Ոչ թե ԲՀԿ-ն է լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, այլ` Ռուսաստանը
Այսօր ասուլիսում լրագրողներից մեկի հարցին, թե` Ձեր տպավորությամբ` ինչի՞ է ուզում հասնել Գագիկ Ծառուկյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի վերջին նիստից հետո պահպանելով խորհրդավոր լռությունը, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց.
«Ես բազմիցս ասել եմ, որ ԲՀԿ-ն չէ լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, ավելին` այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում. որոշումները կայացվում են հյուսիսում և փոխանցվում են ԲՀԿ-ին: Ինչ վերաբերում է Ձեր ասած նիստին, որը կարծեմ երեք ժամ տևեց, ապա, ինչո՞ւ ոչ, հնարավոր է` փորձ են անում տպավություն ստեղծել, որ իրենք իրենց քաղխորհրդով են որոշումներ կայացնում: Չեմ բացառում նաև այդ տարբերակը»:
Իսկ հարցին, թե Ռուսաստանն իր որոշումն արդեն վաղուց չպե՞տք է կայացրած լիներ, Դ.Շահնազարյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից որոշումը դեռևս կայացված չէ: Ինչպես արդեն ասացի, դա կախված կլինի նրանից, թե ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ՀՀ իշխանությունների հետ կամ արդյոք ձեռք կբերվե՞ն, թե՞ ոչ: Կարծում եմ`թե´ Հայաստանի իշխանությունները, թե´ ոչ քաղաքական համակարգը շատ է թերագնահատում Հայաստանի կարևորությունը Ռուսաստանի համար հատկապես այս ժամանակահատվածում, և եթե տեսնում եք` մրցակցություն է սկսվել քաղաքական համակարգում, թե ո՞վ է ավելի պատրաստ զիջելու Հայաստանի անկախությունից` ի շահ Կրեմլի կողմից բարեհաճ վերաբերմունքին»: