Կովալենկո Շահգալդյանն ինտուիցիայով զգում է, որ Ծառուկյանը չի առաջադրվի
Այսօր ԱԺ-ում մարզպետարաններին հատկացվող բյուջետային քննարկումներին մասնակցելու նպատակով ԱԺ էր եկել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Լրագրողներից մեկի հարցին,թե պարբերաբար լուրեր են շրջանառվում Ձեր հնարավոր պաշտոնանկության մասին, և արդյո՞ք նրան նման վտանգ սպառնում է հիմա, Կ. Շահգալդյանը պատասխանեց. «Ինձ թվում ա՝ Դուք շատ ճիշտ էլ նկատեցիք, որ առաջին անգամը չի, կարծում եմ՝ էսպես էլ շարունակվելու է»:
Իսկ դիտարկմանը, թե ճի՞շտ են այն լուրերը, որ նախագահական ընտություններից առաջ մարզպետների առջև հստակ խնդիր է դրվել՝ ձայներ ապահովել գործող նախագահի համար, Կ. Շահգալդյանը պատասխանեց. «Նախ պիտի իմանաք, որ մարզպետները պաշտոնավարման ժամկետ չունեն: Այսօր դեռ որևէ խնդիր նախագահական ընտրությունների հետ կապված չի քննարկվել: Բնականաբար, Ձեր հարցն էս պահի դրությամբ անիմաստ հարց է, որովհետև ո՞ւր են նախագահական ընտրությունները: Դուք, կարծում եմ, դրանում համոզված եք, որ մեր կուսակցությունն առաջիկա համագումարի ընթացքում առաջարկելու ա որպես նախագահի թեկնածու գործող նախագահ, մեր կուսակցության նախագահ պարոն Սարգսյանի թեկնածությունը: Մարզպետներն էլ մաքսիմումն անելու են, որպեսզի մեր թեկնածուն ունենա առավելություն մնացած բոլոր թեկնածուներից»:
Իսկ հարցին` եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունն` ի՞նչ եք պատրաստվում անել, Կոտայքի մարզի ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ եք այդպես մտածում, վերջինս այսպես պատասխանեց. «Ինտուիցիայով»:
Ըստ Կ. Շահգալդյանի՝ իր «ինտուիցիան» իրեն երբևէ չի խաբել: