Հասմիկ Պողոսյանի համար հուշաքարը բեկո՞ր է
Այսօր ԱԺ-ում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բավական վրդովվել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից: Բանն այն է, որ պատգամավորը հետաքրքրվել էր Հ. Պողոսյանից, թե ՀՀ մարզերից հուշարձաններ Երևան տեղափոխելու դեպքում ինչո՞ւ չեն քննարկել մարզերի բնակիչների հետ: «Փոխանակ Մշակույթի նախարարությունը քայլեր ձեռնարկի՝ մարզերում պահի-պահպանի, բերում են Երևան, որպեսզի տուրիստը չգնա մարզեր»,- նկատեց Է. Մարուքյանը: Սակայն նրան ընդհատեց քննարկումը վարող Գագիկ Մինասյանը՝ ասելով, թե պատգամավորը «թող հարցերը գրավոր ներկայացնի` կպատասխանեն»:
Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքից հուշարձանները տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ, ըստ նախարար Պողոսյանի` կվերականգնվեն և հետ կուղարկվեն մարզեր:
Հ. Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տնօրենի հետ հանդիպեք, թող ինքը ցույց տա, թե դրանք ի՞նչ վիճակում են գտնվում: Ես չեմ ուզում բարձրաձայն որևէ մեկի հասցեին մեղադրանքներ ասել, բայց Մշակույթի նախարարությունը պարտավոր է դա անել: Այդ ձևաչափը ես չեմ ընդունում, որովհետև յուրաքանչյուր անհատ պարտավոր է մտածել իր ժառանգության մասին: Ուրեմն՝ սա արդեն դարձել է բնականոն մի իրավիճակ, երբ ցանկացած շարժում, որ մենք անում ենք հուշարձանի բարեկարգելու վերաբերյալ, սկսում են տարբեր բաներ հնչել՝ սա իմն ա, իմն ա, սա մյուսն ա, մյուսն ա»:
Նախարարի ասելով՝ դրանք ոչ թե հուշարձաններ են, այլ բեկորներ: Հարցին` չէ՞ որ հենց այդ հուշարձանների համար է զբոսաշրջիկը գնում Դսեղ, նախարարը պատասխանեց. «Գիտեք, Դսեղ գնացողը չի գնում միայն էդ մի քարը նայելու՝ մի քանի բան, և եթե էդպիսի խնդիր մենք ունենք, կարծում եմ՝ կարելի է սենց մի տախտակ ամրացնել, որ՝ այստեղ գտնվող հուշաքարը գտնվում է Երևանում»:
Հարցին էլ, թե այդ քայլով նկատվո՞ւմ է Երևանը քաղաք-պետություն դարձնելու միտում, Հ. Պողոսյանը պատասխանեց. «Էդպես չի: Որևէ մեկը գիտի՞ Երկրագիտական թանգարանների տեղը: Եթե Մոմիկի խաչքարերը մենք պահում ենք հենց Վայոց Ձորի մարզում, և այլն, այսինքն՝ ի՞նչ ձևով ա դա… բայց մայր թանգարանը` մայր թանգարան ա»:
Դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է մարզերի հավասարաչափ զարգացմանը, Հ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Հետո՞… Մենք իրենց վերադարձնելու ենք լավ որակով վերականգնած»:
Իսկ հարցին, թե youtube-ում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ տեղափոխող խաչքարերից մեկն ընկել էր գետնին, նախարարը հերքեց՝ հետաքրքրվելով. «Ո՚՞ր խաչքարի մասին ա խոսքը: Ես ձեզ խնդրում եմ կոնկրետ այդ խաչքարի անունը տվեք, մարզի անունը տվեք»: Այնուհետ Հ. Պողոսյանը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել թանգարանի տնօրենին` ասելով. «Ես ձեզ ասեմ, որ հատիկ-հատիկ հանվում են իրենք, փաթեթավորվում են, այսինքն` բոլոր կանոններով իրենք տեղափոխվում են, այսինքն՝ ոստիկանության ուղեկցությամբ իրենք բերվում են Երևան»: