Առաջնորդվելով օրենքներով և կարգերով` կորցնում ենք երիտասարդին
Երեկ մեր թերթի խմբագրություն էր եկել Էրեբունի վարչական տարածքում գտնվող Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեի բնակչուհի Գալյա Արզումանյանը՝ որդու՝
Շամիր Արզումանյանի հետ:
Բանն այն է, որ Գ. Արզումանյանն, արդեն տևական ժամանակ է` որդու առողջական ծանր խնդիրների համար թակում է ինչպես` առողջապահական տարբեր հաստատությունների, այնպես էլ՝ Առողջապահության նախարարության դռները, սակայն դրական պատասխանի կամ որևէ մարդասիրական վերաբերմունքի չի արժանանում:
19-ամյա Շամիր Արզումանյանը երեք տարի ժամկետով ազատված է զինվորական ծառայությունից՝ նյարդային համակարգի հետ կապված, ինչպես նաև` անոթային ծանր հիվանդության խնդիրների պատճառով: Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառման մեջ գտնվող այս երիտասարդին բանակ զորակոչելու համար պարտադիր բուժզննումն անցկացնելիս` հայտնաբերել են անոթային ծանր հիվանդություն, և անհրաժեշտ է անհապաղ վիրահատել:
Մայրը՝ տիկին Գալյան, ասում է. «Ոտքերի երակներն այնքան են լայնացել, որ գնդերի պես կախվել են: Ուր դիմում ենք` ասում են՝ չի կարելի էսպես թողնել, շտապ վիրահատություն է պետք: Հիմա արդեն սրտին ա խփում, դրանից բացի՝ հազարումի խնդիրներ են առաջանում: Մասնագետներն ասում են, որ չի կարելի հետաձգել, քանի որ այդ թրոմբների պայթելու վտանգ կա: Ճիշտն ասած՝ երկու տարի առաջ զինկոմիսարիատում հայտնաբերեցին և ասացին, որ պարտադիր պիտի բուժվի, էսպես չթողնեք: Մեր ֆինանսական դրությունը շատ վատ է, դրա համար էս ընթացքում նույնիսկ չենք կարողացել այդ թանկ արժողությամբ ռենտգեն ստուգումները կատարել, բայց հիմա շատ վատ է տղաս, չի կարողանում քայլել, շատ ցավեր ունի, ու, եթե անգամ ոտքին նայեք՝ կտեսնեք, որ պայթելու վտանգ կա»:
Մայր ու որդի Արզումանյանները, տևական ժամանակ է` բուժհաստատություններում փորձում են մասնագետների հետ «լեզու» գտնել, սակայն այն գումարը, որը պահանջվում է վիրահատության համար` սոցիալապես անապահով այս ընտանիքի համար աստղաբաշխական թիվ է: ««Էրեբունի» հիվանդանոցում բոլոր ստուգումներն անցնելուց հետո Շ. Արզումանյանին ախտորոշել են հետևյալ հիվանդությունը՝ «Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն ՄԵԵ-ի համակարգով»: Այնուհետև տեղեկացրել են, որ վիրահատությունն արժե 600.000 դրամ, ինչը նաև արձանագրված է եղել բուժհաստատության պատի ցուցանակում:
Այնուհետև հոկտեմբերի 29-ին գնացել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ նույն բանն են ասել՝ վիրահատությունն արժե 600.000 դրամ, իսկ պետպատվերի շրջանակներում՝ 300.000 դրամ: Գ. Արզումանյանը փախստականի կարգավիճակով երեք երեխաների մայր է, ով հիպերտոնիկ հիվանդության համար հաշմանդամության կարգ ունի, և այդ թոշակով էլ ապրում են: Մենք այցելեցինք այն հանրակացարանը, որտեղ բնակվում են Արզումանյանները: Այս ընտանիքն իսկապես սոցիալապես անապահով է:
«Ամուսինս մեկ տարի առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որի մասին այս մեկ տարվա ընթացքում լուր չենք ստացել: Նախկինում ապրում էինք աղքատության 24.000 դրամ նպաստով, բայց, քանի որ երեխաներից երկուսը դարձան չափահաս, մեկ տարի է, ինչ դրանից էլ են զրկել: Ես մեկ ամիս առաջ հավաքարար էի աշխատում, բայց այլևս չկարողացա, որովհետև իմ հիվանդությունը թույլ չի տալիս, վատանում էի: Հասկանո՞ւմ եք, տղայիս կյանքի հարցն է, ու ես ոչինչ անել չեմ կարողանում:
600.000 դրամը մեզ համար անհնարին գումար է: Եթե անգամ մի քանի տարի աշխատենք` չենք կարող հավաքել, իսկ տղաս ցավերին չի դիմանում, ոտքերից գնդերը կախվել են»,- հուզված պատմում է Գ. Արզումանյանը՝ հավելելով, որ օրեր առաջ դիմել է Առողջապահության նախարարություն և նամակ է փոխանցել նախարարին:
Գ. Արզումանյանը նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված իր դիմումում նկարագրել է իր ընտանիքի ծանր վիճակը, և որդու հիվանդության բոլոր փաստաթղթերը ներկայացնելով` խնդրել է օգնել իրենց:
«Նախարարության առաջին հարկից մեզ ասացին, որ հիվանդանոցից տեղեկանք բերենք, ըստ որի՝ վիրահատություն է անհրաժեշտ: Դա էլ տարանք, փախստականի մեր թուղթն էլ, ամեն ինչ: Երեկ գնացինք, տեղեկացրեցին, որ նախարարը մերժել է: Ասացին՝ կամ պիտի հաշմանդամության կարգ ունենաք, կամ «Փարոսի» անդամ լինեք, որ գոնե պետպատվերի ուղեգիր տանք: Պետպատվերի ուղեգրով էլ վիրահատությունն արժե 300.000 դրամ»,- պատմում է տիկին Գալյան, ով ստիպված դիմել է խմբագրություն՝ խնդրելով ինչ-որ կերպ աջակցել իրենց: Նա մեզ խնդրում էր գոնե թերթի միջոցով Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին տեղեկացնել, որ խոսքը 19 տարեկան մի երիտասարդի մասին է, որը վիրահատության փող չունի, և որի կյանքին վտանգ է սպառնում:
Այն, որ Առողջապահության նախարարությունն առաջնորդվել է ՀՀ օրենքով և պետպատվերի համար հաստատված կարգերով` անվիճելի է, սակայն նման դեպքում, հավանաբար, արժե, որ մեր պետական այրերը հիշեն Սահմանադրության այն կետը, որտեղ մարդը բարձրագույն արժեք է համարվում: Այս երիտասարդը բժշկական օգնության կարիք ունի, ու մենք նրան կարող ենք կորցնել ընդամենը մի պատճառաբանությամբ՝ առաջնորդվել են օրենքով ու կարգերով: