«Ես իմ սերը տվել եմ թղթին». Սեդա Ստեփանյան
2009թ. արձակ ժանրում ստեղծագործող Սեդա Ստեփանյանի աշխատանքները վաղուց արդեն հայտնի են ֆեյսբուքահայությանը: «Ես ստեղծագործում եմ 16 տարեկանից բարձր բոլոր անհատների համար: Ընթերցողին անմնացորդ տալիս եմ իմ բոլոր զգացմունքները, շատ անկեղծ եմ գրում, փորձում եմ հնարավորինս մոտ լինել իրականությանը, չնայած մեկ-մեկ վախենում եմ, որ ընթերցողները կարող են իրական կյանքում ճանաչել հերոսներին և շատ բաներ իմանալ նրանց մասին: Ընթերցողին տեղեկություն եմ տալիս, թե այս կամ այն իրավիճակում մարդն ի՞նչ կարող է զգալ, նրանց խոսքերն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ: Իմ պիեսներից մեկում` «Ստրիպտիզում» ես բացահայտում եմ մանկության այն դեպքերը, որոնք հերոսուհու հետագա կյանքի վրա մեծ հետք են թողել»,- ասում է Սեդա Ստեփանյանը: Հեղինակի վերջին ստեղծագործություններից է «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը, որը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: Իրական դեպքերի վրա հիմնված ռադիոպիեսը պատմում է Սեդայի ապրումների, զգացողությունների և հիասթափությունների մասին:
– Ունեի՞ր նախապես գրված աշխատանք, թե՞ մրցույթից առաջ ես գրել պատմվածքը, հենց մրցույթի համար:
– Այս տարի հունվարին գնացել էի Լեռնային Ղարաբաղ, և այնտեղից ստացած տպավորություններով մի փոքրիկ պատմվածք էի գրել: Որոշակի հատվածներ պիեսում օգտագործել եմ այդ պատմվածքից: Պատմվածքը կոչվում է «Լուցկի չկար»: Այն կարելի է ճամփորդական նոթ համարել, քանի որ այնտեղ գրեթե տառացիորեն նկարագրել եմ Ղարաբաղի Մարտունու շրջանում անցկացրած իմ հունվարյան հինգ օրերը:
– Ինչո՞ւ հենց այդ վերնագիրը: Ինչո՞ւ էր արևը լկտիաբար շողում քո աչքերում:
– Արևը շարունակում էր շողալ, չնայած այն բոլոր դժբախտություններին , որ պատահում են հերոսների կյանքում: Մեջբերեմ պիեսից հատված. «Փախել էիր էլի: Չէ, ինձանից չէ, պատերազմից էիր փախել: Ծլկել էիր, էլի: Վախկոտի մեկն ես, չնայած երբեք չէի ուզի, որ… Էդ մտքից մարմնովս սարսուռ անցավ, ներիր: Բարի ճանապարհ պիտի ասեի: Տուն եկա, գլուխս վերմակի տակ թաքցրեցի ու քնեցի, որ մոռանամ: Առավոտյան գլուխս վերմակի տակից հանեցի ու բարկացա, ջղայնացա, խելագարվեցի: Արևն առաջվա պես շողում էր, ինչ իրավունքով էր շողում` առանց քեզ: Ո՞ւմ էր պետք նրա լույսն ու ջերմությունը: Էնպիսի լկտիությամբ էր շողում, կարծես երեկ ոչինչ չէր եղել, կարծես հենց էդպես էլ պիտի լիներ»:
– Ի՞նչ էիր զգում, երբ վերարտադրում էիր Ղարաբաղում տեսածդ:
– Գրելիս ես ամեն տողն ապրել եմ: Քայլել եմ այն տեղերով, որոնք նկարագրել եմ, ճանաչել եմ իմ հերոսներին իրական կյանքում: Իսկ երբ հերոսին սպանեցի ստեղծագործության մեջ՝ լաց եղա, քանի որ նրան շատ սիրեցի, բայց այլ ելք չկար: Այն մարդիկ, ում կերպարներով հերոսներիս կերտել եմ, ապրում են իմ կողքին և չգիտեն այդ մասին
