«Ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին». Հովիկ Աբրահամյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ։
Այս մասին խորհրդարանի խոսնակն ասել է՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է նախկին կոալիցիայի երեք ուժերի` անցած տարի ստորագրած հուշագիրը, ինչը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ մենք եղել ենք նաեւ կոալիցիոն գործընկեր նախկինում,- ասաց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` շարունակելով,- Մայիսի 6-ի պառլամենտական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն չունեցավ, որպեսզի մեզ հետ կոալիցիա կազմի։ Մենք այսօր կոալիցիա ենք կազմել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, իսկ «Բարգավաճը» այլընտրանք է։ Իմ ցանկությունն է, որ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որը ընտրվի մեծ տոկոսներով»։
«Իհարկե, ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեն գցում, բայց չեմ էլ տեսնում»,- ասել է Աբրահամյանը։
Ազգային ժողովի նախագահի կարծիքով` այլընտրանքային թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է, քանի որ, ինչպես Հովիկ Աբրահամյանը ձեւակերպեց, նախագահը փորձելու է անել ամեն ինչ երկիրն առաջ տանելու համար և ունի այդ ցանկությունը, հնարավորությունը, գիտելիքն ու փորձը.
«Մենք էլ պետք է օգնենք, ամեն ինչ անենք, որ փետրվարյան ընտրություններից հետո… Որոշ մարդիկ պատկերացնում են, որ ընտրությունը ավարտվեց` ամեն ինչ ավարտվեց, ես, հակառակը, մտածում եմ, որ եթե մեծ տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթի, ապա ինքը մեծ պարտավորություն ունի ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ։ Ամեն ինչ պետք է անի, որ մեր արտագաղթը կոնկրետ դադարի երկրից, ամեն ինչ պետք է անի, որ մեր հայրենակիցները, ովքեր որ գնացել են աշխատանք որոնելու, վերադառնան, երկրում փորձեն բարգավաճել, զարգանալ, իրենց բիզնեսը ձեւավորել։ Այդ խնդիրները, ես տեսնում եմ, որ կարող է այսօր լուծել միայն Սերժ Սարգսյանը»։
Ազգային ժողովի նախագահն ասել է, թե առայժմ չգիտի՝ ի՞նքն է ղեկավարելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թե՞` ոչ. Հանրապետական կուսակցությունում հարցը դեռ չեն քննարկել։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին պաշտոնական այցով Չեխիայում է, երեքշաբթի օրը Պրահայում Հայաստանի դեսպանատանը նա հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի ևս՝ արդյոք նախօրեին դատախազության հասցեին նախագահի հնչեցրած կոշտ քննադատությանը կարո՞ղ են նաև պաշտոնանկություններ հաջորդել։
«Ինչու չեմ կարծում` միշտ էլ լինելու են հրաժարականներ, և ես ասեմ, որ ինքը շատ լուրջ է դրել այդ հարցերը` բոլոր ոլորտներով,- ասել է Ազգային ժողովի նախագահը` հավելելով,- Նաև մարդկանց դժգոհությունը արդարացի է, մարդիկ դժգոհում են, ոլորտները, օրինակ` առողջապահության ոլորտ, շինարարության ոլորտ… Ո՞նց կարելի է, օրինակ, եթե մի շենքը 700 միլիոն դրամ` մոտ 2 միլիոն դոլար դնում են վերանորոգելու համար, չստուգեն` այդ շենքի հիմքերը կայո՞ւն է, որպեսզի վերանորոգեն շենքը, և այլն»։
«Նման մարդկանց պետք է դատապարտեն իրոք։ Այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի մեջ են, պիտի գնան մեր շարքերից, և դա շատ ճիշտ է, տեղին է, և ես համոզված եմ, որ հետամուտ է լինելու նախագահը, որպեսզի այդ գործընթացները միշտ շարունակական լինեն։ Իրոք ամոթ է։ Թող գնան մարդիկ աշխատեն` ապրեն, բայց գողանալը բյուջեից փողերը, իմ կարծիքով, դա անարդար է»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։