FIDH-ի բաց նամակ ՀՀ նախագահին
FIDH նախագահ Սուեր Բելհասսեն և ՔՀԻ Նախագահ Արման Դանիելյանը բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի պատճենները նրանք փոխանցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Նամակը վերնագրված է` «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերացումը Հայաստանում. խոսքից՝ գործի».
«2012 թվականի մայիսի 10 և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն վերանայեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը: Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի հետ համատեղ, ներկայացրեցին այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիային ներպետական օրենսդրության, գործողությունների և քաղաքականությունների համապատասխանության վերաբերյալ:
Հայկական պատվիրակության հետ երկօրյա կառուցողական երկխոսության արդյունքում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդունեց եզրափակիչ դիտարկումներ, որոնցում լուրջ մտահոգություն էր արտահայտվում մի շարք հարցերի վերաբերյալ: Կոմիտեն հայտարարել է, որ այն «լրջորեն մտահոգված է […] ոստիկանության կողմից ձերբակալված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման շարունակական բազմաթիվ մեղադրանքների առնչությամբ», մասնավորապես քրեական դատավարության շրջանակում խոստովանություն կորզելու նպատակով, ինչպես նաև զինվորական անձնակազմի կողմից կիրառված դեպքերի վերաբերյալ:
Կոմիտեն եզրակացրել է, որ քննությունները և դատական հետապնդումները չեն իրականացվում անհապաղ, անաչառ կամ արդյունավետ, և հետևաբար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում և տուժողներին փոխհատուցում չի տրամադրվում: «Խոշտանգումների» սահմանումը ՀՀ Քրեական օրենսգրքում չի համապատասխանում Կոնվենցիայի 1 և 4-րդ հոդվածներին:
Կոմիտեն նաև նշել է, որ «խոշտանգումների և վատ վերաբերմունքի տուժողները և վկաները բողոք չեն ներկայացնում իշխանություններին` վրեժխնդրության վախի պատճառով». Բացակայում է արդյունավետ մեխանիզմը, որը կհեշտացներ բողոքների ներկայացման գործընթացը և գործնականում կապահովեր, որ բողոք ներկայացնողները պաշտպանված լինեն վատ վերաբերմունքից, ահաբեկումից կամ ճնշումներից, որոնց կարող են ենթարկվել բողոք ներկայացնելու համար:
Մի շարք առաջարկությունների թվում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդգծել է, որ ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի «անհապաղ և արդյունավետ միջոցներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ գործնականում, որպեսզի յուրաքանչյուր ձերբակալված անձ ոստիկանություն բերվելու առաջին իսկ պահից օգտվի բոլոր իրավական երաշխիքներից: Դրանք ներառում են պաշտպան ունենալու, անկախ բժշկական զննություն անցնելու, հարազատներին տեղեկացնելու, իրենց իրավունքների մասին իրազեկվելու և շտապ կարգով դատավորի մոտ ներկայացվելու իրավունքները:
Ի լրումն, որպես հետագա կանխարգելիչ միջոց անհրաժեշտ է ոստիկանության բոլոր բաժանմունքներում և կալանավորվածներին պահելու վայրերում հարցաքննությունների ձայնա- և տեսագրումն ապահովելու համար միջոցներ ձեռնարկել:
Ավելին, ինչպես հիշատակել է Կոմիտեն, միջազգային իրավունքի համաձայն, խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքները երբևէ չպետք է կիրառվեն որպես ապացույց դատավարության ընթացքում: Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն ապահովելու դատարանում ապացույցների ներկայացման վերաբերյալ օրենդրության համապատասխանությունը Կոնվենցիայի 15-րդ հոդվածին, և խոշտանգումների միջոցով ձեռքբերված հայտարարությունները չներկայացվեն իբրև ապացույց որևէ դատավարության ընթացքում:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կիսում են ՄԱԿ-ի Կոմիտեի կողմից արտահայտած մտահոգությունները: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունների կատարման ուղղությամբ:
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատշաճ կերպով սահմանվի, համարժեքորեն կանխարգելվեն խոշտանգումները և վատ վերաբերմունքը ողջ հանրապետությունում և ապահովվի պատասխանատվությունը՝ խոշտանգումների, վատ վերաբերմունքի և ազատությունից զրկված անձանց գտնվելու վայրերում մահվան բոլոր դեպքերի փաստով անհապաղ, լիարժեք և անաչառ քննություն իրականացնելու միջոցով: Ինպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին և հրապարակել հետապնդման նման դեպքերի արդյունքները:
Պրն Նախագահ,
Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ պարտավորությունների կատարման վերանայումը Հայաստանի Հանրապետության համար առիթ է ապացուցելու, որ այն հավատարիմ է իր երկրում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերացմանն ուղղված իր միջազգային պարտավորություններին: ՔՀԻ և FIDH կոչ են անում ՀՀ իշխանություններին օգտագործել այս հնարավորությունը օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու, քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը բարեփոխելու և այլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով օրենսդրությունը և գործնական կիրառությունը միջազգային չափանիշներին»: