեք տարվա համար, ի դեպ, նախատեսվում է այդ ցուցանիշի առավել բարձր տարբերություն՝ ի օգուտ արտահանման տեմպի»,- նշեց բանախոսը:
Լրագրողի այն հարցին, թե նախատեսված 7.1% տնտեսական աճը ո՞ր ոլորտների հաշվին է ապահովվելու, Գ.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունենք բավականին լուրջ խնդիր մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով: Եթե մինչև ճգնաժամ տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվը շինարարությունն էր, ապա ակնհայտ դարձավ, որ այդպիսի կառուցվածքի տնտեսությունը չափազանց խոցելի է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում և արտահանման միտված, դրսում վաճառվելու ունակ ապրանք արտադրող տնտեսություն է, որ համեմատաբար ավելի թույլ է այդ բացասական զարգացումներից, այդ տեսակետից մեր տնտեսական աճի հիմնական բաղադրիչը արդյունաբերությունն է և գյուղատնտեսությունն է, որոնք այս տարի ունեն շուրջ երկնիշ տնտեսական աճ»:
Հարցին, թե որքա՞ն է կազմում արդյունաբերության տեսակարար կշիռը տնտեսական աճի ցուցանիշում, բանախոսը պատասխանեց. «Տարվա վերջին կդժվարանամ ասել՝ որքան կկազմի այդ ցուցանիշը, սակայն նախատեսում ենք, որ կլինի աճ՝ երկնիշ աճ»: