ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունում Հովիկ Աբրահամյանը պաշտպանում է ԲՀԿ-ին

Մինչ Հանրապետական կուսակցության կարկառուն ու ոչ այնքան կարկառուն գործիչները, իրար հերթ չտալով, ԲՀԿ-ին հիշեցնում են 2011 թվականին ստորագրված կոալիցիոն հուշագիրը` հայտարարելով, որ այն այսօր էլ գործում է, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ չի հրաժարվել իր ստորագրությունից, այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, պատասխանել է սեփական կուսակիցներին` որևէ խոսք չասելով կոալիցիոն հուշագրի՝ «ուժի մեջ լինելու» մասին:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուժի մեջ է նախկին կոալիցիայի երեք ուժերի` անցած տարի ստորագրած հուշագիրը, ինչը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Հ. Աբրահամյանն ուղղակիորեն ասել է. «Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ մենք եղել ենք նաև կոալիցիոն գործընկեր նախկինում: Մայիսի 6-ի պառլամենտական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն չունեցավ, որպեսզի մեզ հետ կոալիցիա կազմի։ Մենք այսօր կոալիցիա ենք կազմել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, իսկ «Բարգավաճը» այլընտրանք է։ Իմ ցանկությունն է, որ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որը ընտրվի մեծ տոկոսներով»։

Այլ կերպ ասած, Հ. Աբրահամյանը բոլոր ՀՀԿ-ականներին, այդ թվում` նաև, թերևս, Սերժ Սարգսյանին (առանց որի հանձնարարության կամ գիտության հազիվ թե երիտասարդ ու տարեց ՀՀԿ-ականներն ընկնեին կոալիցիոն հուշերի գիրկը) պատասխանել է` «այս հարցում Ծառուկյանը ճիշտ է»:

Այսինքն` կոալիցիոն հուշագիր դե ֆակտո գոյություն չունի, և դրա մասին հիշեցումներով ԲՀԿ-ին ստիպել սատարել Սերժ Սարգսյանին՝ իմաստ չունի, կամ ճիշտ չէ: Ավելին` ասելով, «Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև սատարի Սերժ Սարգսյանին», Հ. Աբրահամյանը հասկացրել է, որ եթե ԲՀԿ-ն սատարի գործող նախագահին, դա լինելու է ոչ թե կոալիցիոն հուշագրի կամ որևէ այլ բանի արդյունքում, այլ անձամբ իր շնորհիվ: Այսինքն` Հ. Աբրահամյանն, իր սովորության համաձայն, հերթական անգամ փորձել է բարձրացնել իր «քաշը» ներիշխանական առևտրում: Ընդ որում, Հ. Աբրահամյանը կարծես հանդես է եկել ոչ այնքան՝ ՀՀԿ-ի, որքան՝ ԲՀԿ-ի դիրքերից:

Նա ասում է, թե ցանկանում է, որ նաև ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին: Նրա երկրորդ ցանկությունն այն է, որ «ունենանք նախագահ, որն ընտրվի մեծ տոկոսներով»: Տրամաբանությունը հասկանալի է` եթե իմ առաջին ցանկությունը կատարվի, կկատարվի նաև երկրորդ ցանկությունը: Այսինքն` «թողեք ես զբաղվեմ ԲՀԿ-ով», նա կսատարի Ս. Սարգսյանին, վերջինս էլ մեծ տոկոսներ կստանա: Ու որպես տրամաբանական շարունակություն՝ Հ. Աբրահամյանն ասում է.  «Որոշ մարդիկ պատկերացնում են, որ ընտրությունը ավարտվեց` ամեն ինչ ավարտվեց, ես, հակառակը, մտածում եմ, որ եթե մեծ տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթի, ապա ինքը մեծ պարտավորություն ունի ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ»։

Հասկանալի է, որ տվյալ դեպքում «ժողովուրդ», «պետություն» բառերը հերթապահ խոսքեր են, քանի որ ով՝ ով, բայց Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում ընտրություններում հաղթում են ոչ թե ժողովրդի, այլ միանգամայն այլ միավորների աջակցությամբ, որոնց առջև էլ «պարտավորություն» են ստանձնում: Այսինքն` Հ. Աբրահամյանն անուղղակիորեն Ս. Սարգսյանին հասկացնում է, որ ընտրություններից հետո, ԲՀԿ-ի սատարելու դեպքում, վերջինիս նկատմամբ պարտավորություններ է ունենալու: Այլ կերպ ասած, Հ. Աբրահամյանը ԲՀԿ-ի համար Ս. Սարգսյանից հեռակա երաշխիքներ է պահանջում:  Թերևս, «որ հետո իրարից նեղանալ չլնի» տրամաբանությամբ:

Ու պատահական չէ, որ Հ. Աբրահամյանը նախ ԲՀԿ-ին հերթական անգամ որակում է՝ որպես «այլընտրանք», ապա հայտարարում, որ այլընտրանքային թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է:
Մի խոսքով, հեռավոր Չեխիայից Հ. Աբրահամյանի այսօրվա հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական առևտրում միջնորդի կողմից խաղաքարտերը որոշակիորեն բացելու փորձ: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ այդ բանակցություններում Հ. Աբրահամյանն ավելի շատ հանդես է գալիս ԲՀԿ-ի, քան հարազատ կուսակցության շահերի դիրքերից: Հարազատ խնամին, ինչպես հայտնի է, անգամ հարազատ կուսակցությունից թանկ է:

 

Տեսանյութեր

Լրահոս