«ՕԵԿ» գրված է բոլոր կուսակցությունների ճակատին
Մինչ բոլոր կուսակցություններն աստիճանաբար, ասուլիս առ ասուլիս բացում են իրենց խաղաթղթերը, ԲՀԿ-ն դեռևս նախընտրում է գործել ինկոգնիտո: Փոխարենը` ՀԱԿ-ն է բացահայտում իր ակնկալիքները, մասնավորապես` ԲՀԿ-ից:
Ինչպես երեկ իր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` դեռևս օգոստոսին է ՀԱԿ-ը որոշում ընդունել` համագործակցել ԲՀԿ-ի հետ: Յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է` որոշել` ինչպիսի՞ մարտավարություն ընտրել: Այնպես որ, որքան էլ ընտրողներին ավելի հասկանալի լինի ԱԺ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը` երեք «ոչ»-երի տեսքով, համագործակցության խնդիրը ՀԱԿ-ի օրակարգում է:
Եվ մարդկայնորեն հասկանալի է Արամ Մանուկյանի ջանքը` արդարացնել ՀԱԿ-ի որոշումը: Անգամ հիմնավորել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ի վրա չի ընկնում Մարտի 1-ի պատասխանատվությունը, երբ ոչ վաղ անցյալում Մարտի 1-ի համար կոալիցիոն բոլոր ուժերի պատասխանատվության հարցը ՀԱԿ հանրահավաքների առանցքն էր: Հանրահավաքների մարդաշատության երաշխիքը:
Սակայն, կարծում եմ, այս ասուլիսի ամենաուշագրավ միտքը հետևյալն էր` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ: Բացառությամբ` ՕԵԿ-ի: Հիմնավորում. «Օրինաց Երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի «խայտառակությունն է»:
Այսինքն` ՕԵԿ-ի բարոյականությունը ՀԱԿ-ի համար անընդունելի է: Եվ ոչ մի կոմպրոմիս:
2008-ի նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ն ավտոմատ դադարեց համարվել հեղինակավոր կուսակցություն: Հիմա այն անգամ` որպես առանձին, ինքնուրույն կուսակցություն, չի էլ ընկալվում: Եվ դրանից, ինչպես տեսնում ենք, վատ չի զգում:
Սահեցրեք ձեր մատը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով և կհանդիպեք ինքնասիրության բարդույթ չունեցող նման այլ կուսակցությունների: ԱԺ-ում, մարդաշատ այլ վայրերում երևալուց այդ կուսակցությունների առաջնորդներն ամենևին չեն շառագունում:
2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո ՕԵԿ-ի և մյուս կուսակցությունների «բարոյական» կոնտրաստը խիստ մեծացավ: Ամեն դեպքում, չէր եղել նախադեպ, որ որևէ կուսակցության «դավանափոխությունից» հետո տասը զոհ լիներ: ՕԵԿ-ի քայլը` մեկ գիշերում ընդդիմադիրից դառնալ իշխանություն, հնարավոր չէր հասկանալ ոչ մի տրամաբանությամբ:
Սակայն հարցրեք Արթուր Բաղդասարյանին, և նա հիմնավոր կներկայացնի իր քայլի անհրաժեշտությունը: Պարոն Բաղդասարյանը բազմիցս նշել է, որ այդ ժամանակ իր կուսակցության ընդունած քաղաքական որոշումը միակ խոհեմն էր: Դրա արդյունքում հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բախումներից և արտաքին ագրեսիայից:
Նման հիմնավորումից հետո դժվար է նրան «դավաճան» կամ «ՀՀ քաղաքական դաշտի խայտառակություն» անվանելը: Սակայն անվանում են, քանի որ այս խոսքերի թիկունքը դատարկ է:
Ի դեպ, ՕԵԿ-ի ոչ այնքան պատվաբեր այդ քայլը չխանգարեց, որպեսզի մարտի մեկից հետո, կարճ ժամանակ անց, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասին կոալիցիա կազմեն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն: Ստիպողաբա՞ր է ԲՀԿ-ն դաշինք կազմել իշխող կուսակցության և «ՀՀ քաղաքական դաշտի խայտառակություն» համարվող կուսակցության հետ: Դժվար: Հակառակ դեպքում` խորհրդարանական ընտրություններից հետո իրեն թույլ չէր տա հրաժարվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ ` վաղուց ծանոթ կոալիցիա մտնելուց:
Այսօր ՀԱԿ-ում գնահատում են ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումը` կոալիցիա չկազմել իշխանությունների հետ, հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, թող որ ո՛չ կուսակցության առաջնորդի շուրթերով: Կրկնենք` յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր մարտավարությունը` գործել բացահայտ կամ կոնսպիրացված:
Ինչպես Արթուր Բաղդասարյանն էր հիմնավորում Մարտի մեկից հետո իր կուսակցության որոշման խոհեմությունը, այնպես էլ կարող է Արամ Մանուկյանը հիմնավորել, թե ինչու նույն Մարտի մեկից հետո ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, երկխոսության առաջարկ-խնդրանքով դիմեց Սերժ Սարգսյանին: Առավել ևս, եթե իր առաջնային խնդիրը հենց վերջինիցս ազատվելն է` անգամ ԲՀԿ-ի հետ դաշինքի գնով: Եվ ինչո՞ւ ժամանակին, հանուն Սերժ Սարգսյանից ազատվելու, դաշինք չկազմեց «Ժառանգության» հետ: Այդ դաշինքը` ի տարբերություն ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր մերձեցման, անպատճառ կաշխատեր և կծառայեր իր նպատակին:
Մեր քաղաքական դաշտի խնդիրն ամենևին ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի միավորման անտրամաբանականությունը չէ: Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ մեր բոլոր կուսակցությունների ճակատին գրված է նույն հապավումը` ՕԵԿ: Սակայն, ինչպես լավագույնս ցույց տվեց նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ճակատիդ կարող է գրված լինել ՕԵԿ, սակայն դա չի խանգարում հանդես գալ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, անգամ ՀԱԿ-ի անունից:
ՕԵԿ-ն անդառնալիորեն վարկաբեկված կուսակցություն է: Եվ թող առաջինն այդ կուսակցության վրա քար նետի այն քաղաքական գործիչը, ում ներկայացրած կուսակցության գործողությունները` արդյունքի առումով, տարբերվում են ՕԵԿ-ի գործողություններից:
Ինչպես տեսնում ենք, ՕԵԿ-ը ողջ ու առողջ է: Իսկ ընտրողների համար գործող իշխանություններից ազատվելու տարբերակները ժամանակի հետ փոքրանում են: Եթե ՀԱԿ-ը նախընտրում է ԲՀԿ-ի համար դառնալ այն, ինչ ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի համար, ընտրողներին մնում է ոչ թե ընտրողի, այլ հանդիսատեսի դերը` տեսնել` մինչև ո՞ւր կարող է հասնել քաղաքական գործիչների տրանսֆորմացիան: Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է իր հայտնի խորհրդակցություններն ու ժպտում…