Ֆինանսավորումն ավելացել է եկամտահարկի կիրառման արդյունքում

Այսօր Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել  Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի, այսպես ասած` բաշխվածություններն` ըստ ոլորտների: Նրա փոխանցմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսվել է 7,4 մլրդ դրամ գումար, որը  շուրջ 18%-ով գերազանցում է 2012թ. համանման ցուցանիշը: «Իսկ ավելացումը, որ նշեցի` 18%, պայմանավորված է  նրանով, որ այս համակարգում կային զինծառայողներ, որոնք եկամտահարկ չէին վճարում, և քանի որ հիմա  իրենք եկամտահարկ պետք է վճարեն, պետությունը` որպես գործատու, եկամտահարկի գումարները պլանավորել է և պետք է վճարի նաև աշխատավարձի հետ միասին, որպեսզի մարդկանց ռեալ աշխատավարձի  գծով տարբերություն չառաջանա»,- նշեց Պ. Սաֆարյանը:

ՀՀ ոստիկանությունում էլ բյուջեի ավելացումը կազմել է 5,6մլրդ դրամ (22,2%): Պ. Սաֆարյանի տեղեկացմամբ, այստեղ ևս էական փոփոխությունը պայմանավորված է եկամտահարկի մասին օրենքի պահանջներով:

Եկամտահարկի կիրառումն աճողական ազդեցություն է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման վրա. 14,3մլրդ դրամ, որը 2, 7մլրդ դրամով գերազանցում է 2012թ. մակարդակը: Սակայն ավելացման միակ պատճառը դա չէ։ «Ի տարբերություն Ոստիկանության, նախատեսվել է լրացուցիչ աշխատավարձի ֆոնդի 243մլն դրամ, որը պայմանավորված է գլխավոր և միջին խմբերի ծառայողների, համապատասխանաբար՝ Ոստիկանության աշխատավարձերի խնդրի լուծմամբ, որպեսզի գլխավոր և միջին աշխատողները ստանան այնպիսի աշխատավարձ, ինչպիսին Ոստիկանությունը»,- ասաց Պ. Սաֆարյանը: Իսկ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համար նախատեսվել է 2մլրդ 297մլն դրամ, որը 30 %-ավելի է 2012թ.-ի մակարդակից:

 

Տեսանյութեր

Լրահոս