«Ադիբեկյանը ղալաթ է արել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` խոսելով ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների մասին, կարծիք հայտնեց, թե մի քանի ուժեր, այդ թվում` Հայ հեղափոխական դաշնակցությունը մտադիր չեն ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով:

«Փաստորեն, Հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն հրաժարվում է  նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելուց: Դա Ռուստամյանի (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,- Ա.Ս.) վերջին հայտարարությունն էր, որ ներկա քաղաքական իրավիճակում, երբ իշխանությունը չի ձևավորվում ազատ ընտրությունների միջոցով, այլ ինքն իրեն վերարտադրում է, ի՞նչ իմաստ ունի մասնակցել ընտրություններին. «Հետևաբար մենք չենք մասնակցում, քանի որ ընտրություններն այն միջոցը չեն կամ այն քաղաքական կառույցը չէ, որի միջոցով կարելի է իշխանությունը փոխել…»,- Արմեն Ռուստամյանի խոսքերը մեջբերելով` ասաց Ահարոն Ադիբեկյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հարցին` վերոհիշյալ հայտարարությունը համապատասխանո՞ւմ է  իրականությանը, նախ հարցրեց` «Ադիբեկյանն ո՞վ է», իսկ երբ մենք տեղեկացրինք, որ խոսքը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մասին է, և, ըստ նրա, ՀՅԴ-ն մտադիր չէ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրել, Ա.Վարդանյանն ասաց.  «Ադիբեկյանը ղալաթ է արել, նա ի՞նչ իրավունք ունի Դաշնակցության անունից հայտարարություններ անելու: Արմեն Ռուստամյանը նման բան չի ասել: Հավանաբար ինչ-որ բան սխալ է լսել կամ ճիշտ չի հասկացել»:

Ավելացնենք, որ Ահարոն Ադիբեկյանը, հիմնվելով իր վերոհիշյալ կարծիքի վրա, ասուլիսի ժամանակ նաև դատողություններ արեց, թե ո՞ւմ կարող են անցնել Դաշնակցության ձայները. «ՀՅԴ-ի ձայներն ավելի շուտ կանցնեն «Ժառանգությանը»` Րաֆֆի Հովհաննիսյանին, մասամբ կարող են անցնել «Բարգավաճ Հայաստանին»` շատ փոքր չափով, շատ փոքր կանցնի Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ին կարող է ոչինչ չհասնել, որովհետև այնտեղ այնպիսի օդիոս դեմք է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ժամանակին հալածել է ՀՅԴ-ին որպես քաղաքական ուժ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս