«Ռուսաստանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել գործադիր իշխանության լծակները և մաս կազմել Եվրասիական միությանը»

«Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը նախագահական ընտրություների շեմին աննախադեպ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Ի՞նչ կա արտաքուստ. Հայաստանի քաղաքական համակարգն, ըստ էության, երկբևեռանի է. մի կողմից` իշխանությունը` որպես քրեաօլիգարխիկ համակարգ, և մյուս կողմից` ԲՀԿ-ն` նույնպես որպես քրեաօլիգարխիկ համակարգ: Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված այս իրավիճակը, երբ, ըստ էության, փորձ է արվում հաստատել այսպիսի երկկուսակցական քաղաքական համակարգ, կարծես թե որևէ այլ հնարավորություն չի թողնում, որովհետև այս իրավիճակում երկու կողմերն էլ ձգտում են բոլոր մյուս քաղաքական ուժերին մարգինալացնել»:

Դավիթ Շահնազարյանi խորին համոզմամբ` Հայաստանի քաղաքացիական հասարակությունը որևէ քաղաքական ընտրություն չունի, և այս երկու կողմերն էլ չեն կարող ստանալ որևէ դրական վերաբերմունք քաղաքացիական հասարակության կողմից:

Նա նաև ավելացրեց, որ քաղաքացիական հասարակությունը բավական անտարբեր է առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ. «Այսինքն` ըստ էության, սպասվում է ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն»:

Կարդացեք նաև

«Իշխանությունը հստակ ապացուցել է, որ որևէ փոփոխություն, որևէ բարեփոխում չի պատրաստվում անել, քանի որ էությամբ քրեաօլիգարխիկ է: Անընդհատ խոստումներ ինչպես հասարակությանը, այնպես էլ` Եվրամիությանը և եվրոպական կառույցներին, արդյունքում` ոչինչ: Այսինքն` իշխանությունն առայժմ շարունակում է ասել. «ինչ-որ բան կանեմ», և երբեք չի ասում. «այս ինչ բանը արեցի»: Այս ձևով իշխանությունները բացառում են որևէ էվոլուցիոն զարգացում»,- ասաց նա:

Իսկ մյուս բևեռը` ԲՀԿ-ն, ըստ Դ.Շահնազարյանի, ընդհանրապես ոչ միայն ոչինչ չի անում, այլ որևէ նման առաջարկներով հանդես չի գալիս:

«Իրականում, երկրորդ այդ բևեռը` ԲՀԿ-ն` իր արբանյակներով կամ առանց արբանյակների, իրենից ներկայացնում է այն պահանջները, որն այսօր Ռուսաստանն է ներկայացնում Հայաստանի իշխանություններին: Որո՞նք են այդ պահանջները. քաղաքական իմաստով անվերապահ պահանջն է, որ Հայաստանը մաս կազմի Եվրասիական միությանը, և երկրորդ պահանջը` Ռուսաստանին հանձնվի գործադիր իշխանության կարևորագույն լծակների տնօրինումը: Սրանով Ռուսաստանը պահանջում է, որ իր վերահսկողության տակ լինի Հայաստանի հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ »,- նշեց նա:

Իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, «շատ հստակ ուղերձ ուղարկեցին Մոսկվային, որ պատրաստ են ընդունելու քաղաքական պահանջները, բայց ոչ գործադիր իշխանության լծակների հանձնումը Ռուսաստանի, որովհետև դրա հետևանքով, պարզ է, որ Սերժ Սարգսյանը կդառնար արարողակարգային նախագահ»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այդ ուղերձը ՀԱՊԿ-ի արձանագրությունն էր, որը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ում, դրա արդյուքներն այնպիսին են, որ ՀՀ քաղաքացին կարող է միայն ամաչել:

«Բայց Մոսկվան պատասխանեց, որ բավարարված չէ այդ ուղերձով: Ոչ այնհայտ լրագրողների կողմից եղան հրապարակումներ. առաջին հերթին ես նկատի ունեմ մեկնաբան Միխայիլ Լեոնտևի հրապարակումը, որն, ըստ էության, վարկաբեկիչ է Հայաստանի համար, և դա մարտահրավեր է ՀՀ պետական արժանապատվությանը: Եթե մեր իշխանություններն այդ գիտակցությունն ունենային, ուղղակի կարգելեին այդ սուբյեկտի մուտքը Հայաստան:

Իրավիճակը զարգանում է այդ ուղղությամբ, թե ի՞նչ պայմանավորվածությունների կհասնեն ՀՀ իշխանությունները Մոսկվայի հետ: Իմիջիայլոց, իմ խորին համոզմամբ, Մոսկվան սխալվում է մի հարցում և չի կարողանում հասկանալ, որ այս օլիգարխիկ համակարգ ունեցող իշխանությունը կարող է ունենալ շատ սահմանափակ հարաբերություններ թե´ Եվրամիության, թե´ ՆԱՏՕ-ի հետ»:

Դ.Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգն ի վիճակի չէ ձևավորել Հայաստանի քաղաքական օրակարգը. «Ես լուրջ հույսեր ունեմ, որ այս իրավիճակում Հայաստանի քաղաքական օրակարգը կձևավորվի քաղաքացիական հասարակության կողմից»:


Տեսանյութեր

Լրահոս