– Այսինքն` քո շրջապատի մարդիկ, կամա թե ակամա, «խաղացել են» քո պիեսներում:
– Իմ բոլոր ստեղծագործությունները հիմնված են միայն իրական մարդկանց և իրական դեպքերի վրա: Նույնիսկ իմ գլխավոր հերոսին` Շ-ին, մինչև պիեսը գրելն առաջարկել էի հարցազրույց անել՝ նրա մասին ավելի խորը պատկերացում կազմելու համար, սակայն որոշ հանգամանքներից ելնելով՝ նա մերժեց առաջարկս: Պիեսում խաղում են իմ սիրելի մարդիկ, ում հետ հիմա կամ շփվում եմ, կամ չեմ շփվում:
– Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ պիեսը նվիրել ես մեկին, ում հետո այլևս չես անդրադառնա: Ո՞վ էր այդ մարդը: Ինչո՞ւ այլևս նրան չես անդրադառնա:
– Ոչ թե չեմ անդրադառնա, այլ բախտ չեմ ունենա նրան տեսնելու: Ես այսօր մեկնում եմ Պրահա, և կյանքն այնպես է դասավորվել, որ մեր հանդիպումն անհնար է:
– Դու սիրում ես նրան:
– Ես իմ սերը տվել եմ թղթին:
– Ինչո՞ւ ես մեկնում Պրահա:
– «Ազատություն» ռադիոկայանում պրակտիկա անցնելու համար: Ամռանը ինտերնետով մրցույթ էր հայտարարվել, և ես դիմել էի, ու fellowship եմ շահել ինն ամսով:
– Դեկտեմբերին Երևանի պետական Կամերային թատրոնում պետք է քո հեղինակած պիեսը բեմադրվի: Ինչո՞ւ հենց «Ստրիպտիզ»:
– «Իմ խոզուկն ո՞ւր ա,- հարցրեցի:
Ո՞նց թե ուր ա,- ասացին ինձ,- սեղանի՜ն:
– Սեղանի՞ն:
Չհասկացա, չընկալեցի նրանց ասածը, վազեցի հյուրասենյակ, նայեցի սեղանին ու հենց այդ պահին ամբողջ հոգով ու մարմնով հասկացա «դաժանություն» բառի իմաստն ու նշանակությունը: Իմ միակ ընկերոջը, միակ շնչավոր էակին, ով շփվում էր ինձ հետ, մորթել, եփել էին ու սեղանին էին դրել: Մի օր ինձ էլ կմորթեին, կեփեին ու սեղանին կդնեին, հա՞»,- սա մի հատված է իմ այդ պիեսից:
Ստրիպտիզը պարուհու մասին է, ով մերկանում է ամեն օր բոլորի առաջ, սակայն իր հոգին միշտ փակ է պահում մարդկանց համար: Նա պտտվում է կյանքի տարբեր ճանապարհներով ու էլի նույն կետին է գալիս` մենակությանը:
– Ճիշտն ասած, երբ առաջին անգամ կարդացի քո «Ստրիպտիզ» պիեսը, մտածում էի, որ դա ուղղակի նոթ է, որը գրվել է հենց պարուհու կողմից:
– Չէ, ես պարուհի չեմ, հազվադեպ առնչվել եմ բեմի հետ, նախորդ երկու տարիները դասական վոկալով եմ զբաղվել: Իսկ դպրոցական տարիներին դաշնամուր եմ նվագել:
– Հերոսուհիդ իրակա՞ն է:
– Հերոսուհին կա, ապրում է, բայց չեմ կարող ասել` թե ո՞վ է:
– Ինչպե՞ս որոշվեց, որ հենց «Ստրիպտիզ» պիեսը պետք է բեմականացվի:
– Այս տարի OSI (Բաց հասարակության հիմնադրամից) գրանտ շահեցի ներկայացումը բեմադրելու համար և դիմեցի Կամերային թատրոնին, և Լուսինե Երնջակյանը՝ հավանելով պիեսը, ինձ օգնելու պատրաստակամություն հայտնեց և ծանոթացրեց ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ: Նրա «Ես կորցրել եմ ձայնս» ներկայացումը «Արմմոնո» փառատոնի ժամանակ տեսել էի և շատ էի հավանել: Արդեն սկսվել են աշխատանքները, դեկտեմբերին, կարծում եմ, աշխատանքը պատրաստ կլինի: