«Ժառանգությունն» առաջիկայում կքննարկի նաև Ալեքսանդր Արզումանյանի հարցը

««Ազատ դեմոկրատներ» վարչությունը, եթե հիշում եք, կարծես, ուրիշ հայտարարություն էր արել, ըստ որի՝ իրենք չեն ներկայացնում «Ժառանգությունը»` ֆորմալ առումով մնալով «Ժառանգության» կազմում՝ չեն կրում որևէ պատասխանատվություն»:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությանը, թե` «հենց ես եմ ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը: Խմբակցությունում ներկայացված 5 պատգամավորներն էլ հավասարապես ներկայացնում են խմբակցությունը: Այլ հարց է ներկայացման որակը, դա էլ թող ընտրողը որոշի»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  հայտարարել էր, թե իրենք սպասում են, որ Ալեքսանդր Արզումանյանը կողմնորոշվի և հստակ ասի` ներկայացնո՞ւմ է ինքը «Ժառանգություն» խմբակցությունը, թե՞ ոչ, որից հետո էլ իրենք կհստակեցնեն իրենց դիրքորոշումը նրա նկատմամբ: Այս հայտարարությանն էլ հաջորդել էր Ա. Արզումանյանի վերոնշյալ պատասխանը:

«Ի՞նչ է արել Ալիկ Արզումանյանը` չգիտեմ, բայց մենք առաջիկայում նիստ կունենանք, որի ընթացքում կքննարկենք նաև այս հարցը»,- 168.am-ին ասաց Ռուբեն Հակոբյանը:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե՝ արդյո՞ք հակասություն չի ստեղծվում «Ազատ դեմոկրատների» պաշտոնական հայտարարության և պարոն Արզումանյանի տեսակետի միջև, և ինչպե՞ս է վարվելու «Ժառանգությունն» այս խնդիրը կարգավորելու հարցում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Հակասություններն իր հետ ճշտեք: Եթե վարչությունը հայտարարում է, որ իրենք չեն ներկայացնում «Ժառանգությանը», ուրեմն` դուք իրենցից ճշտեք հակասությունը: Ճիշտ հասցեով դիմեք: Առաջիկայում, ինչպես ասացի, մենք նիստի շրջանակներում կանդրադառնանք նաև այս հարցին»:

 

Տեսանյութեր

Լրահոս