
Եվրոպայում գազի գները հասել են առավելագույնի՝ գարնանից ի վեր

Գազի բորսայական գները Եվրոպայում հասել են 400 դոլարի՝ 1000խմ-ի դիմաց։ Դա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա գարնանից հետո։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Հրատարակության տվյալներով, աշխարհամասի հյուսիսային շրջաններում 1000խմ գազը վաճառվում էր 370-380 դոլարով, իսկ Ֆրանսիայում հոկտեմբերի 29-ին նույն ծավալի գազի արժեքը հասավ 397 դոլարի։ Վառելիքն ավելի թանկ արժեցել է այս տարվա հունվարին՝ ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» ժամանակ, և փետրվարին, երբ Եվրոպայում խիստ սառնամանիքներ էին։
Բորսայական գների աճը ձեռնտու է ԵՄ խոշորագույն մատակարարներից մեկին՝ «Գազպրոմին»։ Ճիշտ է, ռուսական մոնոպոլիստը գազը վաճառում է ֆիքսված գներով՝ անկախ բորսայական գներից։ Սակայն, երբ բորսայական գները զգալիորեն ցածր են լինում այդ ֆիքսված գնից, եվրոպական ընկերությունները սկսում են ճնշում գործադրել, որպեսզի «Գազպրոմը» նույնպես իջեցնի գազի գինը։