
Աշխարհում նվազել են գինու արտադրության ծավալները

Գինու համաշխարհային արտադրության ծավալներն այս տարի կրճատվել են 6.1%-ով: Հիմնական պատճառը խաղողի վատ բերքն է։
Ֆրանսիայի գյուղատնտեսական նախարարության կանխատեսումների համաձայն, երկրում գինու արտադրության ծավալները կարող են նվազել 19%-ով: Նմանատիպ անկումը պայմանավորված է որակյալ խաղողի բերքի ծավալների կրճատմամբ: Նախարարությունում նշում են մի շարք կլիմայական գործոններ, որոնք վնաս են հասցրել բերքին: Դրանք են՝ Ֆրանսիայում ցուրտ և չոր ձմեռը, որին անմիջապես հետևեց խոնավ և ցուրտ եղանակ, կարկուտ, և երաշտ՝ ամբողջ ամառվա ընթացքում:
Գինու արտադրության կրճատումը միայն Ֆրանսիայում չի արձանագրվում։ Արգենտինայում գինու արտադրական ծավալները կրճատվել են 24%-ով, Հունգարիայում՝ 32%-ով, Նոր Զելանդիայում՝ 17%: Խաղողի և գինու արտադրության միջազգային կազմակերպությունը գնահատել է, որ աշխարհում գինու արտադրության ծավալները նվազել են՝ 264.2 մլն հեկտոլիտրից հասնելով 248.2 մլն հեկտոլիտրի:
Փորձագետների գնահատականներով, աշխարհը կարող է բախվել ալկոհոլային խմիչքների դեֆիցիտի հետ: Խոսքը գնում է 10 մլն հեկտոլիտր ծավալի կամ 1.3 մլրդ շիշ գինու մասին: